
Լող — մարզաձև, որն ունի 4 տարատեսակ` կրոլ, բրաս, բատերֆլյայ և թիկնալող։
Պաշտոնական առաջնություններում տղամարդիկ մրցում են ազատ ոճի լողի 50, 100, 200, 400, 1500 մետր մրցատարածություններում, բրասի, բատերֆլյայի և թիկնալողի 100 և 200 մ մրցատարածություններում, 200 և 400 մ համալիր լողի մրցատարածությունում, ազատ ոճի 4×100 մ և 4×200 մ, ինչպես նաև 4×100 մ համալիրփոխանցալողերում։ Կանայք մրցում են նույն ծրագրով միայն 1500 մ ազատ ոճի լողի փոխարեն մեկնարկում են նույն ոճի 800 մ լողատարածությունում։
Ազատ ոճով կամ կրոլով լողալիս մարզիկը պառկում է ջրի վրա և առաջ է շարժվում ձեռքերի ու ոտքերի շարժումներով: Սա ամենաարագընթաց մարզաոճն է: Բրաս լողաոճով լողալիս մարզիկն առաջ է շարժվում հիմնականում ոտքերի շարժումներով, որոնք նման են գորտի հետևի թաթերի շարժումներին: Թիկնալող կամ կրոլ մեջքի վրա լողաոճի ժամանակ մեջքով ջրի վրա պառկած մարզիկը հերթականությամբ գլխից առաջ է նետում ձեռքերը և դրանցով թիավարում: Դելֆին լողաոճն օգտագործվում է միայն մրցումներում: Այս ոճով լողալիս մարզիկը ջրի վրայով միաժամանակ առաջ է նետում 2 ձեռքերը և ոտքերով հարվածում է ջրին՝ վեր ու վար, իսկ իրանով կատարում է ալիքաձև շարժումներ:


Կիրառական լողը ներառում է տարբեր երկարության և խորության սուզումներ, խեղդվողներին փրկելը, ջրային արգելքների հաղթահարումը: Գեղարվեստական կամ միաժամանակյա լողի դեպքում երաժշտության ուղեկցությամբ միայնակ, զույգերով կամ խմբով լողորդուհիները կատարում են ակրոբատիկ ջրային վարժություններ:

Հայ լողորդներից հայտնի են Փ. Փիլոյանը, Հ. Ջիլավյանը, իսկ ջրային մյուս մարզաձևերի ներկայացուցիչներից՝ ստորջրյա լողորդ Շ. Կարապետյանը (սահմանել է բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ), ջրացատկորդներ Ս. Քոչարյանը, Դ. Համբարձումյանը (Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր), ջրացատկորդուհի Ս. Էմիրզյանը (օլիմպիական խաղերի մրցանակակիր) և շատ ուրիշներ: