Սյու Զեն – «Մենք մի բան կորցրել ենք ու չգիտեմ ինչ…»


Մենք մի բան կորցրել ենք ու չգիտեմ ինչ…
Մենք Լռությունը փակել ենք բառարանների մեջ ու այդ բառարանների բառերն իրար երեսի շպրտել։ Այդ բառերի աղմուկից օրացույցի օրերն իրար են խառնվել։ Ու դու ինձ ժամադրել ես աշնանն, իսկ ես քեզ գարնանը մոռացել եմ.
Մեզ իրարից տարվա մի եղանակ միշտ բաժանել է…
Մենք խիզախել ենք թռչել առանց վայրէջքի պատրաստակամության, բայց սխալմամբ խորտակվել օդում։ Հիմա օդը խեղդվում է մեր կործանվող մասնիկներից…
Մենք ջուր ենք լցրել մեր հուշերի վրա ու վազում ենք այդ ջրերի վրայով.
ԵՒ սուզվելու անկարողունակությունից լուռ բղավում.
Ու բղավում…
Մեր հանդիպումները էլ մեզ չեն հանդիպելու, որովհետև մենք ժամադրել ենք իրար այն ժամացույցներով, որոնց սլաքները վաղուց ենք կոտրել…
Մենք հավաքել ենք անձրևն ու լվացել մայրամուտի գույները.
Լվացված գույները մեր մասին էին կարոտում։ Իսկ մեր առավոտներում արևածագը տառապում է արևի բացակայությունից…
Մեր կյանքից մենք դուրս ենք հանել ձգողականության ուժն ու հիմա մեզ հատակին պահող էլ ոչինչ չկա…
ԵՒ շարունակում ենք վազել ջրերի վրայով…
Երես առած երեխաների նման մեր կարդացած բոլոր գրքերից մենք ռետինով ջնջել ենք «երջանկություններն» ու սխալ տեղերում վերջակետեր դրել։ Ու դրա համար մեզ պատժել են տնային կալանքով։ Բայց առանց իրար մենք անտուն ենք ու չափից դուրս մենակ մեր մենակության մեջ….
Մեր թափված սերը գետնից հավաքելու փոխարեն մենք փորձել են մոռանալ իրար, բայց պարզապես ինքնախաբվել ենք։
Ու թաղել ենք իրար ականջակալների մեջ և ականջակալներից գոռացող բոլոր երգրում իրար ենք կարոտում…
Մենք խոստացել ենք օրվա մեջ 24 անգամ ընդմիշտ մոռանալ իրար, բայց օրվա վերջում նորից հիշել ենք։ Երկու առաջնորդող տարբերակ կա ապրելու՝ սիրել կամ մոռանալ։ Մենք չտիրապետեցինք և ոչ մեկին։ Հիշողությունների հետ ինքնակործան մարտում մեզ պաշտոնապես հայտարարում եմ պարտված…
Ես ու դու մի բան կորցրել ենք ու կարծես, թե գիտեմ ինչ…
Ես ու դու ՄԵՆՔ ենք կորցրել.
Որովհետև այն բառերը, որ կլցնեին մեզ իրարից բաժանող դատարկությունը՝ մենք թողել ենք լռության դարակներում փոշոտված.
Ու փակել լռությունը բառարանների մեջ.
Ու բառարանների բառերն իրար երեսի շպրտել…
Իսկ մենք դեռ վազում ենք ջրերի վրայով…


Ձեզ նույնպես կարող է դուր գալ