Սիմոն Հովհաննիսյան – «Ձմռան արև»


Այսօր էլ` ձմեռային մի գեղեցիկ երեկո, ոչ շատ մեծ Վանաձոր քաղաքում` բազմաթիվ տների ու պատուհանների մեջ բոցավառվում էր այս տան ճրագը, այնտեղ լավ էր ամեն բան… Այնտեղ համերաշխ էին ու սիրում էին միմյանց…
Դուռը սահելով բացվում էր…
-Մա՞մ։
-Հա տղա՛ս, ես եմ,- պատասխանեց աշխատանքից հոգնած վերադարձած մայրը` տիկին Ծովինարը, խոհանոցից ձայնող տղային:

-Ո՞նց ես։
-Լավ եմ։ Մի քիչ հոգնած եմ, բայց կյանքն է էդպիսին։ Ապրելու համար պիտի աշխատել,֊պատասխանեց մայրը և երբ ուզում էր շունչ վերցնել ու հարցնել, թե ինչպես է որդին, չհասցրեց, տղան անմիջապես բարձրաձայն կանչեց նրան։
-Դե լվացվի ու արի։ Քանի ճաշը տաքա լցնեմ կեր, դու ես հոգնած, ես էլ հո հոգնա՞ծ չեմ։
-Իմ խելոք Արամ։ Հիմա լվացվեմ ու գամ։ Թո՛ղ, ես սեղան կգցեմ։ Հայրդ էլ շուտով կգա։
Արամը պատանի էր։ Մեկն այն տասնվեցամյա տղաներից, որ տարիքի համեմատ լուրջ էր նայում կյանքին: Հասկանում էր, որ ինչքան էլ մայրը չասի, միևնույնն է աշխատանքից հոգնած է տուն գալու ու փորձում էր թեթևացնել մոր հոգսը։
-Մա՛մ,-ցածրաձայն բացականչեց Արամը, երբ մայր և որդի նստած սպասում էին, թե երբ պիտի գա հայրն ու բակից տուն վերադառնան Արամի երկու եղբայրները ու միասին նստեն մեկ սեղանի շուրջ` ընթրելու։
-Այո տղաս։
-Վաղը գնում եմ Սպիտակ, քանի՜ ամիս կլինի, ինչ ընկերներիս չեմ տեսել։ Այսօր խոսում էի Արտակի հետ։

-Բայց…
-Հասկանում եմ, մա՛մ, ես դեռ 16 տարեկան եմ։ Բայց Սպիտակն էլ հեռու չէ։ Կպած է այստեղին։
-Չգիտեմ, այնպես չեմ ուզում որ գնաս։ Թող մի ուրիշ անգամ, գուցե արձակուրդին հայրդ համաձայնվի ու իրար հետ գնաք։
-Բայց այսօր դեկտեմբերի վեցն է, արձակուրդին դեռ շատ կա և հետո ինչ իմանաս ամանորյա այդ անցուդարձի մեջ երբ ու որտեղ կհասցնենք գնալ։
-Արա՜մ, անհանգստանում եմ քեզ համար։
-Երեխա չեմ, մա՛մ։ Առավոտյան կգնամ ու շուտ էլ հետ կգամ։

-Սպասիր հայրդ թող գա կորոշենք մի բան։
Դուռն այս անգամ ավելի արագ բացվեց։ Հայր ավելի առույգ էր կամ էլ չէր ցանկանում ցույց տալ հոգնածությունը։
Արամը դեռ լուռ էր։ Հոր հետ նույնքան ազատ չէր խոսում, ինչքան մոր հետ։ Դրա համար սպասեց։ Ընթրեցին, հետո հեռուստացույցի դիմաց մի քիչ նստեցին։ Իսկ Արամը շարունակ լուռ նայում էր հորը։ Հայրը այնքան լուրջ աչքերով էր։ Բայց ոչինչ չէր ասում Արամին։ Այս անէացած լռությունն այնքան տևեց, մինչև որ սենյակում մնացին Արամը և հայրը։
-Դե հիմա ասա ինձ, Արա՛մ, ինչ կա մտքիդ։ Այսօր տարօրինակ ես,- փոքր ինչ ժպտալով ասաց հայրը։
-Լավ եմ, պա՛պ։ Ոչինչ էլ չի եղել։ Ուղղակի ուզում էի վաղն առավոտյան Սպիտակ գնալ` ընկերներիս կտեսնեմ, կարոտել եմ նրանց։
-Ուզում ես գնա՞լ,- մի փոքր դադար տվեց, այնուհետև տեսնելով տղայի աչքերը, շարունակեց,- գնա։ Տղա՛ս, բայց զգույշ եղիր։ Ճիշտ է, որ պատմեմ թե քո տարիքում ինչեր եմ արել, բերանդ բաց կմնա։ Ու հիմա էլ իմ ժամանակները չեն, ութսունութ թվականն է, կորելը հեշտ չէ, հեռախոս կա ու նման բաներ։ Բայց ամեն դեպքում աշխարհը մեծ է, իսկ դու ընդամենը տասնվեցամյա պատանի։ Զգույշ կլինես։
-Շնորհակալ եմ, պա՛պ,- Արամի աչքերը փայլում էին։ Վերջապես կտեսներ ընկերներին ու կարոտը կառներ։
– Մահճակալի կողքի դարակում փող ունեմ պահած։ Կվերցնես այնքան, ինչքան որ պետք է, դեռ մի բան էլ ավելի։
-Լավ, իսկ հիմա բարի գիշեր։
-Բարի գիշեր, տղա՛ս։
Արամը հպարտանալու առիթ էր տալիս և՛ մորը, և՛ հորը։ Շատ պարտաճանաչ, խելացի ու գրագետ տղա էր։ Տատը առիթը բաց չէր թողնում թոռանն օրհնելու համար և ամեն հնարավոր աքսեսուարը գտնում էր նրան չար աչքից պաշտպանելու նպատակով։
Քաղաքի վրա իջել էր խաղաղ ու լուռ գիշերը: Քնել էր քաղաքը։ Արամի մայրը նույնպես քնել էր, բայց սիրտն արթուն էր: Նա սպասումի մեջ որ ու ուրախ չէր։ Երանի՜ թե վաղը տղան չգնա Սպիտակ, այդպես ավելի հանգիստ կլինի։
Ծանրացնելով սարերի գագաթները` արևը դուրս էր գալիս և փորձում էր մի գրկախառնությամբ լուսավորել քաղաքի լուսամուտները, բայց տաքացնել չէր կարող` ձմեռ էր, ցուրտ։ Նման էր հին հիշողության։ Հիշելիս կժպտաս ու կլուսավորվես, բայց այդ ջերմությունն այլևս երբեք չես զգա։
-Չե՞ս ուշանում, մա՛մ։
-Կճանապարհեմ քեզ, նոր կգնամ,- մեկ բաժակ թեյ լցնելով ասաց մայրն ու շարունակեց,- խմիր սա։
-Մամ, արդեն երկրորդ բաժակն ես լցնում, չեմ ուզում:

-Լավ չեմ ստիպի։ Ի՞նչ ասեց հայրդ երեկ։
-Դե ասաց գնա բայց զգույշ կլինես։
-Արա՛մ, հայրդ ճիշտ է ասել։ Ինչ որ կերպ կապ կհաստատես հետս, որ ես իմանամ՝ որտեղ ես։ Ու շուտ հետ կգաս։
-Լավ, մա՛մ, կզանգեմ: Իսկ հիմա արդեն ուշ է ես գնացի։
Գրկախառնության պահին մայրը չէր ցանկանում բաց թողնել որդուն։ Այնքան վատ մի զգացում էր մտել մեջը, չգիտես ինչու։
-Մա՜մ, բաց թող։ Ուշ է գնացի։
Արագ քայլերով Արամը դուրս թռավ տնից ու շտապեց ընկերներին տեսնելու։

Տնից Սպիտակ ճանապարհն Արամն արագ անցավ ու մտքերի մեջ սուզված,նա շարունակ պատկերացնում էր, թե արդեն հասել է տեղ ու ընկերներին է գրկում։
Սկզբից մոտենում է առաջինին, գրկում, ու ասում թե ինչքան էր կարոտել, հետո մյուսին…
-Դե, Արա՛մ ուշքի արի արդեն հասել ես,- Արամին արթնացրեց գրկող ընկերոջ հարազատ ձայնը:
-Հազիվ եմ եկել, մայրս կարծես չէր ուզում թողնել, բայց դե ես համոզեցի ու հիմա միասին ենք։ Ու կզրուցենք իրար հետ ինչքան ուզենք։
-Դե գնացինք, ինչքան արագ քայլենք այնքան ավելի շատ ժամանակ կկարողանանք անցկացնել,- այս մի ընկերը կարծես թե շատ էր շտապում։
-Ձեր տանը հեռախոս կա չէ՞։ Մաման շատ է անհանգստանում։ Քանի անգամ ասել եմ՝ փոքր չեմ, բայց մեկ է` իր համար անկախ տարիքից  երեխա եմ։
-Մի մտածիր, հեռախոս էլ ունեմ, հեռուստացույց էլ, ռադիո էլ։ Համ ֆիլմ կնայենք, համ կզանգես։
Տղաների քայլքը վազքի էր նման։ Շտապում էին հասնել տուն ու հեռուստացույց նայեին, թղթախաղ խաղային, զրուցեին ու իրարից կարոտներն առնեին։
-Մա՞մ, հա հա հասել եմ, ամեն ինչ լավ է… Հա հենց իրենց տանն ենք, հասցեն լավ գիտես… Բայց դժվար թե պետք գա… Շուտ կգամ… Լավ ընկերներս ինձ են սպասում, հեռուստացույցով տասնմեկնանց երեսուն լավ ֆիլմ կա…գնամ նայենք։
Մոր 《բարի ժամանց》֊ից հետո Արամը դրեց լսափողն ու շտապեց ընկերների մոտ։ Ռուսական արտադրության այդ կատակերգությունը նոր էր սկսել։
Աստիճաններով տնօրենի սենյակից մինչ իր աշխատավայր հասնելը շատ երկար չտևեց։
-Խոսեցի՞ր տղայիդ հետ։
-Սիրտդ ընկա՞վ տեղը։
-Այո, այո ամեն բան լավ է, կարելի է սուրճ խմել,֊ հանգիստ ձայնով էր, բայց սիրտը դեռ լիովին չէր հանգստացել։
-Հիմա կբերեմ սուրճը արդեն գազի վրա է։
-Ապրի արևդ,- ասաց Ծովինարն ու անցավ գործի։
Սուրճը շատ չուշացավ։ Սեղանին էր բայց տիկին Ծովինարը դեռ չէր շտապում խմել։ Առաջին անգամ երբ ուզեց ձեռքը տանի բաժակին նկատեց, թե ինչպես է բաժակի սուրճը ցնցվում։ Իսկ երբ առաստաղից կախված ջահը սկսեց շարժվել, ինքնաբերաբար ձայնեց…
-Երկրաշարժ,- ու բոլորը դուրս վազեցին։
Հեռուստացույցն աղմուկով շուռ եկավ` քանդվող պատերի և առաստաղից թափվող ծեփի փոշու ներքո։
-Զգույշ, դեպի դուռը…
-Այս ինչ գրողի տարած պատուհաս էր…
Երանի թե հասցնեին գնալ դեպի դուռը։ Մինչ Արամն ընկերների հետ ամուր հող էր ուզում, երերացող տան առաստաղը փլվեց երիտաոարդների գլխին։
Կարծես թե ցնցումն ավարտվեց։
-Ինչ ցնցում էր, բայց կարծես թե քաղաքն այդքան էլ չի ավերվել։
-Տղերքս, տղերքս,-անհանգիստ ձայնով գոռում էր տիկին Ծովինարը` փորձելով ուշքի գալ։
– Նոր ռադիոյով լսեցի, որ Լենինականն էլ է ավերվել, բայց ամենամեծ վնասը Սպիտակինն է:

-Ի՞նչ, որտե՞ղ։
-Սպիտակում,- ճիշտ է, տիկին Ծովինարն արդեն հասկացել էր, բայց չէր ուզում հավատար։
-Արա՜մս, Արա՜մ,- մինչ նա ձեռքերը դեմքին դրած մտածում էր տղայի մասին, մի մեքենա մոտեցավ փողոցում խմբված մարդկանց:
-Նստի՛ր, արագ։
Ծովինարի ամուսինն էր։ Եղբոր հետ, մեքենայով եկել էր կնոջ հետևից։
-Սպի…Սպիտակում…
-Գիտենք, հենց այնտեղ ենք շտապում։
-Իսկ Արմենե՞նք, ոնց են, հո բան չի պատահել։
-Նրանք լավ են, մի անհանգստացիր։ Փառք Աստծո ոչ մի քարաբեկոր նրանց բաժին չի հասել։
-Արա՜մ, ես եմ մեղավոր, ես… Ինչո՞ւ, ինչո՞ւ թողեցի, որ գնա…Ա՜խր սիրտս կանխազգում էր… Ինչո՞ւ,֊ամբողջ ճանապարհը շարունակվեց Ծովինարի լացով, իսկ ամուսինը իր մեջ ուժ չեր գտնում կնոջը հանգստացնելու։ Իր սիրտն էլ էր ցավում, բայց ցույց չէր տալիս վիշտը։
-Կանգնե՛ք, բղավեց նա լացակումած ձայնով,֊այստեղ էր` ընկերոջ տունն այստեղ էր, Արամս էլ է այստեղ։
-Ի՞նչից իմացար,-տխուր էր ամուսնու ձայնը։
-Հաշվելով, երևի… Քաղաքում շատ եմ եղել ու տան տեղն էլ գիտեմ,֊ասաց Ծովինարը, թախծոտ ձայնով,-չգիտեմ մի բան ինձ հուշում է, որ այստեղ է։
Երեքով իջան մեքենայից և արագ մոտեցան փլատակներին։ Մի խումբ տղաներ քանդում էին քարերը, դեռ մինչև նրանց գալը։
Համատարած ողջույնից հետո աշխատանքի անցան։ Ծովինարը մեծ ջանասիրությամբ տեղից պոկում էր փոքր քարաբեկորները` տղային ողջ գտնելու վերջին հույսով։
-Մա՜մ…
-Դուք է՞լ լսեցիք։ Արամս է, տղաս,- Ծովինարի սառած դեմքին հանկարծ ժպիտ հայտնվեց։
-Մա՜մ…
-Այստեղ, եկե՛ք հանենք նրան։ Արամս ողջ է,֊սա ասելով նա կանգնեց մի քարակույտի վրա և շարունակեց` դիմելով տղային,-Արա՛մ, դիմացիր։ Հիմա մենք քեզ դուրս կհանենք։ Մենք քեզ հետ ենք։
Արամը այնքան էլ ուժ չուներ ևս մեկ անգամ գոռալու, ուստի լռությամբ արձագանքեց մոր խոսքին։
Քարամաքրման ժամանակ նրանց միացան անգամ այն երիտադարդները, ովքեր փորձում էին ողջ մարդ գտնել ու օգնել։
Մոտ տասնհինգ րոպե տևեց։ Նրանք միասնական աշխատում էին ու Արամին դուրս բերեցին փլատակի տակից։
-Կներեք տղերք, տղես ողջ է, նրան պիտի հասցնենք հիվանդանոց,- ասաց ծովինարի ամուսինը` օգնելով եղբորը, որ Արամին դնեն մեքենայի մեջ։
-Ոչինչ, հասկանում ենք քեզ։ Դու հանգիտ գնա… Հույս ունենք լուրջ բան չի եղել տղայիդ հետ։
-Ապրեք տղերք ջան, ես ձեզ անպայման կգտնեմ ու իմ շնորհակալությաւնը կհայտնեմ։ Իսկ հիմա ցտեսություն։
-Հաջող։
Երբ Արամին դրեցին մեքենայի մեջ, իրենք նույնօես տեղավորվեցին ու շարժվեցին։
-Մա՜մ…
-Դիմացիր տղաս, հիմա կհասնենք։ Ամեն բան լավ է լինելու։
-Ջո՜ւր…
-Ահա տղաս, խմիր մի քիչ, մինչև կհասնենք,֊ասաց Ծովինարը շշից տղային ջուր խմեցնելով։
-Մա՜մ, ցավում է…
-Ոչինչ տղաս հիմա կհասնենք հիվանդանոց ու խոստանում եմ էլ չի ցավի։
Հայրը հազիվ էր զսպում արցունքները, բայց չէր պտտվում տղային հանգստացնելու, վախենում էր չկարողանա տեսնել տղային այդ վիճակում։
-Հանկարծ չնեղվես, հեսա կհասնենք ու դու ոտքի ես կանգնելու, դու ապրելու ես ու քայլես ինչպես առաջ էր,- զարմանալիորեն ուժ գտբելով ասաց հայրն ու պտտվեց։ Նա երկար նայում էր տղայի կուլ գնացող աչքերին։
-Ցավում է…
-Դիմացիր հիմա կհասնենք,֊ ճանապարհին քիչ էր մնացել։
-Մա՛մ, պա՛պ, ես ձեզ շատ եմ սիրում,-դանդաղ ու փոքր ինչ կմկմալով ասաց Արամը,- եղբայրներիս էլ։ Մա՛մ, իրենց կասես թող իմ փոխարեն էլ ապրեն…

-Չասես էլ նման բան, չասե՛ս։
Ծովինարը հասկանում էր պահի լրջությունն ու լուռ արտասվում…
-Կներես, մա՛մ,-վերջին շնչով ասաց Արամը։ Պատասխան միայն լսվեց մոր բարձր բղավոցը, որ լսելի էր մեքենայից դուրս անգամ։ Մայրը գոռում էր ճակատագրի վրա, պահանջելով մի հարցի պատասխան. 《Ինչի՞ համար》։
Երեկո է… նրանց տան լույսը շարունակում է վառվել, բայց տված ջերմությունը նույնը չէ։
Արամն էլ չկա… Ձմռան արև է դարձել…


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ