Ինչպե՞ս ազատվել աչքերի տակի սև շրջանակներից

Աչքերի տակ մուգ շրջանակների առաջացման պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած վիտամինների պակասից ու հիվանդություններից,մինչև քրոնիկ հոգնածությունն ու անքնությունը: Ընտրել ենք մի քանի միջոցներ՝շրջանակներից ազատվելու համար,քանի որ վերջին մեկ ամսում գրեթե բոլորս ունենք նման խնդիր։

Ճիշտ ապրելակերպ:

Եթե այս խնդիրը պայմանավորված է սխալ ապրելակերպով, անքնությամբ ու քրոնիկ սթրեսով, ապա հարկավոր է անել ամեն բան այդ պատճառներից ազատվելու համար: Առաջին հերթին հարկավոր է վերանայել օրակարգը և քիչ ժամանակ անցկացնել համակարգչի առջև: Եթե համակարգչից հեռու մնալն անհնար է, ապա հարկավոր է ընթացքում անել 15 րոպե տևողությամբ դադարներ յուրաքանչյուր 1-1,5 ժամը մեկ: Բացի այդ, անհրաժեշտ է ամեն օր նույն ժամին պառկել քնելու և խուսափել շատ քնելուց, քանի որ դա նույնպես կարող է վատ անդրադառնալ արտաքին տեսքի վրա

Կարտոֆիլ:

Հարկավոր է առանց կեղևազրկելու խաշել կարտոֆիլը, սառեցնել այն, այնուհետև բաժանել երկու մասի և առնվազն կես ժամ դնել աչքերին: Կարելի է նաև քերիչով մանրացնել միջին չափի մի կարտոֆիլ, ավելացնել մի կաթիլ ձիթայուղ և ստացված խառնուրդը դնել կոպերին:

Թեյ:

Շատ արդյունավետ են նաև թեյով կոմպրեսները: Հարկավոր է թեյի թուրմի մեջ թրջել բամբակյա տամպոնները, 2-4 րոպե դնել աչքերին, այնուհետև փոխել տամպոնը և կրկնել այս պրոցեդուրան 4-6 անգամ: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է լվացվել գոլ ջրով, իսկ աչքերի շուրջը քսել հատուկ քսուք:

Մերսում:

Առավոտյան լվացվելիս հարկավոր է մերսել կոպերը: Անհրաժեշտ է զգուշորեն, առանց մաշկը ձգելու, մատների ծայրերով թույլ հարվածել կոպերին՝ շարժվելով քունքերից դեպի քիթը: Այնուհետև ամբողջ ուժով փակել աչքերը և հնարավորինս թուլացնել: Այս ամենը հարկավոր է կրկնել առնվազն 10 անգամ: Նման մերսում կարելի է անել նաև օրվա ընթացքում: Այն բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ մուգ շրջանակները դառնում են ոչ այդքան ակնհայտ։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ