
Դեռահասները, հասուն մարդկանց նման, կարող են ամեն օր սթրեսների ենթարկվել և սովորել հաղթահարել այդ իրավիճակները: Դեռահասներից շատերն ավելի մեծ սթրեսի են ենթարկվում, երբ, ըստ նրանց գնահատման, իրավիճակը վտանգավոր է, դժվար կամ ցավոտ, իսկ նրանք չունեն այդ իրավիճակը հաղթահարելու անհրաժեշտ միջոցներ և հմտություններ:
Դեռահասներին սթրեսի կարող են հասցնել.
- ուսման հետ կապված դժվարությունները,
- իր վերաբերյալ բացասական մտքերը կամ զգացմունքները,
- սեփական մարմնի փոփոխությունները,
- ընկերների հետ խնդիրներ ունենալը,
- ապրելու անապահով միջավայրը (հարևանությունը),
- ծնողների ամուսնալուծությունը,
- քրոնիկական հիվանդությունը կամ ընտանիքում լուրջ խնդիրները,
- սիրած անձնավորության մահը,
- բնակավայրը կամ դպրոցը փոխելը,
- միանգամից մեծ գործունեություն ծավալելը կամ իրենցից ակնկալվող մեծ պահանջները,
- ընտանիքի նյութական խնդիրները:
Այս իրավիճակները դեռահասներին կարող են հասցնել գերծանրաբեռնվածության:
Այդ դեպքում սթրեսային իրավիճակի հաղթահարման ոչ ճիշտ կազմակերպումը կարող է հանգեցնել մեկուսացման, անհանգստության, ագրեսիայի, ֆիզիկական հիվանդությունների կամ թմրանյութերի օգտագործման:
Ծնողներն իրենց երեխային կարող են օգնել հետևյալ կերպ.
- հետևել նրան, եթե սթրեսը ազդում է նրա առողջության, վարքի, մտքերի և զգացմունքների վրա.
- ուշադիր լսել դեռահասին և կանխել գերլարված վիճակը,
- սովորել և օգտագործել սթրեսը հաղթահարելու հմտությունները,
- նպաստել սպորտով և հասարակական այլ գործունեությամբ երեխայի զբաղվելուն:
Դեռահասները վերոհիշյալ կամ այլ միջոցներով կարող են սկսել հաղթահարել սթրեսը: Եթե դեռահասի մոտ նկատվում են սթրեսի երևույթներ կամ նա խոստովանում է, որ գերլարված է, ցանկալի է խորհրդակցել մանկապատանեկան հոգեբանի կամ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետի հետ:
Խուճապային խանգարումը դեռահասների մոտ
Խուճապային խանգարումը հաճախակի հանդիպող վիճակ է: Նման խանգարումով երեխաները և դեռահասները ունենում են անսպասելի և կրկնվող վախի ուժեղ զգացում, անհանգստություն, որոնք ուղեկցվում են արագ սրտխփոցով կամ շնչահեղձությամբ: Դրանք կոչվում են խուճապային նոպաներ և տևում րոպեներից մինչև ժամեր: Հաճախ դրանք սկսվում են առանց նախանշանների:
Խուճապային նոպայի ախտանիշներն են.
- վախի ուժեղ զգացում, երբ շատ վատ բան է պատահել կամ պատահելու է
- սրտի ուժեղ բաբախյուն
- գլխապտույտ
- շնչահեղձություն կամ խեղդվելու զգացում
- դող կամ ցնցում
- անիրականության զգացում
- վախ` մահից, ինքնակառավարումը կորցնելուց կամ խելագարվելուց:
Խուճապային խանգարումը հիմնականում սկսվում է դեռահաս տարիքում, թեև կարող է սկսվել նաև ավելի վաղ` մանկության շրջանում, երբեմն էլ այն փոխանցվում է գեներով:
Եթե խանգարումը չբացահայտվի և չբուժվի, դրա հետևանքները կարող են ճակատագրական լինել. խաթարվում է երեխայի կամ դեռահասի բնականոն զարգացումը, բարդանում շրջապատի հետ հարաբերություններն ու շփումները: Նա գրեթե միշտ անհանգիստ է, անգամ եթե խուճապային նոպայի մեջ չէ: Ոմանք խուսափում են լինել այնպիսի վայրերում, որտեղ նոպայի սկսվելու պահին օգնություն ստանալու հնարավորություն չեն ունենա:
Օրինակ` երեխան կարող է հրաժարվել դպրոց գնալուց կամ բարդացած դեպքում` հրաժարվել տանից դուրս գալուց: Կոնկրետ վայրերից կամ վիճակներից խուսափելու նման միտումը կոչվում է ագորաֆոբիա: Խուճապային խանգարումով երեխաներից կամ դեռահասներից ոմանք կարող են խորը դեպրեսիայի մեջ և անգամ ինքնասպանության շեմին հայտնվել: Իրենց անհանգստությունն ու վախերը թուլացնելու ձգտումով նրանք կարող են ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործել:
Հաճախ դժվար է լինում երեխաների խուճապային խանգարումն ախտորոշելը: Դա պահանջում է բազմակի այցելություններ բժիշկ մասնագետների մոտ և զանազան բժշկական ստուգումներ, որոնք և´ թանկ են, և´ ճնշող: Անհրաժեշտ է սկզբում ստուգվել ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի մոտ, և եթե խուճապային խանգարման պատճառ դարձած հիվանդություն կամ վիճակ չի հայտնաբերվում, դիմել մանկապատանեկան հոգեբույժի: Խանգարումը հայտնաբերելու և ախտորոշելու դեպքում սովորաբար այն հեշտությամբ է բուժվում:
Գոյություն ունեն խուճապային խանգարման բուժման տարբեր եղանակեր.
- դեղորայքային` որով դադարում են խուճապային նոպաները,
- հոգեթերապիա` երեխային և ընտանիքի անդամներին օգնում է կանխել սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակները, որոնք կարող են խուճապային նոպաների առաջացման պատճառ դառնալ,
- իմացական վարքային թերապիա. երեխային նախապես սովորեցնում են կառավարելու անհանգստության կամ խուճապի նոպաները:
Խուճապային խանգարման դեպքում լավ է օգնում այս եղանակների համակցված բուժումը: Հաջող բուժման դեպքում խուճապային նոպաները սովորաբար դադարում են: Վաղ ախտորոշման և բուժման շնորհիվ կանխվում են խուճապային խանգարման այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ագորաֆոբիան, դեպրեսիան և թմրամոլությունը: