Պատկերացրեք մի քաղցրասերի աչքեր, որոնք տեսնում են շատ քաղցրավենիք / Սոնա Միրումյան

Սոնա Միրումյանը պատմում է իր բիզնես գաղափարի և ոլորտում առաջացած խնդիրների մասին ։

1.Պատմեք ձեր բիզնես գաղափարի մասին։

Ինձ համար սա ոչ թե բիզնես է, այլ զբաղմունք։ Նպատակը մարդկանց օգնելն է։ Երբ ծնվեց գաղափարը ստեղծելու էջ, չէի մտածում, որ այսքան պահանջված կլինի։ Մեր առիթների ժամանակ ես միշտ փորձել եմ տարբերվող նվերներ պատրաստել ու նվիրել։ Ու սա ինձ համար հոբբի էր դարձել։ Ներկայումս էլ սա իմ հոբբին է, որի միջոցով փորձում եմ օգնել մարդկանց։

2.Ինչպե՞ս որոշեցինք ստեղծել Ձեր բիզնես գաղափարը։

Փոքր տարիքից միշտ հետաքրքրված եմ եղել այս ոլորտով։ Ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ կապված է այս ոլորտի հետ, բայց ժամանակս չէր հերիքում ստեղծելու իմը (դե դասեր, պարապմունքներ) ։ Երբ տեղափոխվեցի ավագ դպրոց, որոշեցի, ինչու ոչ, փորձեմ։

3.Ինչպիսի՞ խնդիրներ առաջացան առաջին քայլերը կատարելիս։

Դե ինչպես բոլոր նոր խանութները, մենք ևս ունեինք խնդիրներ։ Դրանք հիմնականում առաջանում են պրոդուկտի նոր լինելու պատճառով, մարդիկ ծանոթ չեն և այլն։ Նորությունները միշտ էլ մի փոքր դժվար են ընկալվում և խնդիրներ առաջացնում։ Բարեբախտաբար ներկա պահին մենք որոշ չափով զերծ ենք նման խնդիրներից։

4.Կա՞ այսօր առկա որևէ լուրջ խնդիր, որ մտահոգեցնող է։

Ո՛չ, միայն կորոնավիրուսը, որի պատճառով դժվարանում են մեր աշխատանքները ։

5.Կորոնավիրուսը մեծ խնդիրներ է առաջացրել բիզնես բնագավառում, որքանո՞վ է տուժել Ձեր բիզնես գաղափարը և որոնք են լինելու Ձեր հետագա քայլերը առաջացած ճգնաժամից անվնաս դուրս գալու համար։

Ցավոք սրտի,այո՛, տուժել է։ Տոկոսային առումով կդժվարանամ ներկա պահին ասել, թե որքանով է տուժել։ Մոտ 2 ամիս չենք աշխատել։ Հիմա փորձում ենք վերականգնվել։

6.Ինչու՞ ընտրեցիք հենց քաղցրավենիքի շուկան։

«Իմ_նվերը» օնլայն խանութը իր հաճախորդներին առաջարկում է տարատեսակ նվերներ տարբեր առիթների համար։ Մենք ունենք նոթատետրեր, բաժակներ, կոնֆետներ, որոնք կարող են լինել ցանկացած գրվածքով։ Ներկայումս մեծ տարածում ունեն քաղցրի տեսքով նվերները։ Պատկերացրեք մի քաղցրասերի աչքեր, որոնք տեսնում են շա՜տ քաղցրավենիք գեղեցիկ փաթեթավորմամբ և փնջի տեսքով։ Բա ժպի՜տը (ժպտում է):

7.Շատ տարբերվող և յուրօրինակ հավաքածուներ ունեք, կա՞ մեկը ով օգնում է Ձեզ ձևավորման աշխատանքներում, թե՞ ողջը հենց Ձերն է։

Հիմնականում ես եմ անում, բայց օգնող ձեռքեր ունեմ։

8.Իսկ կա՞ մի նվեր, որ կուզեիք Դուք ստանալ։

Բոլոր քաղցր նվերները (ժպտում է)։

9.Նաև գիտեմ, որ սովորել եք Մարքմեդիա կրթական կենտրոնում Ձեր բիզնես ծրագրի կայացման գործում որքանո՞վ օգնեց ստացած գիտելիքները։

Ինձ շատ օգնեց և շնորհակալ եմ Գարիկ Աղասյանին իր գիտելիքները մեզ փոխանցելու համար։ Ներկայում էլ ինչ հարց լինում է, սիրով օգնում է։

10.Վերջում ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են իրենց քայլն անել դեպի փոքր բիզնեսի աշխարհ։

Երբեք չհանձնվել։ Փոքր, բայց հաստատուն քայլերով գնալ առաջ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ