
Մեզ անվերջ սովորեցնում են…
Մեզ սովորեցնում են համբերել, բայց չեն պատմում ժամանակի մասին։ Որ Ժամանակը բարի չէ և սիրում է միայն իրեն գնահատողներին։
Գրողը տանի էդ համբերությունը։
Դա նույնն է, թե մարդուն նստեցնես երկաթգծերին ու չզգուշացնես գնացքի գալու մասին։
Ճահճացած հասարակությունը մեզ փորձում է լողալ սովորեցնել և դատում է ըստ ճահճի մեջ լողալու մեր կարողության։
Սեփական կյանքում դատավոր լինել չհամարձակվողներն ուրիշների կյանքում քննադատներ են դառնում։
Մարդիկ անվերջ խոսում են.
խոսում, խոսում, խոսում. ռադիոհաղորդիչների պես, բայց մի տարբերբւթյամբ, որ ռադիոհաղորդիչները հնարավոր է անջատել….
Մենք չենք սովորում ամենակարևորները։ Մեզ ստիպում են կարդալ առանց սովորեցնելու կյանքի այբուբենը։ Իսկ հետո մենք գրում ենք մեր գիրքն առանց ուղղագրության ճիշտ իմացության։ ԵՒ հենց նույն՝ մեզ այբուբեն և ուղագրություն չսովորեցրած մարդիկ ստիպում են իրենց գիրքը կարդալ։ Մերը գրելու փոխարեն՝ իրենցը կարդալ….Միայն տխմարներն էդպես կվարվեն։
Մեզ թողնում են, որ կոտրվենք, իսկ հետո ասում ՝պինդ եղիր։ Շատերն էլ մեզ կոտրում են, դատարկում մեր հոգին ու հետո փորձում իրենց կներեսներով վերալցնել այն։
Փշրված բաժակի մեջ ջուր չես լցնի… Ջուր չեն լցնում. ծարավում են ու հեռանում։ Կներեսամոլներն այդպես էլ չսովորեցին, որ գուցե կներեսով հնարավոր է բուժել վերքը, բայց սպին երբեք։ Իսկ «Ես քեզ ներում եմ»_ը, եթե մի լավ թափ տանք, նրանից կթափվեն «բայց չեմ մոռանում», «դեռ ցավում է» «էլ ոչինչ առաջվանը չէ» երբեք չասվող նախադասությունները…
Մեզ անվերջ խորհուրդներ են տալիս։ Մարդիկ սիրում են մեր դժվարության կողքին իրենց խորհուրդներով խելացի երևալ։ Գրողը տանի էդ խորհուրդները։ Դա նույնն է, թե մարդուն ասես ինչպես դուրս գա փոսից, բայց ձեռքդ չմեկնես նրան այնտեղից հանելու համար։
Բոլորին հետաքրքիր է, թե ինչ է իրենց պետք։ Ոչ ոք չի փորձում պետք լինել։ Մեզ խորհուրդներ են տալիս, որովհետև իրե՛նց է էդպես պետք։ Որովհետև մարդիկ սիրում են մեր սխալի կողքին իրենց ճիշտը թելադրելով ինքնահաստատվել։
Մեզ միշտ ասում են, թե ինչ պետք է անենք, բայց միայն իսկականներն էն հարցնում «ի՞նչ կարող եմ անել քեզ համար»։ Այդ երկու տեսակ մարդկանց միջև տարբերությունը կայանում է նրանում, որ «ինչ կարող եմ անել» հարցնողներն օդապարուկի պես են. օգնում են վեր բարձրանալ, իսկ «ինչ պետք է անես» ասողները պղպջակի են նման. քեզ դիպչելուն պես ցնդում են օդում։ Դրա համար էլ օդապարուկները քիչ են ու թանկ, իսկ պղպջակներ ցանկացած խանութից կարելի է գնել։
Հարազատը չպե՛տք է խորհուրդ տա, թե ինչպես անցնես դժվարին ճանապարհը։ Հարազատը պետք է քեզ հետ անցնի՛ այդ ճանապարհը….
Լողափում մենք շրջապատված ենք բազմությամբ, բայց օվկիանոսի խորքում՝ անսահմանության ու ահռելիության մեջ նավերը մենակ են լողում….
Մեզ անվերջ, ինչ որ բաներ են սովորեցնում, բայց ամենակարևորները միշտ կյանքն է շրխկացնում մեր երեսին…