
Սաթեն Խաչատրյան – «Եկեք թողնենք տեղում նրանց, ովքեր մեզ չեն հավատում»
Քո առջև դնում ես նպատակ, կազմում ես պլաններ, ծրագրում ես գործողություններ, բայց մեկ էլ հոպ, շրջապատի մի չստացված կադր հայտնում է իր բազմաբովանդակ կարծիքը քո գործունեության վերաբերյալ մոտավորապես այս բառապաշարով. “Հա լավ յանի ինչ մանկամտություն, ինչ ա ուզում ասած լինի, իրան մեծ բանի տեղ ա դրել, գիտի մենակով սարեր ա շուռ տալու…” Ու դու սկսում ես մտածել. “Լավ կարող ա իրոք չեմ կարող, կամ շատ եմ շտապում, կամ միգուցե…” Ու այ էսպես հազար հատ միգուցեներ են անցնում քո մտքով մի քանի “ուլտրաժամանակակից” մարդուկների պատճառով։ Ու հա, թող ոչ մեկ չասի. “Շրջապատի կարծիքն իմ համար մեկ ա, ես անում եմ այն, ինչ ուզում եմ”։ Հա, համաձայն եմ, ամեն մեկս յուրովի է ընդունում հասարակության կարծիքը, բայց միշտ էլ հոգու խորքում մտածում ենք. “Տեսնենս ուրիշները ի՞նչ կասեն”։ Ու իրոք մեծ խելք, կամքի ուժ ու պնդաճակատություն է անհրաժեշտ, որ բոլորին թողնես հետևում, իսկ դու շարժվես առաջ։ Բացի այդ, ուրիշի կարծիքը մի քանի փուլից է կազմված։ Դու ամեն ինչ դնում ես մի կողմ, գործում ես ու հասնում նպատակիդ, ու այ էստեղ սկսվում է նախանձի մյուս level-ը. “Լավ տեսնես ո՞վ էր կանգնած սրա մեջքին, ստեղ մի բան էն չի, քնից նոր զարթնել արդեն չգիտես ինչերի ա հասել”։ Ու այ էս “բազմակողմանի զարգացած” անհատները չեն էլ պատկերացնում, թե դու քանի գիշեր չես քնել, քանի անգամ ես ծրագիր գրել հետո պատռել, հետո նորից գրել։ Բայց դե բոլորին հայտնի բան է. կողքից հեշտ է երևում։
Լավ, ինչևէ, եկեք թողնենք տեղում նրանց, ովքեր մեզ չեն հավատում, և քայլենք նրանց հետ՝ ովքեր անվերապահ վստահում ու ընդունում են մեր որոշումները։