
Բնության հավասարումները կախարդական են` դրանք յուրովի են գծում A-ից B տանող ճանապարհները, այստեղ գործում է հաշվարկների այլ համակարգ, որը հասու չէ մաթեմատիկային` նույնիսկ բարձրագույն: Այս հաշվարկներում X-ի և Y-ի հանդիպումն անխուսափելի է` ցանկացած լուծման պարագայում:
Անձրևը, կարծես ճակատագրի ուղեկիցներից լինի, ուր էլ գնալու լինես, այն ունակ է շեղել քեզ և տանել ճակատագրի ուղղությամբ: Անձրևների ժամանակ անմոռանալի հանդիպումների հավանականությունը շատ մեծ է, դա երևի նրանից է, որ անձրևը յուրահատուկ հմայք է հաղորդում բնությանը և մարդկանց: Մարդիկ անձրևի ժամանակ սովորականից մի քիչ ավելի բարի են, մի քիչ ավելի երազկոտ, մի տեսակ անհոգ: Ոչ բոլորի կյանքում են պատահում հանկարծակի անձրևներ, քանի որ շատերը ունեն ամեն ինչ հաշվարկելու անսահման միամտություն: Էդպիսի անձրևների ժամանակ հաճախ է պատահում առերեսվել ինչ-որ հոգեհարազատ մեկին` էնպիսի մեկին, ով վաղուց ապրում էր քո մեջ, ում դու միշտ ճանաչել էս` ճանաչել քո երազանքների տեսքով` այն երազանքների, որոնց միգուցե երբեք չէս հավատացել, բայց մեկ է, թաքնված հույսով սպասել էս դրանց իրականանալուն:
Ագաթը զգում էր անձրևի կաթիլների սառնությունը մարմնի վրա, զգում էր, որ թրջվում է, բայց չէր ուզում պատսպարվել, կարծես նրա մոտ անջատել էին այն բնածին բնազդը, որը դրված է ոչ միայն բանական մարդու, այլ նաև կենդանիների ջղերի մեջ, այն պրիմիտիվ բնազդը, որը ստիպում է փախչել անձրևից: Այդ ժամանակ ինչ-որ մեկը բռնեց նրա թևից և քաշելով տարավ դեպի մոտակա դալանը:
-Հեսա կարկուտ կսկսվի,-թևը թափահարելով և կտրուկ հայացքով նայելով Ագաթին, ասաց անծանոթը, նույնիսկ մի տեսակ առհամարական, ինչպես որ Ագաթին թվաց:
-Իսկ Ձեզ ով էր խնդրել փրկել ինձ,- զայրացած ձայնով ասաց Ագաթը,- ինչու են մարդիկ փրկում, երբ փրկելու կարիք չկա ու մենակ թողնում,երբ պետք է փրկեն,- գրեթե գոռալով ասաց Ագաթը, նա աչքերը կկոցել էր ջրի ծանրությունից,- ինձ չխանգարեք, ես ուզում եմ թրջվել:
Անծանոթը զարմացած նայում էր Ագաթին ու դեռ չէր հասկանում, թե ինչ է խոսում <<էս խփնվածը>>: Ագաթը կանգնել էր անձրևի տակ, կարծես ակնկալելով, որ անձրևը հրաշք կգործի, կարծես մտածելով, որ եթե անձրևի սառնությունը հասնի ոսկորներին` կմեղմացնի հոգու ցավը, իսկ միգուցե նաև կբուժի: Անծանոթը նայում էր այս աղջկան ու տեսնում նրա դեմքին դրոշմված ցավը, նաև մտածում էր, որ անձրևը գեղեցկության փայլ է հաղորդել առաջին հայացքից ոչ այնքան գրավիչ աղջկան:
Անձրևը դառնում էր ավելի հազվադեպ և արդեն հնարավոր էր հասնել մեքենային: Անծանոթը մոտեցավ մեքենային, միացրեց շարժիչը, ուզում էր հեռանալ. <<Ես հիմար կլինեի,-մտածեց նա այդ պահին և քշեց Ագաթի ուղղությամբ,իսկ Ագաթը արդեն սթափված` ժպտում էր ամոթխած ժպիտով>>:
Անծանոթը մոտեցավ Ագաթին և ասաց.
-Նստիր մեքենան քեզ տուն կտանեմ, թրջվեցիր ամբողջությամբ:
-Ինչ եք կպել ինձ, գնացե’ք գրողի ծոցը, փրկիչիս մի տեսեք,- խեթ-խեթ նայելով անծանոթին կասեր Ագաթը, եթե նրա ժպիտի ետևում չնկատեր բարության ցոլքով շողացող աչքերը, որ վատ մարդիկ չեն կարղ ունենալ:
Ագաթը, կարծես ինչ-որ հիպնոսային ազդեցությամբ բացեց մեքենայի դուռը.
-Սա, որ նստատեղը չթրջես, խե’նթ աղջիկ,- ժպտալով ասաց անծանոթը, մեկնելով նրան պոլիէթիլենային տոպրակը:
Ագաթը կարծես սթափվեց, նույնիսկ վախեցավ անծանոթ մարդու մեքենան նստելու մտքից, սակայն արդեն ուշ էր հրաժարվել:
-Իրականում ես շատ զսպված մարդ եմ,- մի տեսակ վախեցած ասաց Ագաթը,- և ինձ հետ անծանոթները Դուք-ով են խոսում, դե~, սովորաբար:
-Դե, հա,-քմծիծաղով ասաց անծանոթը` կարծես չհավատալով:
-Բայց դե, բոլորս էլ մարդիկ ենք ու էս համատարած ձևաչափերի ու կանոնների մեջ երբեմն անհրաժեշտություն էս զգում մի հատիկ ազատության օդի…համ էլ ես մեղավոր չեմ, որ դուք հայտնվեցիք էդտեղ ու…իրականում ես ոչ մի վատ բան չեմ արել:
Անծանոթ երիտասարդը, թեկուզ ինքն էլ չէր զգում, սակայն արդեն հարազատի հայացքով էր նայում Ագաթին, աչքերով մեղմ ժպտում էր, այնպես,ինչպես հարազատ մարդու կժպտար: Անծանոթը ինչ-որ արդարացում փնտրող երանգ զգաց Ագաթի ձայնի մեջ…արդարացում, որը գիտեր, որ արդարանալ պարտավր չէ, բայց նաև ինչ-որ թաքնված ցավ, որը սփոփանք էր որոնում:
-Ես Վանն եմ,- կարծես չիմանալով ինչ ասել, արտաբերեց նա:
-Ագաթ:
_Եթե չլիներ անձրևը, ես Ձեզ չէի հանդիպի ու չէի իմանա, որ մարդկանց պետք չի փրկել, երբ նրանք դա չեն խնդրում,- ասաց Վանը ժպտալվ:
Ագաթը կախեց գլուխը: Վանը շարունակում էր ժպտալ:
-Բայց լավ բան ասեցիք, կարող եք հպարտանալ Ձեզանով:
-Ես չէի ուզում Ձեզ վիրավորել, ներեցեք, եթե իմ խոսքերը Ձեզ նեղացրել են:
-Իրականում ուրախ եմ, որ ծանոթացա Ձեզ հետ, անչափ հաճելի էր:
-Ես արդեն հասա,այստեղ կիջնեմ,- ասաց Ագաթը:
-Իսկ մենք նորից կհանդիպենք:
-Եթե ճակատագիրն ուզի,-ժպտաց Ագաթը և արագ մեքենայից իջավ:
Երբ Ագաթը հեռանում էր,Վանը նայում էր նրա քայլող սիլուէտին ու մտածում, որ սովորական ժամանակ չէր էլ նկատի նրան, իսկ այժմ իր էության ինչ-որ հատիկ տխրում է նրանից բաժանվելու համար ու ուզում է իր մոտ պահել:
***
Հանդիպում 2
Հասնելով տուն, Ագաթը մտածում էր կատարվածի մասին: <<Կան արարքներ, որ չէս կարող բացատրել, նույնիսկ ինքդ քեզ, Աստվա~ծ իմ, ինչ հիմարն ե~մ, ինչ ամոթ է~ր,- լավ!!վերջ>>:
Երեկոները խորհրդավորություն են բերում, իսկ առավոտները մաքրում են բոլոր խորհրդավորություններ ու առեղծվածներ: Հիմա արդեն անցած երեկոյան պատահածը Վանի համար ինչ-որ անիրական թմբիր էր թվում, և նա եկել էր այստեղ, կարծես այդ անիրականի միյակ հավաստիքին գտնելու հույսով: Եվ ահա այդ հավաստիքը կանգնաց է իր տեսադաշտում. փաթաթված սեփական իրականությամբ: Նայում էր նրան ու մտքերը թույլ չէին տալիս շարժվել. կարծում էր, որ Ագաթի իրականությունը իր տաք բաճկոնի նման է, նա, կարծես հաստ վերարկու է հագել, որ պաշտպանվի աշխարհի ցրտից` և’ ուղիղ, և’ փոխաբերական իմաստով: Համենայն դեպս, ինքը նման կերպ էր տեսնում Ագաթին: Ինչու, ինչու երբևէ չէր մտածել ապրել մեկ այլ կերպ` մոռանալ պայմանականությունները, շրջապատող մարդկանց ակնկալիքները, կարծիքները, չէր մտածել հարցնել ինքն իրեն, <<իսկ ինչ եմ ես ուզում>> չէր մտածել, որ այլապես ինքը չէր էլ ապրում:
Թերևս, երևի վերևի ուժերը մեզ անընդհատ նշաններ են ուղարկում, գուցե որպեսզի մենք կարողանանք տեսնել այն, ինչը ոմանց տրված է տեսնել առանց վերևի նշանների:
Վանը գամվել էր տեղում ու չէր շարժվում` խառնիխուռն զգացմուքների կույտը գունդուկծիկ էր դարձել նրա ներսում և նա զգում էր այդ ծանրությունը:
Օրերը ցրտում էին: Ագաթը հագել էր տաք բաճկոնը և տաք գլխակ դրել, ուստի տարբերվում էր իր շուրջը կանգնած այն <<թիթիզ>> կոչված աղջիկներից, ովքեր գեղեցկությանը զոհ գնալով, գերադասում էին ցուցադրել իրենց բարակ իրանը և մի քանի օր էլ գողանալ տաք աշունից` ամբողջ հմայքով երևալու համար: նա այն աղջիկներից չէր, ով կզոհաբերեր իրեն հանուն գեղոցկության, առհասարակ նա զոհաբերություններ չէր սիրում, ինչպես որ չէր սիրում ծայրահեղություններ:
Ագաթը նկատեց Վանի մեքենան, ով հայացքով ինչ-որ մեկին էր փնտրում: <<Երևի ինձ>>,- մտածեց Ագաթը և նրանց հայացքները հանդիպեցին:
Միշտ դժվար է նայել այն մարդու աչքերին, ում հավերժ կնայեիր, եթե վերջինս չնկատեր քեզ, կնայեիր այն հայացքով, որը կմարեր քո սրտի բոլոր կարոտները, քանի որ հանձինս այդ մարդու, դու գտար այն բոլորին, ում կորցրել էս երբևէ և օրհնեցիր գնացողներին, քանի որ եկավ նա: Նման պահերին հարատևության ու կայունության մի զգացողություն է տիրում էությանդ, երազկոտ մի զգացողություն, որին լսելով դու պատրաստ էս հետ բերել բոլոր կորցրած հույսերդ, երազանքներդ ու պատկերացումներդ երջանկության մասին ու կրկին հավատաս դրանց:
Սակայն, մի ինչ-որ անհավատ էություն, որը վախ է ծնում, վանում է քեզ նրանից, քանի որ կյանքիդ փորձերը միայն ավելացրել են կորուստներդ և հենց դրանք են, որ շղարշում են քեզ, շղարշում չարդարացված հույսերի շղարշով ու փախչում է հայացքդ` նայելով ոչ թե դիմացինին,այլ ինքդ քեզ`քո մեջ:
Վանը միացրեց մեքենայի շարժիչը ու առաջ ընթացավ: Նա ավելի ու ավելի էր մեծացնում արագությունը, կարծես փախչում էր ինչ-որ մեկից. <<բայց ումից>>,-մտածեց նա. դանդաղեցրեց:
***
<<Նամակ>>
<<Իմ սիրելի Ագա’թ, ծառուղիներով զարդարված այդ քո քաղաքում, երեկոները միշտ ցուրտ է, ուստի խնդրում եմ, որ տաք հագնվես: Երբեք չմտածես, որ մոռացել եմ քեզ, պարզապես ժամանակս խմորվում է առօրյայի մեջ ու չեմ զգում օրերիս ընթացքը: Չգիտեմ, գուցե դա երջանկությունից է, չէ որ ասում են, որ երջանիկ մարդիկ են, որ չեն զգում ժամանակը: Ընկերուհիս, քույրս, իմ բարի էակ, միշտ հիշիր, երբ ելուզված հեռուներիդ վերջում լույսը դադարի երևալ, իմացի’ր, որ դա պարզապես գիշեր է և ուղղակի համբերիր: Չգիտեմ` ինչու եմ քեզ սա ասում, երևի ներսս ինչ-որ մի բարձրագույն էակ զգում է, որ քեզ պետք են այս խոսքերը, սակայն գիտեմ, որ լավագույն հոգիները երկար են քայլում դեպի երջանկության լույսը, պարզապես նրանց բախտը սովորաբար չի բերում` կենաց ճանապարհին բազում գորշ գայլեր են հանդիպում, որոնք տոգորված են <<կարճ ճանապարհը>> ցույց տալու ձգտումով: Էդպիսի հոգիները հաճախ են մութ քարանձավներում հայտնվում, բայց դու չմտածես, քոպեսները դանթեական սիրտ ունեն, որ հուր-հրում է ու լուսավորում, այդ է պատճառը, որ նույնիսկ ամենամութ անկյունում` նրանք լույսի մեջ են, ինչպիսի քարանձավ էլ լինի` չի կարող նրանց երկար պահել:
Գիտեմ, որ որբ մնացին երազանքներդ, հոգուդ թիթեռային թևերին անգղի չանչեր դիպչեցին, բայց գիտես, ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ թիթեռների հրաշքը միայն մի փոխակերպմամբ չի ավարտվում, ասում են, որ թիթեռի երրորդ փոխակերպումը փերին է, որ գարուն է բերում սառած հոգիներին: Սպասիր նոր թևերի, Ագա’թ:
Ճանաչում եմ հոգիդ, անգի’նս, ու տեսնում եմ, որ այն աստղաճաճանչ է, որ նույնիսկ կյանքի գորշությունը ու մուգ շորերդ չեն դարձնում հոգուդ ծիածաններն անթափանց: Հազարապատիկ գրկում եմ քեզ և համբուրում լուսավորված ճակատդ սիրաբար: Պինդ կաց և անպայման տաք հագնվի, քանի որ ծառուղիներով լի քո քաղաքում առավոտները նույնպես հաճախ ցուրտ են լինում:
Սիրով, քո Գոգա>>:
***
<<Մտորումներ>>
Նամակը կարդալուց հետո երկար ժամանակ Ագաթի հոգին գրկել էր անասելի մի ջերմություն:Պատասխան նամակտ ուղարկելուց հետ, նա երկար մտորում էր, հիշում անցած ժամանակները: Աչքերը ծածկող տխրության շղարշը փարատվել էր: Ագաթը մենակ էր, դեռ երբևէ այսքան մենակ չէր եղել: Կար ժամանակ, երբ օրերն ու գիժերները բավական չէին մի օրվա կատարվածը Գոգային պատմելու համար,իսկ հիմա մի քանի տարվա կատարվածը տեղավորեց կես թերթի վրա: Ինչ պատմեր և ինչու, միթեինքը իրավունք ուներ թեկուզ մի վայրկյանով դառնացնելու Գոգայի երջանկությունը, իհարկե ո’չ: Բացի դա,երբ մարդիկ երկար են ճանաչում մեկը մյուսին,բառերը գնալով պակասում են` մի դեպքում բառերի դատարկությունը լցվում է երջանկությամբ, մի դեպքում`ցավով, մի այլ դեպքում իմաստությամբ` միմյանց անխոս հասկանալու իմաստությամբ:
– Ես տարբերվում եմ քեզանից,- հաճախ ասում էր Գոգան Ագաթին,- դու երաժշտություն էս ծնում նրանց հոգիներում, ով հանդիպում է քեզ,իսկ նրանք, ովքեր չգիտեն նոտաներընու գաղափար չունեն լավ երաժշտությունից չարություն են զգում, ոչ թե, որ նրանք վատն են, այլ, որովհետև նրանք անկարող են հասկանալ:
-Մի մեղադրիր մարդկանց, Ագա’թ, բոլորը պարտավոր չեն քեզ հասկանալ, արդեն ժամանակն է, որ ընդունես դա,- մի ուրիշ առիթով ասաց Գոգան, երբ Ագաթը բողոքում էր, որ իրեն չեն հասկանում:
Մենակությունը հաճախ էր հիշեցնում Գոգային, թերևս նա միակ մարդն էր եղել Ագաթի կյանքում,ում խոսքերը անկեղծ լինելուց բացի, նաև բուժիչ էին: Ագաթը բազում ընկերուհիներ է ունեցել,սակայն նրանցից յուրաքանչյուրի մոտ միշտ մի ինչ-որ բան պակսում էր` կա’մ խելքից, կա’մ սրտից, կամ կեղծավորությունն ու նախանձը տձևացնում էին նրանց Ագաթի աչքում: Գոգայի մոտ ամեն ինչ այլ էր:Գոգան շատախոս չէր,նույնիսկկարելիէ ասելլռակյաց,սակայն նրա բառերը դիպչում էին հոգուն:Շրջապատին նա ինքնամփոփ էր թվում,քանի որ լռակյաց էր: Ապագայում Ագաթն իմացավ, որ նրա լռակյացությունը նրանից էր, որ շատ հաճախ ծաղրանքի է ենթարկվել իր մտքերի համար.<< բայց էլ չեմ կարողանա ուրիշ ձև լինել,- ասում էր ժպտալով Գոգան>>:
***
<<Պատասխան նամակ>>
<<Իմ սիրելի Գոգա, եթե գոնե կարողանայի գրկել քեզ, կհասկանայի, որ ցավն ու դեգերումները նաև սփոփանքով են փարատվում, սակայն կյանքը քեզ տարել է հազարավոր մղոններ հեռու:
Մենք, երևի չափից դուրս հնաոճ ենք, եթե այս դարում միմյանց նամակներ ենք գրում, բայց էսպես գոնե գիտեմ,որ սիրասուն ձեռքդ դիպչել է այս նվիրական թղթին, որ կոչված էր կրելու քո ջերմությունից մի հատիկ: Գիտես,հասկացել եմ, որ փորձություններից մարդ սենտիմենտալ է դառնում, երևի նամակիցս դու էլ հասկանաս, քանի որ քո նամակից ես նույնպես շատ բան հասկացա:Շատ եմ գնահատում նրբանկատությունդ Գոգ ու հավատում եմ, որ դա հոգատարությունիցդ է:Գիտե’ս, անշուշտ, որ նվնվալ չեմ սիրում,բայց աշնանային գույները մի տեսակ գորշացել են, գուցե խառնիխուռն եղած զգացմունքներից է…չգիտեմ:
Շնորհակալ եմ քեզ, կարծես խեղդող կարոտս մի քիչ հագեցած լինի:
Ջերմագին գրկում եմ քեզ ու շնորհակալ եմ չզլացող էությանդ համար, որը միշտ սփոփանքի ձև է գտնում անհանգիստ հոգիներին:
Սիրելի’ս, չնայած մեր բազում ծառուղիներով քաղաքում միշտ չէ, որ ցուրտ է լինում, բայց անպայման տաք կհագնվեմ…ջեp.րմությունը ինձ քեզ կհիշեցնի:
Ագաթ…>>:
***
<<Հանդիպում 3>>
Ագաթը սիրում էր աշունը: Այս եղանակին նա հաճախ էր այգի գնում ու հիմա էլ, նա այնքան էր գերված աշնան տեսարաններով, որ անդադար երգել էր ուզում: Հախվերդյանի երգացանկից, չգիտես ինչու, այս երգերը ավելի գրավում են աշնանը ու, չգիտես ինչու, Ագաթին միշտ թվում էր, որ Հախվերդյանը գրել է իր երգերը բացառապես աշնանը: Այդ երգերը այնքան հարազատ էին դարձել Ագաթին, որ նա իրեն դրանց տերն ու ստեղծողն էր զգում: Ականջակալերի պատճառով չէր լսում շրջակա աշխարհը: Երաժշտութնունն ու աշունը կարծես միաձուլվել էին: Հանկարծ տեսադաշտում հայտնվեց Վանը: Նա, գլուխը կախ, նստած էր նստարանին: Զգացվում էր, որ մտքերով հեռվում է: Ագաթը զգույշ մոտեցավ նստարանին և աննկատ տեղավորվեց Վանի կողքին: Վանը շրջեց գլուխը և տեսավ Ագաթին:
-Դու°,- անակնկալի եկած ասաց Վանը:
-Սիրում եմ այս այգով քայլել, տեսա, որ նստած էս, մտածեցի շնորհակալություն հայտնեմ, կարծեմ, երեկ մոռացա:
Վանը ժպտաց`
_Չարժե´, խենթ աղջիկ: Երևում է ճակատագիրը ուզեց, որ մենք հանդիպենք:
Ագաթը ժպտաց`
-Դու մոտակայքու°մ էս ապրում:
-Այն բարձրահարկում,- ցույց տալով մոտակա բարձրահարկը,- ասաց Վանը:
-Պարզ է, ուրեմն այդքան էլ հեռու չենք:
-Այո´, բայց տարածոյթյունն ու հեռավորությունը հաճախ իրար հետ ոչ մի կապ չունեն:
Ագաթը չիմացավ ինչ ասի, նկատեց, որ Վանի աչքերը սառել են, հասկացավ, որ Վանը, մտքերով հիմա այնպիսի մի տեղում է, ուր հազվադեպ մարդկանց են թողնում, կամ չեն թողնում ոչ մեկին:
-Լա´վ ես գնամ,-ասաց Ագաթը:
Վանը, կարծես սթափվելով մտքերից, նայեց Ագաթին,ապա ասաց.
_Գուցե փոխանակվենք հեռախոսահամարներով, Ագա´թ, չէ° որ արդեն պաշտոնապես ծանոթներ կարող ենք համարվել, ճակատագիրն էլ, կածես դեմ չի,- ժպտաց Վանը
_Կարծում եմ` համարներով փոխանակվելու համար մի ավելի հարմար առիթ է պետք,Վա´ն:
Վանը ժպտաց ու ոչինչ չասեց:
-Դե~, ես գնամ արդեն, բարո´վ մնաս,-ասաց Ագաթը ու քայլեց արահետով:
Վանը ուզում էր մի բան ասել, սակայն իրեն թվում էր, թե ինչ-որ մեկը բռնել է կոկորդն ու խեղդում է և ինքը անզոր է բառ արտասանել:
Ագաթի անցած մի քանի րոպեի ճանապարհը հազարավոր մղոններ թվացին Վանին: Մի կողմից երջանկության ու հարատևության, մյուս կողմից` կորցնողի ցավ և ո°րն է նրանը, ո°վ էր ինքը այդ երկուսից: << Ես ոչինչ չեմ անելու,-մտածում էր նա,- եթե սա լիներ մի քանի տարի առաջ, երբ լավատեսության ավյունը եռում էր երակներումս ու սիրտս փնտրում էր համազարկ մեկ այլ սիրտ, որը ոչ միայն սեր էր, այլ նաև կյանք, այն ժամանակ, երբ մտածում էի, որ ոչ մի անհաջողություն չի կարող պատճառ լինել պարտության` պարտության սեփական բախտից: Իսկ հիմա°, իսկ հիմա°, հիմա!- մտքերի թևով վեր կազավ տեղից, կանգնեց ոտնաթաթերի վրա ու երկու ձեռքով բռնեց գլուխը,- հիմա ես, երևի, ավելի ողջախոհ եմ դարձել, չէ´, չի կարելի սխալվել, ինչեր ասես չի կարող ամփոփել իր մեջ մարդկային հոգին>>:
***
Վանը որբ էր, ծնողներին հիշում էր խավար: Մայրը մահացել էր երկրաշարժի ժամանակ, երբ հյուր էր գնացել ծնողներին: Բախտի չար քմահաճույքով Վանի մոր ամբողջ գերդաստանը զոհ գնացին երկրաշարժին: <<Հետո եկել էր ժամանակը նեղությունների>>,-ինչպես որ հորաքույրն էր պատմում: Էն <<մութ ու ցուրտ>> տարիներին հայրը փորձում է ամեն ինչ անել ընտանիքին ապահովվելու համար: <<Բայց, լինում է, որ փորձանքը փորձանքի ետևից է գալիս, տղա´ս,- ասում էր հորաքույրը,- եղբայրս չդիմացավ…չդիմացավ վշտին ու համատարած խավարին, հետո ծնողներս չդիմացան>>: Էդպես, Վանը հայտնվել էր մանկատանը: Հիմա, երբ երբեմն վերձնում էր ընտանեկան լուսանկարների ալբոմը չէր կարողանում հավատալ` լինու°մ է արդյոք նման բան, ինչպե°ս է լինում, իսկ միգոյցե մղձավանջ է, միգուցե ինքը քնած է ու, եթե բացի աչքերը, կհայտնվի այս մարդկանց կողքին, որոնց դեմքից երևում է, որ երջանիկ են, որ սիրում են ծիծաղել միյասին: Ինչե°ս է լինում, որ այսքան մարդիկ միանգամից լքում են աշխարհը, մի°թե չկար գոնե մեկը, ում բախտը կբերեր: Էդպիսի պահերին Վանը առավել ուժեղ հավատում էր ճակատագրին ու մերժում Աստծուն.<<Մի°թե եթե լիներ Աստված նման բան թոյյլ կտար,-մտածում էր նա>>:
Ո°վ է գծել անիրականի և իրականի սահմանը,որտե°ղ է ավարտվում կրականությունը և սկսվում երևակայականը և ո°վ է ասել, որ իրականությունն էլ լոկ մեր երևակայությունը չէ: Իրականի և անիրականի սահմանը տատանվում է, այո´: Երբեմն էն, ինչ մենք տեսնում ենք` դա այն է, ինչ շրջապատն է ուզում, որ տթսնենք: Երբեմն մեր սիրձը էնքան հստակ գիտի ճշմարտությունը, որ ոչ մի կերպ չի ընդունի մեկ ուրիշը: Այնպիսի պհերին, երբ ամեն ինչ իրար էր խառնվում, երբ մկտքն ու սիրտը հակասում էին, երբ սուտն ու ճիշտը չէր զատվում, ներքին հավասարակշռությունը վերականգնելու համար Վանը առանձնանում էր աշխարհից: Նա գալիս էր տուն, դարակից հանում ծնողների լուսանկարը ու սկսում խոսել նրանց հետ:Վանը զգացել էր, որ այդպես զարմանալի հանգստություն էր զգում, կարծես զգում էր նրանց օրհնութունը և պատասխաններ գտնում:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0