Սուսաննա Գևորգյան – «Ես կամ ու սիրված եմ»

Մթության մեջ նստած մտածում եմ հենց այս պահի մասին։ Միանգամից արցունքները գլորվում են այտերիս վրայով։ Չեմ հասկանում՝ ինչու։ Այս հարցը միշտ, ամեն օր, ցանկացած վայրկյանին խանգարում է ինձ առաջ նայել։ Մի՞թե ես ավելի վատն եմ, քան ընկերս, հարևանս, դիմացս նստած երեխան։

3 տարեկան էի, երբ դարձա դժբախտ, անօգնական մի որբուկ։ Ծնողներս մահացան դժբախտ պատահարի հետևանքով՝ ինձ թողնելով մենակ այս կեղտոտ աշխարհում։ Հենց փոքրուց բախվեցի անարդարությանը. ինչու՞ հենց ես։ Ազգականներս չցանկացան հոգ տանել իմ մասին, ու ես հայտնվեցի մանկատանը։ Այն մոխրագույն պատերով շինություն էր, որտեղ բացի երեխաներին ատող դաստիարակներից ու աչքերում մեծ ապագայի հույս ունեցող փոքրիկներից, կոտրատված խաղալիքներից ուրիշ ոչինչ չկար։ Ես պետք է կյանքիս 15 տարիները, կյանքիս լավագույն տարիները այդտեղ անցկացնեի, եթե իհարկե ոչ ոքի մտքով չանցներ ինձ նման դժբախտ երեխայի մասին հոգ տանել ու ծնողական սեր տալ։
Հենց սկզբից էլ ինձ չսիրեցին, չնայած, որ ես ամեն ինչ անում էի այնպես, ինչպես նրանք էին պարտադրում։ Միայն մի 9 տարեկան աղջնակ էր ուշադրություն դարձնում ինձ վրա ու օգնում թեթև հարցերում։ Կարծես՝ նա ինչ-որ հետաքրքիր բան էր տեսել իմ մեջ։ Երբեմն ինձ պատմում էր իր կյանքից որոշ դրվագներ, բայց դե փոքր էի, շատ բան չէի էլ հասկանում, միայն լալիս ու գրկում էի նրան։ Նա ինձ ջերմություն էր փոխանցում, ամբողջ սերն էր տալիս։ Այ հիմա եմ հասկանում, թե ինչ էր պատմում ինձ, վերջին մասը այնպես է տպավորվել մոտս։ Ասում էր. «Պապաս ասեց՝ էսա գնամ մի տեղ, գամ ու կառնեմ հեծանիվդ իմ արքայադուստր։ Գնաց ու էլ հետ չէկավ, պարզվեց՝ հորս սպանել էին գողություն կատարելու պահին։ Մայրս էլ չդիմացավ այդ կորստին ու որոշ ժամանակ անց ինձ թողեց բախտի քմահաճույքին, գնաց հորս մոտ… Ծնողներս մահացան իմ ցանկության պատճառով, ես սպանեցի նրանց… » Սկսում էր լաց լինել, ես էլ առանց հասկանալու գրկում էի նրան։
Երբ նա հեռացավ մանկատնից, էլ չտեսա նրան, լրիվ մենակ մնացի։ Ինձ անընդհատ նախատում էին, վիրավորում ու հիշեցնում, որ ես որբ եմ, կեղտոտ եմ, ու նրանք ամեն ինչ կարող են անել ինձ հետ, քանի որ չկար մեկը, ով կպաշտպաներ ինձ։
Լրացավ 18 ամյակս, ու ինձ դուրս շպրտեցին այդ մոխրագույն շինությունից։ Մնացի առանց տանիքի այդ գեղեցիկ կտուրներով զարդարված մեծ քաղաքում։ Քայլում էի՝ անընդհատ աջ ու ձախ նայելով։ Կարծես ծանոթ դեմք տեսա։ Փա՜ռք Աստծո, նա էր, նա։ Գրեթե չէր փոխվել, նույն նիհարիկ, երկար վարսերով աղջնակն էր մնացել։ Խոսեցինք։ Այնքան վստահ էր, լի կամքով։ Հետագա բոլոր հաջողություններիս համար հենց նրան եմ պարտական։ Չեմ էլ ուզում հիշել, թե ինչպիսի դժվար հանգամանքներում կարողացա դառնալ այն, ինչ կամ այսօր։
Ես Դավիթն եմ։ Ես մենակ չեմ։ Ես սիրված եմ։ Ես կարող եմ պաշտպանել ինքս ինձ։ Ես ինքնուրույն հասնում եմ ցանկացած նպատակիս։ Ես անկախ եմ։ Ես որբ չեմ։ Ես որբ չեմ։ Ես որբ չեմ!!!
Ես հիմա ունեմ այն ամենը, ինչ երազել եմ փոքրուց։ Ես ունեմ իմ սեփական ընտանիքը ու ամեն քայլից առաջ մտածում եմ այնպես վարվել, որ երեխաս մենակ չմնա։
Ես հաղթահարեցի կյանքի բոլոր անասելի դժվարությունները, որ ինձ էին վիճակված։ Ես հաղթեցի կյանքին։ Ես հաղթող դուրս եկա այդ բարդ պատերազմում։ Իմ կամքն ավելի հաստատուն էր։
Եթե հուսահատվես, հիշիր այս փոքրիկ պատմությունը։ Ճիշտ է, հնարավոր է, որ դու չունենաս այն նույն խնդիրները, որ ես, բայց գիտակցիր, որ այդ ճահճից պետք է հաղթող դուրս գաս։ Այլ տարբերակ չկա։

Մթության մեջ նստած մտածում եմ հենց այս պահի մասին։ Միանգամից արցունքները գլորվում են այտերիս վրայով։ Չեմ հասկանում՝ ինչու։ Այս հարցը միշտ, ամեն օր, ցանկացած վայրկյանին խանգարում է ինձ առաջ նայել։ Մի՞թե ես ավելի վատն եմ, քան ընկերս, հարևանս, դիմացս նստած երեխան։ Ինչու՞։ Ինչու՞ հենց ես…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ