
Էլզին խմել էր։ Ավելի ճիշտ՝ երկուսով էին խմել։ Հասկանալի է՝ ալկոհոլ։ Շամպայն։ Բայց հարբածությունը մենակ դրանից չէր։ Հազիվ էր սկսել առանց հիշելու ապրել, կարծես նորմալ սիրահարվել էր վերջապես, իսկ նա հանկարծ նորից եկավ։ Եկավ ու իր մշտական ցինիկ անկեղծությամբ գրավեց իր տեղը։ Իսկ ու՞մ էր պետք՝ դա ոչ ոք չհարցրեց։ Ինչպես միշտ…
Փողոցներում մարդիկ ինչ-որ շատ էին, աղմուկ էր, իսկ ինքը դեռ պետք է լուրջ գործերով զբաղվեր՝ հնարավորինս ուղիղ քայլելով ու պարզ խոսելով…
Երգում էր քթի տակ. ի՞նչ կա որ, միևնույն է՝ ոչ մեկի հետաքրքիր չէր, մարդիկ ժամանակ չունեին…
Ասում էր՝ հիշել է իրեն, շատ է հիշել… Ի՞նչ հասկանաս, գուցե սիրու՞մ է, հը՞… Բայց ախր ո՞նց… Չէ, իրեն, իհարկե, սիրել հնարավոր է, բայց ինքը՞…
Սխալ տեղ մտավ։ Դուրս եկավ։ «Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ, դու նորից գերել ես իմ հոգին…»։
Ինչի՞ է նրա հետ միշտ հանգիստ՝ չնայած հնարավոր բոլոր տարբերություններին…
Հարցերը սեղմում էին գլուխը ներսից։
Գրո՛ղը տանի, միևնույն է՝ պատասխան չկա, վերջ չկա, հեռանկար էլ… «Դու խենթ ես, խենթ…» էստեղ բառերը պետք է փոխել…
Սկզբում թվաց՝ լրջացել է, պլաններ ուներ, լավ գաղափարներ, բայց կյանքը վայրկյանում անմտածել վայելելու մոլուցքը նույնն էր մնացել։
«Կուզեի էնքան լինեի, որ օգնեի՝ կախվածությունից դուրս գաս», – հիշեց քիչ առաջվա իր ասածը՝ հարբած – դողացող ձայնով (մի քիչ էլ ցուրտ էր)։
Պատասխանը ժպիտն էր ու «մի երգ կա, հաստատ չես լսել, լսենք»։
Ինչպես այն ժամանակ՝ նկատեց բոլոր մանրուքները…
«Դու նորից եկել ես… Քեզ սիրեմ, քեզ սիրեմ, քեզ սիրեմ, ի՞նչ անեմ…»։
«էլի չվերջացավ։ 6 ամսից կգա էլի։ Մինչ այդ ի՞նչ կհասցնեմ։ Չեմ ուզում էլի կախում, էլի սխալ։ Խաղաղ ապրել եմ ուզում, նորմալ սեր։ Հերիք է էս դրաման, էլ չեմ ուզում լուրջ կինոյի սեր»։
Կամուրջի մոտ կանգ առավ. «Տեսնես ի՞նչ են մտածում, որ քցվում են, իրենց հետաքրքիր չի՞ թե հետո ինչ է լինելու։ Հարմար էլ չի, բազրիքը բարձր է»։
«Ես այսօր փոխում եմ, տե՛ս, կեսգիշերը իմ, քո սիրո հետ փոխում եմ, տե՛ս, կեսգիշերը իմ…»
Ամեն դեպքում՝ գործերը վերջացրեց։ Քամին թարմացրեց, հարցերը հեռացան, գլխացավը թողեց։
Հոգեբանական ֆիլմ հանդիպեց. «մի քիչ էլ ուրիշների մասին մտածեմ»:
Հիշեց ընթացքում.
– Նույնն ես մնացել։ Գիտեի, որ գոնե դու փոխված չես լինի, դրա համար զանգեցի։
– Դժվար փոխված չլինեմ, քանի՜ տարի է անցել։
– Բնույթդ չի փոխվել, չի փչացել։ Մի քանի հոգի էին նույնը մնացել…
Այդպես էլ չկարողացավ մինչև վերջ հավատալ ու վստահել խորը աչքերով այդ տղային։ Բայց անկախ ամեն ինչից, մի բան կար, որը ստիպում էր վերադառնալ, իսկ թե ի՞նչ՝ չէին հասկանում երկուսն էլ…
Էլզին քնեց։ Միևնույն է՝ ոչինչ չէր փոխվի մենակ մտածելով։