
-Օ՜ֆ, էս ինչ շոգ ա, ջուր էլ չունենք։
-Հա՛, լա՛վ, մի քիչ էլ դիմացեք, տղամարդ չե՞ք…
֊Կամանդիր, ո՞ւշ են բերելու ջուրը։
֊Ա՜ դե, զահլա տարաք տղերք, դիմացեք էլի,֊ համբերությունը հատած ասաց հրամանատարը։
Ամեն ջուր վերջանալուց պոստերում միշտ այս խոսակցությունն էր, բայց տղերքը դիմանում էին, չնայած նրան, որ այդ օրերին թվում էր արևը ամենաուժեղն է, իսկ շոգը՝ ամենասաստիկը։
֊Տղե՜րք, նայեք էկավ ջրի ավտոն, աչքներդ լույս,֊ աչքալուսանք տվեց Մարտիրոսյանը։
Բոլոր զինվորները սկսեցին ուրախանալ, շոկոլադ տեսած երեխայի նման։
֊Բադալյա՛ն, թռի իմ բաժին ջուրը բեր,֊լուրջ դեմքով, բայց աչքերի ծիծաղով խոսեց Սիմոնյանը։
֊Ի՜,գժվա՞ր Սիմոնյան, հեսա որ հասա ընդեղ է….,֊ կատակին չդիմացավ Բադալյանը։
֊Տղե՛րք, ո՞վ ա ազատ, իջե՛ք, վերցրե՛ք,֊ լսվեց հրամանատարի ձայնը… Լավ, Բադալյան դո՛ւ գնա…
֊Տեսա՛ր արա, որ ասում էի թռի,֊ իրենից գոհ խոսեց Սիմոնյանը, հետո էլ աչքով տվեց։
֊Սիմոնյան, բայց ի՜նչ մարդ ես դու, վերջը տղուն ուղարկիր ջրի էլի,֊ ժպիտը երեսին ասաց Մարտիրոսյանը։
Բադալյանը գնաց ջրի հետևից… չէր անցել հաշվով տաս վարկյան ու լսվեց սարսափելի ձայն, գնդակոծում էին դիրքերը…
֊Տագնա՜պ, տղե՛րք, դիրքավորվե՛ք, չվախենա՛ք, ուշադի՛ր եղեք, ո՛չ մեկ ինքնագլուխ ոչ մի բան չանի՛, չպակասե՛ք, ով վիրավորվեց մինչև զորացրվելը տուն չեմ թողելու,֊ գոռաց հրամանատարը ու կապ տվեց զորամաս։
Տղերքը չհասկացան պահա՞նջ էր, հրամա՞ն թե՞ խնդրանք կամանդիրի ասածը, բայց իրենք իրենց մեջ խոստացան պահել հրամանատարի խոսքը։
֊Բադալյանը մնաց ներքևը կամանդիր,֊ վախվորած ասաց Սիմոնյանը։
֊Սիմոնյա՛ն, հանգիստ եղի, Բադալյանը մենակ չի, համ էլ ինքը խելացի զինվոր ա, բան չի պատահի,֊ ընկերաբար հույս տվեց հրամանատարը։
Գնալով կռիվը թեժանում էր Բադալյանը չկար, իսկ օգնական ուժերը ուշանում էին։
֊Վա՜յ, ես ձե՛ր….,֊ գոռաց Մարտիրոսյանը ու զենքը թողած վազեց դեպի Սիմոնյանին կողմ, վերցրեց ընկերոջ արնաշաղախ մարմինը ձեռքերի մեջ…,֊ Սիմոնյա՜ն, աչքերդ բա՛ց ախպերս, հելի՛ ցավդ տանեմ, աչքերդ բա՛ց…հրամանատա՛ր Սիմոնյանին խփել են…
Սիմոնյանը վիրավոր էր…արյունը հոսում էր, իսկ իր բաժին ջուրը Բադալյանը ուշացնում էր։
Տղերքը կռվում էին, այնպես, կարծես էլ երբեք չեն ապրելու, կռվում էին մեռնելու համար, կռվում էին ուրիշներին ապրեցնելու ու թիկունքը ազատ պատելու համար….
Բադալյանը ջուրը հասցրեց… ուշ էր…վիրավորի ուժերը լքել էին իրեն….
֊Ախպե՛րս, Անդոն ջուրը բերել ա, հելի՛, որ խմես…,֊ արցունքները զսպելով, բայց ցավը կոկորդում խեղդած ձայն էր տալիս Մարտիրոսյանը։
Սիմոնյանը մի պահ բացեց աչքերը, նայեց երկինք՝ ժպտաց՝ հրեշտակներն էլ իրեն էին ժպտում… ժպտաց՝ որովհետև երբեք երկինքը այդքա՜ն խաղաղ չէր տեսել… էլ չէին կրակում….
֊Տղե՜րք, իմ բաժին ջուրը դուք կխմեք…
Երկինքը մթնեց, սրանք էին զինվորի վերջին խոսքերը…ու Մարտիրոսյանը գոռաց կոկորդում հավաքված վերջին շնչով, ընկերը էլ չկար, զոհվեց սեփական ձեռքերի վրա՝ իր բաժին ջուրը իրենց թողնելով…..
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0