Մարիա Հախվերդյան – «Սեր է Սիսիանը»

Մարդիկ աշխարհով մեկ շրջագայելու մասին են երազում, մինչդեռ շատերն գոնե մեկ անգամ Սյունիք չեն այցելել։ Հավատացնում եմ, Սյունիքում բնության գողտրիկ մի շարք անկյունների հետ աշխարհի ամենամեծ երկրների տեսարժան վայրերը գեղեցկությամբ մրցել չեն կարող։ Գեղեցկությունը մի կողմ` Սյունիքում ներդաշնակության ահռելի չափաբաժին կա։

Խոսքերս ամենևին էլ չեն արդարացվում միայն նրանով, որ ես այնտեղ եմ ծնվել։ Սյունիք այցելած ու գողտրիկ բնության գրկում իր կյանքի 3 րոպեն անցկացրած յուրաքանչյուր ոք կհաստատի խոսքերիս հավաստիությունը։ Դա է հավաստում նաև տարեկան ավելացող զբոսաշրջիկների թիվը դեպի Սյունիք։

Սյունիքի մի մասնիկի մասին եմ ցանկանում խոսել` Սիսիանի։ Սիսիանը դարձել է իմ անվան ու էության անբաժանելի մասը` ինչպես անունս ու ազգանունս։

Սիսիանն ինձ համար սիրելու, անմնացորդ նվիրվելու, ծաղկեցնելու քաղաք է, ու ցավոք ինձ ու շատերի համար համար` միշտ կարոտելու։ Բայց հեռավորությունը մեզ երբեք չի բաժանում, հոգով` ես միշտ իմ տանն եմ, հարազատ բնության գրկում, բնության ձայներին ձուլված։

Սիսիանում ամեն բան ուրիշ է` օդը, մարդիկ, բնությունը, ճարտարապետությունը, մտածողությունը, գաղափարախոսությունն ու մարդկային շփումը։ Այնտեղ օդի բաղադրության մեջ թթվածնից բացի կա բարություն, համախմբվածություն, միմյանց նկատմամբ օգնություն ցուցաբերելու և հարգելու կարողություն։

Սիսիանում կյանք կա, ինչպես նաև Սիսիանի ամենափոքրիկ գյուղերում։ Սիսիանում էլ մարդիկ երազում են բոլորի պես, դեռ մի բան էլ ավելի են գիտակցում ամուր նպատակադրման անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Սիսիանն ինձ համար մարդկային փոխհարաբերություններում ապրող բարության չափանիշն է։ Սիսիանում ցավը բոլորինն է, ուրախությունը նույնպես, խնդիրը` ամենքինը, լուծման համար ոտքի կանգնողը` «Բոլորը»։

Սիսիանը սիրահարվելու քաղաք է։

Այն սիրահարվածությունը, որ դառնում է ամենաիրական ու սրտից չանհետացող սերը։

Անունս ու ազգանունս արտաբերելուց հետո առաջին բանը, որը հպարտությամբ արտաբերում եմ` դա Սյունեցու կոչումն է։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ