
«Շիկահող» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Կապանի անտառտնտեսության հիման վրա ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի թիվ Պ-341, 13.09.1958 թ. որոշմամբ` Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող լայնատերև անտառների յուրահատուկ ֆլորան և ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու և վերականգնելու նպատակով: 1963 թ-ին այն վերափոխվել է Բարթասի արգելավայրի և վերականգնվել է որպես արգելոց միայն 1975 թ-ին: Պահպանության հիմնական օբյեկտներն են հանդիսանում լայնատերև (կաղնու, բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և կենդանական աշխարհը:
Բոլոր տեսակի գործունեությունները, որոնք վերաբերվում են բնական էկոհամակարգերի, գենետիկական ռեսուրսների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության հետազոտմանը, բնական ժառանգության պահպանությանը, բնական ռեսուրսների վերականգնմանն ու հաշվառմանը իրականացվում են «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Այս կազմակերպության լիազորությունների մեջ է մտնում նաև «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի կառավարումը: