
Թողնելը, որը մենք հիմա ընկալում ենք թույլ տալ կամ լքել իմաստներով, ժամանակին այլ իմաստներ էլ ա ունեցել։
Աճառյանն ասում է, որ թողնել նշանակում է ներել։ Չէ՞ որ թողություն՝ ներում ենք խնդրում:
Ի՞նչը կամ ու՞մ ենք ներում, երբ թողնում, գնում ենք։ Թողնում ենք մեր տունը, քաղաքը, հայրենիքը, ընկերոջը, սիրածին, կամ ավելի պրագմատիկ՝ ուսումը, աշխատանքը։ Երևի ինքներս մեզ ենք ներում։ Ներում ենք, որ նախկինում ունեցած երազանքներն ու ցանկությունները մեզ էլ չեն գրավում։ Ներում ենք մեր դավաճանությունը մեր երազանքներին։ Ներում ենք ու թողնում, գնում։ Գնալուց առաջ դիմացինին երբեմն ասում ենք՝ «թող գնամ»։ Առաջին հայացքից թվում ա, թե թույլտվություն ենք խնդրում, բայց իրականում, կարո՞ղ են թույլ չտալ։ Բացարձակ անզորությունից կարող են լուռ աչքերիդ նայել, լացել, խնդրել, գոռալ,նեղանալ, բայց թույլ չտա՞լ։ Չէ, չեն կարող։ Ստացվում ա, որ երբ մեր մորը, քաղաքին կամ սիրածին ասում ենք «թող գնամ», ուզում ենք ասենք՝ «դու էլ ների, որ գնում եմ»։
Աճառյանը նաև ասում ա, որ թողնել նշանակում ա թույլ լինել։
Մենք թույլ ենք դառնում, երբ թողնում, գնում ենք, թե՞ թույլ լինելուց ա, որ լքում ենք կամ թույլ տալիս մեզ լքեն։ Հիմա թողնել-լքելը հեշտ ա։ Կարոտեցիր՝ կբացես նկարը կնայես (տանդ, քաղաքիդ, սիրածիդ)։ Կարոտից խեղդվեցիր՝ վիդեոներ կբացես, կնայես։ Գիշերը զարթնեցիր, տխրելուց մրսեցիր՝ նամակները կկարդաս։ Երևի ամեն դեպքում թողնել-թույլ լինելուց ա, որ նախընտրում ենք թողնել-լքել։ Էդ հեշտ ա։ Ոչ ոքի մասին հոգ չես տանում, էներգիա չես ծախսում թողնել-ներելու վրա, չես մտածում, թե ինքդ քեզ ինչ թույլ տաս անել, ինչ՝ չէ։
Հասկանում ես, որ ամբողջ ռոմանտիկան, որն առաջ տեսնում ու զգում էիր, չկա։ Երևի չի էլ եղել։ Երբ արդեն մի քանի անգամ թողել ես (թողել- գնացել ես, կամ էլ թողել-ներել ես նրան, ով քեզ ա թողել-գնացել), հասկանում ես, որ ամեն անգամ թողնելուց հետո նորն ես գտնում։ Նոր տունդ, քաղաքդ, ընկերոջդ, սիրածիդ կարողանում ես սիրել էնքան ուժեղ, ինչքան հին տունդ, քաղաքդ, ընկերոջդ,սիրածիդ էիր սիրում։ Մի բան ա փոխվում՝ արդեն գիտես, որ թողնելը հիմա հեշտ ա․ կկարոտես՝ նկարը կնայես, նամակները կկարդաս։