Ճանաչիր ինձ – Սոնա Վանյան

Ինքնազրույցը հարցազրույցից շատ ավելին է ու, այո’, դժվար է ինքդ քեզ ներսից քննելը։

Փորձե՞նք:

Ես սիրում եմ ինձ, իմ անունը և իմ կյանքը։ Ես առաջինը ինձ սիրեցի, որ մյուսների սիրուն կարոտ չմնամ, իմ անունը սիրեցի, որ միշտ բարձր պահեմ, մինչ ուրիշները կփորձեն նկատել ու գնահատել, իսկ ամենից շատ կյանքը սիրեցի՝ իր տված ամեն արշալույսի ու հույսի համար։ Ի դեպ մեր սերը փոխադարձ է.կյանքն էլ ինձ է սիրում։Ինձ շնորհել է ստեղծագործելու տաղանդ, որ չուզածս իմ ձևով շտկեմ, չունեցածս՝ գրչով կերտեմ։ Ստեղծագործելիս, ասես, մոտենում եմ Աստծո դռներին, այդ պահերին առավել քան ուրախ ու խիզախ դառնում։ Իմ յուրաքանչյուր հերոսը իր պատմությունն ունի, առաքելությունը, ես ստեղծում եմ նրանց՝ ծառայելով իրենց։ Հերոսներիս մասին կարող եմ անվերջ խոսել, որովհետև այդ նրանք են անընդմեջ խոսում ինձ հետ։ Հեղինակ֊հերոս զրույցները ինձ որքան բնական, նույնքան էլ տարօրինակ էին թվում, սա էլ առիթ դարձավ, որ ստեղծեմ «Երիտասարդ գրողների գրական ակումբը»՝ նպատակ ունենալով ինձ շրջապատել ինձ նման մարդկանցով, նրանց հետ բացահայտել ստեղծագործական կիրքն ու սիրո հևքը գրչի ներքո։

Առաջին երկու հեղինակային գրքերս՝ «Սիրո հևքն» ու «Ինձ նման մարդիկը» համահավաք ժողովածուներ են։ Ես ուզեցի, որ իմ երազանքի հետ իրականանա նաև ԵԳԳԱ֊ի անդամների գրքում տպագրվելու տենչը։(Շատերիս համար տպագրվելու առաջին փորձն էր) 3֊րդ ժողովածուիս՝ «Նա» վիպակի գաղափարը ծնվեց արտահերթ, շնորհանդեսն էլ կայացավ հեռավար՝ արտակարգ պայմաններում։ Այն դեռ մի քանի օր է ինչ ծանոթ է ընթերցողին, բայց արդեն հասցրել է սրտեր գրավել։Չկա օր, որ չստանամ ընթերցողի գոհունակ կարծիք, ինչը որքան ոգևորիչ է, նույնքան էլ՝ պարտավորեցնող. ընթերցողին հիասթափեցնել չի’ կարելի։ Որքան էլ հեղինակն է գրքի արարողը, այնուամենայնիվ ընթերցողն է որոշում գրքի ճակատագիրն ու ընթացքը։ Ուզում եմ, որ իմ հերոսների օրինակը շատերի համար առիթ դառնա նույն սխալները չգործելու, ուզում եմ, որ իմ գրական վաստակը ծառայի վսեմն ու լուսավորը տարածելու գործին։ Իմ մասին թերևս այսքանը, բայց եթե ուզում ես իմանալ ավելին՝ համեցի’ր իմ հոգու ետնաբեմ՝ իմ ստեղծագործական աշխարհ, ես այստեղ առավել քան բաց եմ ու խոցելի, անկատար ու անպարտ, ուժեղ ու հնչեղ…


Մի  քիչ  էլ  իմ  գրքի  մասին:
Չորս տարի առաջ էր, նայեցի նրա մեծ ու թախծոտ աչքերին եւ ասացի՝ մի’ գնա։ Դրսում ու ներսումս պատերազմ էր, չէի ուզում գնա, առանց այն էլ մի խաղաղ կյանք չուներ՝ ամեն օրը սկսվում էր գոյության պայքարով։ Այդ օրը նա դարձավ իմ հերոսը, ես առաջին անգամ զգացի՝ ինչ է վտանգը, ինչպես են կողք կողքի դրվում կյանքն ու մահը։ «Նա» վիպակի հերոսները ունեն իրական նախատիպ, դու կզգաս դա հենց առաջին տողից։ Ես չէի ուզում, որ այս վիպակը լույս տեսնի, որովհետև սա իմ այն եզակի գործն է, որտեղ հորինվածքը քիչ տեղ ունի, հույզերն են դարձել գրչիս թանաքը… Հերոսի մասին պատմող վիպակը հերոսական ուժ գտավ իր մեջ՝ լույս աշխարհ գալու հենց այն օրերին, երբ կրկին՝ կյանքը դրվեց կյանքի զոհասեղանին։ «Նա» վիպակը իմ ու քո ու նաև մեր հերոսի մասին է, գրքում զետեղված մտքերը քեզ էլ կտանեն հուշերի գիրկը, քեզ էլ ծանոթ կթվան առկա հույզերը։ Վիպակը իմ սրտով չէ, ես այստեղ չկարողացա հերոսի ու հեղինակի սահմանը զատել, ինձ ազատել ավելորդ հարցադրումներից, բայց եթե, իրոք, հորինվածքին մեծ տեղ տայի, այն այսքան հարազատ ու հուզառատ չէր դառնա։ Երբ ձեռքդ վերցնես գիրքը, ընթերցելու ընթացքում՝ ձեռքերիդ տաք դող ես զգալու, թե ինչու և ինչպես է դա հնարավոր՝ կարդա ու կտեսնես։ «Նա» վիպակը լույս տեսավ արտակարգ իրավիճակային պայմաններում, ընթերցողին հասավ արագ ու անվճար:
Ի  դեպ,  այն  կարող  եք  գտնել  անցնելով  հղումով:

Հետևեք  ինձ`

Ձեզ նույնպես կարող է դուր գալ