
Մեր գետերի ակունքները գիտե՞ք, որտեղից են սկիզբ առնում,
Ի՞նչ անապակ անձրևից են ջինջ ամբարվում,
Աստծո աջի օրհնությունը միշտ ստանալով՝
Ի՞նչ բարձունքից են գահավեժ ցած գլորվում։
Մեր ջրերի սառնությունից սպիտակ <<ծուխ>> է միշտ բարձրանում,
Ամռան տապին պապակ շուրթիդ առնելուն պես՝
Ցրտից մարմինդ է սարսռում, փշաքաղվում։
Մեր ջրերի քչքչոցը հզոր շառաչ է հիշեցնում,
Որոնց դյութիչ ու կախարդիչ հնչույններից՝
Մի նոր Մոցարտ ու մի նոր Բախ պիտի ծնվեն շամշադինյան բնաշխարհում։
Մեր գետերի ափերի մոտ պիտի նստեմ ես գլխահակ,
Որ ինձ պատմեն մեր Սուրբ երկրի պատմությունը վաղնջական,
Մեր պապերի ադաթների խորությունը ինձ մեկնելով՝
Օգնեն կապել մեր անցյալը ապագային՝ նո՛ր թելերով։
Մեր ջրերի ապրեցնող ու կենարար ուժին փարված,
Ես էլ հոգուս գրիչն առած, հայրեններին սիրահարված պոետի պես՝
Կտարածվենք մեր դաշտերի ծաղկունքի մեջ խելատարած,
Որից ծնված ամեն ծաղիկ՝ երկրիս ձոնն է ողջ աշխարհում սփյուռքատարած։
Ու քնքշիրան մի գեղուհի երկարավիզ իր սափորով,
Թումանյանի գրչին հատուկ նկարագրով,
Շորորալեն ջուրը կիջնի՝ սիրած յարին աչքի պոչով հետևելով։
Մեր ջրերի կարոտից է հայ պանդուխտի շուրթը ճաքում,
Նրա պապակ սրտի հողը՝ հեգ կարոտից է ճաքճքում,
Մեր գետերի քամարակապ ամրությունն է պինդ ագուցել,
Որ իմ երկրի սեգ սարերի մեջքը ամուր է մնացել…
Ջու՛րը, ջու՛րը, շամշադինյան իմ Սու՛րբ երկրի ապրեցնո՛ղ ու հրա՛շք ջուրը…