
Երեկ մենք արբել ենք իրար գինու շշերի մեջ։
Մենք փնտրել ենք իրար գինու շշերի մեջ ու գտել.
Բայց նորից ու նորից կորցրել ամեն դատարկվող շշի հետ…
Երեկ մենք խեղդել ենք մեզ շշերի մեջ ու իրար օգնության կանչել։ Շշերը հերթով՝ մեկը մյուսի հետևից դատարկվել են, բայց մենք իրար օգնության չենք հասել։ Շշերը դատարկվել են, բայց մենք իրար չենք հասել։
Դատարկվել են ու դատարկվել ենք և մենք…
Մենք, որ էլ ՄԵՆՔ չենք…
ԵՒ մարդիկ կանչել են մեզ՝ հարբեցողնե՜ր…
Մե՛զ, որ խմել չգիտենք։
Երեկ մենք արբած փնտրել ենք իրար կանգառներում ու կորցել ամեն հեռացող գնացքի հետ։
Մենք լքել ենք իրար բոլոր հնարավոր գնացքներով…
ԵՒ մարդիկ մեր ետևից քմծիծաղել են՝ հեռացողնե՜ր…
Մենք, որ չխիզախեցինք մնալ….
Երեկ մենք անմենքությունից հյուծված մտովի կոտրել ենք դատարկ շշերն անցորդների դեմքին…
Մենք էլ ՄԵՆՔ չէինք…
Երեկ իրար հանդեպ ունեցած կախվածությունից ազատվելու համար մենք կախվածություն որդեգրեցինք գինուց…
Երեկ մենք խոստացանք չսիրել, որովհետև սերն ամենաթունդն է խմիչքներից, իսկ մենք խմել չգիտենք…
Մենք՝ հարբեցողներս… հեռացողներս…
Մենք, որ էլ ՄԵՆՔ չէինք…
Մենք, որ էլ ՄԵՆՔ չենք…..