
Սատուրնը Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ մոլորակն է՝ Յուպիտերից հետո, և Արեգակից ունեցած հեռավորությամբ վեցերորդ մոլորակը: Այն այդպես է կոչվել՝ ի պատիվ Հին հռոմեական այգեգործության աստված Սատուրնի, իսկ նրա նշանը ( ♄ ) խորհրդանշում է Աստծու մանգաղը:
Հավանաբար բոլորս էլ այս մոլորակի անունը լսելիս առաջինը, որ պատկերացնում ենք, նրա օղակներն են: Սատուրնի օղակները, օղակային համակարգ ունեցող մյուս մոլորակների համեմատ, բավականին խիտ են և տեսանելի․ երևույթ, որն առանձնացնում է այս մոլորակը Արեգակնային համակարգում:
Օղակներն առաջին անգամ նկատել է իտալացի հայտնի ֆիզիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը՝ 1610 թվականին, աստղադիտակի միջոցով: Հայտնաբերելով օղակները՝ Գալիլեյը զարմանքով նշել է․ «Սատուրնը միայնակ չէ, այն ունի ևս երեքին: Դրանք համարյա հպված են միմյանց և երբեք չեն փոխում իրենց դիրքը միմյանց նկատմամբ»: Նա օղակները բնութագրել է որպես Սատուրինի «ականջներ»:
Սակայն Գալիլեյին այդպես էլ չի հաջողվել հասկանալ դրանց ճիշտ էությունը, ինչը 1655 թվականին արեց հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը: Չնայած հետագայում իրականացված բազմաթիվ հետազոտություններին՝ մինչ այսօր էլ դեռ պարզ չէ, թե իրականում երբ և ինչպես են առաջացել այդ օղակները:
Սատուրնի օղակները կազմված են անսահման շատ փոքր մասնիկներից, սակայն մեծ մասամբ դրանք պարունակում են սառցե ջրեր, իսկ քարե զանգվածները շատ քիչ մաս են կազմում: Այնուամենայնիվ օղակները Երկրից անզեն աչքով դիտել անհնար է․․․
Բայց, մեկ րոպե․․․ շատ չխորանանք:
Այս զարմանահրաշ երևույթին ավելի մանրամասն կանդրադառնանք առանձին հոդվածում, իսկ այստեղ կխոսենք մի բանի մասին, որը կամ որոնք ևս Սատուրնին առանձնանցնում են Արեգակնային համակարգի մյուս մոլորակներից:
Կռահեցի՞ք․․․ խոսքը Սատուրնի բնական արբանյակների՝ լուսինների մասին է:
Վերջերս, « իմաց տալով » իր՝ մինչ այդ անհայտ 20 լուսինների մասին, Սատուրնը « խլեց » առաջին հորիզոնականը Յուպիտերից (79 լուսին) և դարձավ Արեգակնային համակարգի ամենաշատ թվով լուսիններ ունեցող մոլորակը:

Իլյուստրացիայում Սատուրնի վերջերս հայտնաբերված 20 լուսինների ուղեծրերն են / © Illustration: Carnegie Institution for Science. Saturn image courtesy of NASA/JPL-Caltech/Space Science Institute. Starry background courtesy of Paolo Sartorio/Shutterstock
Մոլորակի հայտնի լուսինների թիվը այժմ հասնում է 82-ի, որոնցից 53-ը պաշտոնական անվանումներ են ստացել: Լուսինները միմյանցից խիստ տարբերվում են իրենց չափերով․ դրանց մեջ կարող եք գտնել մի քանի տասնյակ մետր չափերով մինի լուսիններից մինչև հսկայական լուսիններ, որոնցից է, օրինակ, Տիտանը, որն Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ բնական արբանյակն է:
Լուսինները միմյանցից տարբերվում են նաև իրենց ձևով․ դրանցից որոշները գնդաձև են, մյուսները նման են կարտոֆիլի, քաղցր կարտոֆիլի, մսագնդի և անգամ սպունգի:
Մինչ այժմ 4 տիեզերանավեր են այցելել Սատուրնին․ 1979 թվականին Pioneer 11-ը առաջինը թռավ դեպի մոլորակը՝ այն ավելի մոտիկից ուսումնասիրելու, 1980-ին և 1981-ին համապատասխանաբար Voyager 1 և Voyager 2 տիեզերանավերը մեկնեցին՝ նրան հետազոտելու: Իսկ 2004 թվականին Cassini-ն հասավ Սատուրնին և 13 տարվա ընթացքում ամբողջական պտույտ կատարեց նրա շուրջ՝ հաղորդելով մինչ այժմ անհայտ տվյալներ։
«Cassini-ն նայեց, լսեց, հոտոտեց և անգամ համտեսեց Սատուրնի լուսինները, և այն, ինչ պարզեց դրանց մասին, պակաս տարօրինակ չէ», – գրում է NASA-ն:
Ինչպես արդեն նշեցինք՝ Տիտանը Սատուրնի ամենամեծ արբանյակն է և մեծությամբ երկրորդ բնական արբանյակը ողջ Արեգակնային համակարգում: Տիտանը հայտնի է նրանով, որ բացի Երկրից միակ վայրն է, որի վրա կա հեղուկ նյութ:
Ինչպես գիտենք՝ մեր մոլորակը հարուստ է հեղուկ ջրի հսկայական պաշարներով, քանի որ այն Արեգակնային համակարգում այնպիսի տեղ է զբաղեցնում, որը ոչ շատ հեռու է Արեգակից, ոչ էլ շատ մոտ: Սա հնարավորություն է տալիս, որպեսզի օվկիանոսները ոչ այնքան տաքանան, որ գոլորշիանան, ոչ էլ այնքան սառչեն, որ վերածվեն սառույցի:
Սակայն Սատուրնը, այդ թվում նաև իր արբանյակ Տիտանը բավականին հեռու են գտնվում Արեգակից, այդ պատճառով Տիտանի մակերևույթին ջուրը միայն սառած վիճակում է: Ավելին՝ արբանյակի մակերևույթի մեծ մասը սառցե ջրեր են:
Սակայն հեղուկ մեթանի և էթանի գոյություն ունենալուն այս պայմանները, կարծես թե, չեն խանգարում: Cassini- ի գիտնականներին հաջողվեց պարզել նաև այն, որ հեղուկ մեթանն ու էթանը ոչ միայն գոյություն ունեն Տիտանի մակերևույթին, այլ նաև թափվում են երկնքից անձրևի տեսքով՝ լցնելով հեղուկ լճերը, որոնց լայնությունը կարող է հասնել մի քանի հազար կիլոմետրերի, իսկ խորությունը մի քանի հարյուր մետրի:
Գիտնականներին նաև հաջողվել է պարզել, որ արբանյակի սառցե մակերևույթի խորքերում կա հեղուկ ջրի հսկայական օվկիանոս:
Ի դեպ, Տիտանը Սատուրնի միակ լուսինը չէ, որը կարող է «գլուխ գովալ» ընդհատակյա ջրերով․․․ Տեսնենք, թե ինչ են խոսում գիտնականները
Այս արբանյակը տրամագծով 10 անգամ փոքր է Տիտանից և մեծությամբ Սատուրնի 6-րդ արբանյակն է: Իր անվանումը նա ստացել է հունական դիցաբանության Էնցելադ հսկայի պատվին:
Արբանյակը հայտնաբերվել է աստղագետ Ուիլյամ Հերշելի կողմից՝ 1789 թվականի օգոստոսի 28-ին: Սակայն Էնցելադի մասին, գրեթե, ոչինչ հայտնի չէր, մինչև 1980-ական թվականներին Voyager 1 և Voyager 2 տիեզերանավերի ուսումնասիրությունները:
Իսկ Cassini-ի շրջագայությունն արդեն թույլ տվեց ենթադրել գիտնականներին շատ ավելին․ Էնցելադը ունի բոլոր այն կարևոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են կյանքի գոյության համար:
Cassini-ի գիտնականները արբանյակի հարավային բևեռի շրջանում հայտնաբերել են քուլա, որից դուրս են ժայթքում ջրի գոլորշի, սառցե մասնիկներ և պարզ օրգանական նյութեր: Ուսումնասիրելով դրանք՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ Էնցելադի այդ հատվածում « թաքնված է » ստորգետնյա հեղուկ ջուր:
Այժմ Cassini-ի հաղորդած բազմաթիվ տվյալներ թույլ են տվել գիտնականներին ենթադրել, որ Էնցելադը ոչ միայն այդ շրջանում է ընդհատակյա ջուր պարունակում այլ նաև կարող է ունենալ ընդհատակյա համաշխարհային օվկանոս:
Աղբյուր՝ focus-scape