Շաղիկ (Շողիկ Ղազարյան) – «Մամ»

Մենք լռություն ու ժպիտ ենք,
մամ,
և հա´, էս մեկը մեր մասին է, մամ…
Ես քեզանից ու քեզանով եմ,
Քո առաջինն ու քո անհամբերը,
մինչդեռ դու համբերել ես ինձ…
Նեղություն եմ քեզ տվել
ու դեռ տալիս եմ.
ես կամակոր երեխա եմ
ու համառ աղջիկ,
նույնիսկ ինքս իմ հանդեպ չեմ ընկրկում,
բայց մի ժամանակ լռել եմ ձայնիցդ ու քնել, երբ երկուսով ենք երգել:
Ես զգայուն եմ իմ պատերից ներս,
իսկ դու ուժեղ լինել գիտես, մա,
երևի թաքուն ժպտում ես,
ու հպարտանում, որ քեզ եմ նման,
իսկ ես դեռ սովորում եմ թույլ չլինել,
առանց ավելորդ մակդիրների,
չէ որ ես դեռ երեխա եմ, մա:

Մենք կամուրջներ կառուցել գիտենք,
ավելի ճիշտ կլինի ասել`
ես քանդել գիտեմ,
դու` կառուցել երկուսիս համար…
Կներես ինձ, մա,
որ գոյությանդ զուգահեռել եմ իմ գոյությունը,
և հեռանում եմ հաճախ…
Մամ, ես քեզանից եմ,
Իմ անհայտում քեզ չեմ ընտրել,
բայց ամեն օր քեզ եմ ընտրում արդեն քսան տարի:

Ուզում եմ իմանաս, մա,
Որ հոգուս խորքում ես դեռ երկուս եմ,
և քեզանից եմ…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ