Ճանաչիր ինձ – Շողեր Գասպարյան

Ողջու՜յն: Ես Շողեր Գասպարյանն եմ Արմավիրի մարզի Շենիկ գյուղից։ Ծնվել եմ 2001թ․ ապրիլի 2-ին։ Ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը, այժմ սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում։ Մասնագիտություն ընտրելու հարցում միշտ երկմտել եմ, քանի որ ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում։

Դեռ մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլը, բակում երեխաներով միշտ խաղում էինք։ Հետո գյուղում աղջիկների «հավաքական» բացվեց։

Դե հա,  սկզբում հավաքական չէր, որովհետև տարին մեկ մի երկու խաղ էինք խաղում հարևան գյուղի աղջիկների «հավաքականի» հետ, բայց հետո արդեն իսկական հավաքական ունեցանք, և գյուղի ժողովուրդն էլ արդեն ընդունեց, որ իրենց գյուղը աղջիկների հավաքական ունի․մեծ ձեռքբերում էր։ Խաղում էինք GOALS-ի (Girls of Armenia Leading Soccer) Արմավիրյան լիգայում, որտեղ հասցրեցինք զբաղեցնել և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականները։

2016թ․ ապրիլը կարծես ճակատագրական եղավ ինձ համար, եթե ուշադրություն դարձնեք ծննդյանս օրվան, կհասկանաք՝ ինչու։ Մինչ այդ էլի ստեղծագործում էի ու միայն հայրենասիրական թեմայով, բայց այդ օրվանից հետո հայրենասիրությունն ու Հայը ավելի արմատավորվեցին իմ մեջ, և ևս մի քանի բանաստեղծություններ ծնվեցին։ Հիմա ստեղծագործում եմ տարբեր ժանրերով, հիմնականում չափածո, բայց ունեմ նաև արձակ գործեր։ Ազատ ժամանակ սիրում եմ նկարել, բայց սև մատիտով միայն, չգիտեմ՝ ինչու, հոգեհարազատ է։ Շատ եմ սիրում մեր ազգային երգն ու պարը, երկու տարի հաճախել եմ ազգային պարերի, և ամեն պարը պարելիս կամ երաժշտությունը լսելիս ամբողջ հոգով հպարտություն ու հզորություն էի զգում, զուռնան հոսում էր երակներովս, դհոլը խփում էր սրտիս բաբախյուներին համահունչ․ներդաշնակություն էր․․․ Ֆինանսիստի մասնագիտությամբ չեմ բավարարվելու, գրական գործունեությունս հաստատ շարունակելու եմ, արվեստն ու գրականությունը ինձ շատ հոգեհարազատ են։


Ներկայացնում եմ Ձեզ իմ ստեղծագործություններից մի քանիսը.
Երբեք չես եղել այն, ինչ եղել ես,
Ես չեմ լինելու այն, ինչ հիմա կամ,
Օրեր շարունակ դու ինձ նեղել ես,
Նեղելու հարցում և՛ կամ,և՛ չկամ։
Ես այն չեմ եղել ինչ որ եղել եմ,
Դու չես լինելու այն, ինչ հիմա կաս,
Քո ցաված տեղը ես միշտ դեղել եմ,
Տվածդ ցավին լոկ աղն էր պակաս։
Մենք այն չենք եղել, ինչ որ եղել ենք,
Ու չենք էլ լինի այն, ինչ հիմա կանք,
Հերիք է մեզ այն, ինչ իրար մեջ պեղել ենք,
Ժամանակն է, որ մենք առնենք կանգ։
Դու չես լինելու, ես չեմ էլ եղել…

Հեռանում եմ

Ես հեռանում եմ, կուզես անվանիր «առանց պատճառի»,
Ես հեռանում եմ, թող հեռացումս ցավ չպատճառի,
Գնում եմ ես առանց հետդարձի, առանց կեղեքող մի երկար ճառի,
Բայց ես էլ գիտեմ, որ սիրտս խելքիս կհակաճառի։
Ու թող դատարկվի և վերջին շիշը գինու, մաճառի,
Թող թեկուզ նա էլ իր սրտի չեղած սերը վաճառի,
Թող ինչ որ մեկն էլ մնա միայնակ, առանց մի ճարի,
Թող մեկն էլ ժպտա ու ձեռքը մեկնի մուրիկ անճարի։
Ես էլ թող կոչվեմ սատանա, բարուց ինչ-որ տեղ վերածվեմ չարի,
Թող ասածներս մեկ-մեկ գուրգուրի,մեկ էլ չարչարի…
Ու հետո արդեն խելքս իմ սրտին կհակաճառի,
Ես էլ լավ գիտեմ, ինչ որ գտել եմ, հետո՝ կորցրել, նորից չեմ ճարի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ