Սաթեն Վարդանյան – «Էսմերալդա» շարքից

Էսմերալդա, մարդիկ հաճախ ասում են`

կարմրահեր աղջկա գաղտնիքը բացիր,

պատմիր լեգենդը, պատմիր հեքիաթը,

պատմիր`ինչո՞ւ են աչքերն անխեցի,

ձեռքերը` միստիկ, մեդուզաները`ուսին, մազերին,

ինչո՞ւ է սիրում սպիտակ, ծանրաքաշ

ռնգեղջյուրներին…

մարդիկ ասում են` արդյոք խոսո՞ւմ է

հրեշտակների կտրած թևերից,

լուսնի բեհեզից, 
բանաստեղծներից.

խոստովանո՞ւմ է,

որ պատմությունը

լոկ անփորձ կին է,

ով միշտ կոտրում է ոտքը

նույն մասից…

Էսմերալդա, մարդկանց հետ խոսիր

ծառերին թառող աստղաբվերից,

գետաձիերի տառապանքներից,

բումերանգներից` ժանիքի հոտով.

պատմիր գինովցած լեռնաջրերի,

արցունքով հղի -արտերի մասին,

քրտնած ձիերի պիրկ մկաններին

դարսվող արևի,

երկնքի մասին.

Էսմերալդա, դու ասա մարդկանց,

որ այդ աղջիկը` բոսոր վարսերով`

Աստծո նվիրած հայելին է քո,

երբ բաժանվում է հերթական գրքից`

գրքի մարմինը դառնում է աղի.

ինչ կուզես պատմիր

մարդկանց հրեշսիրտ,

միայն թաքցրու`

ինչո՞ւ է ներկել մազերը կարմիր…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ