
Սովորական պատմություն իշխողի և իշխվողների մասին
Գնալով, մենք ավելի քիչ ենք սկսում զարմանալ: Անկախ նրանից, թե մենք դա կդիտարկենք որպես պատճառ թե ոչ, միևնույն է՝ դա տեղի կունենա որպես հետևանք: Միգուցե սա կարելի է ընդունել որպես բացասական երևույթ, քանի որ հետաքրքրության ու զարմանքի դրդումն է կյանքի շարժիչ ուժերից մեկը (եթե ոչ գլխավորն ու միակը), ու դրա կորուստն աղետալի է.. բայց սա նորմալ է, սովորական մի պրոցես.. Մենք հանդիպել ենք “ծերունիների”, ովքեր չեն զարմանում համարյա թե ոչնչից ու որոնց համար համարյա թե ոչինչ հետաքրքիր չէ: Ինչպես նաև հանդիպել ենք մարդկանց, որոնց հետաքրքիր է մարդկային շփումը, նորանոր ծանոթությունները, մարդկանց տարբերվող ինտելեկտները, ու դրանց առանձնահատկությունները, խնդիրների լուծման ճանապարհները տեսնելը…
Երբ մենք դիտում ենք ֆիլմեր, ամեն հաջորդ անգամ փորձում ենք դիտել այնպիսի մի նորը, որը մեր ուզած ժանրում կլինի նախորդից ավելի հետաքրքիր, և ոչ միայն: Կլինի մի ավելի հետաքրքիր նյութ, որը մեզ մտածելու տեղիք կտա, կստիպի մտածել իր առաջադրած խնդրի մասին (եթե այն կա ֆիլմում) ու չի ձանձրացնի: Ընդ որում, այս հետաքրքրությունը չի համեմատվում որևէ սանդղակով: Այն ուղղակի թվաբանական պրոգրեսիայի նմանությամբ՝ աճող “դոզաների” (ազդեցության չափաքանակների) հաջորդականություն է, որն ամեն մյուս քայլին պահանջում է դրական շեղում:
Երևի ավելի կոպիտ, բայց երևույթը պարզ նկարագրող օրինակ կարող է լինել Կոելիոյի հայտնի հերոսուհու՝ Մարիայի կերպարը, ով փորձում է նարկոմանի պես նոր բացահայտումներ անել ինքն իր մարմնի հետ ու ամեն անգամ ստանալ նոր “չափաբաժին”:
Մարդը փորձում է անել բացահայտումներ: Փորձում է ինքն իր համար հասկանալ, թե օրինակ՝ ինչ է սերը, ինչ է կնոջ գեղեցկությունը.. Դրանք անչափելի են և ինդիվիդուալ, բայց մարդը փորձում է դա անել ինքն իր համար, իր ներսում:
Սակայն մեզ համար դա գնալով ստանդարտիզացվում է.. այ՝ գեղեցկությունը պետք է լինի էսպես, մոդան թելադրում է կրել սա, ունենալ էսպիսի շրթունքներ, մկանոտ մարմին… Բայց իրականում սրանք ինդիվիդուալ են, ու սթափության այլ մակարդակի վրա գտնվող մարդը սրանց փորձում է ուշադրություն չդարձնել, ու գտնել-հայտնաբերել սեփական երջանկությունը: Իր երջանկությունը: Որը իր հորինածն է, որի “հեղինակն” ինքն է, միտքն ու իդեան իրենն են: Բայց այստեղ հենց ամենասկզբից այդ ազատության ձգտումը կանգնում է ստանդարտների բազմաշերտ ու բարձր պատնեշի առաջ:
Գնում է մարդկանց ճաշակների ստանդարտիզացիայի պրոցես: Այսինքն, այն ուտելիքը, այն ինֆորմացիան, ու այն ամենն ինչը որ մարդը սպառում է, փորձում են տեղավորել մի ստանդարտում, որը կբերի նրա առավել հեշտ վերահսկման, որի միջոցով նա կլինի հսկողության տակ՝ թեկուզ նրա միայնակ ժամանակ:
Լինում են մարդիկ, որոնք այս կամ նման այլ հանգամանքներից ելնելով, փորձում են դուրս գալ հանրության այս ստանդարտ կաղապարներից (ամենայն հավանականությամբ ըմբռնելով այդ ամենը, կամ ենթագիտակցորեն), ու փորձում են թեկուզ ֆիզիկապես չկերակրվել նմանատիպ ստանդարտներով: Էս ամենից հետո աստիճանաբար տեղի է ունենում սթափության աստիճանի փոփոխություն, որը նա ստանում է հանրությունից հեռու, ինչ-որ փակ տանը, սարերի մեջ, անապատում, գիշերն անկողնում արթուն պառկած, գնացքով երթևեկելիս անցնող բնակավայրերին նայելիս…
Հնարավոր է՝ մենք ճանաչում ենք էդպիսի մարդկանց, ու անձամբ գիտենք որ նրանք կան, ովքեր փորձել են առանձնանալ շրջապատող միջավայրից (ֆիզիկապես, կամ ոչ միայն):
Իրականում նրանք բոլորն են.. Յուրաքանչյուրը ձգտում է մտային ազատության, իսկ այդ ձգտումը գործնականում (գոնե տեսանելի լինելու մասով) արտահայտվում է տարբեր չափերով, տարբեր ձևերով, յուրաքանչյուրի համար տարբեր ճանապարհներով, նույնիսկ այնքան տարբեր, որ երկու մարդիկ կարող են իրար չհասկանալ: Չհասկանալ, որ նրանք երկուսն էլ բռնել են միևնույն աղջկա երկար փեշերի տարբեր հատվածներից:
Օրինակ՝ մի դատապարտյալը միևնույն պայմաններում կարող է փախուստի պլան կազմել, իսկ մյուսը կարող է կտրականապես դեմ լինել դրան ու մտածել որ փախուստը ոչինչ չի նշանակում. եթե նույնիսկ հաջողվի, դրանով հարցը չի լուծվում, ու/կամ պետք է հարմարվել: Ինչ-ինչ պայմաններից ու հանգամանքներից ելնելով, հնարավոր է, որ այս երկու սուբյեկտների մոտ տեսակետները համարյա թե ամբողջությամբ փոխարինվեն:
Վերջերս նայում էի մի տեսանյութ, որտեղ պատմվում էր Չարլզ Մենսոն (Charles Manson) անունով մի մարդու մասին, որը դիտարկվում էր որպես սերիական մարդասպան [այստեղ ես նույնիսկ չեմ էլ շոշափի սպանության դեպքերը], բայց առաջին հայացքից ոչ այնքան ստանդարտ, որը սովորաբար պատկերացնելի է (ինձ համար թերևս միմիայն առաջին հայացքից):
Այնտեղ հնչում էր նրա անձի հոգեբանական վերլուծությունն ուսումնասիրող մասնագետներից մեկի տեսակետը:
Մասնագետը պնդում էր, որ հանրության նկատմամբ ատելությամբ լցվելու հիմքը/դրդապատճառը հիմնականում “ծանր” մանկությունն է:
Այն փաստերը, որոնք ես պարզեցի միայն այս հոլովակից ու հիմա կարձանագրեմ (ամենևին չեմ պնդում դրանց ճշմարտացի լինելուն), հիմնականում սրանք էին.
1. Մենսոնի մայրը Չարլզին ծնել էր 16 տարեկանում: Նա պատրաստ էր նույնիսկ մի գավաթ գարեջրի հետ փոխանակել երեխային, կամ թեկուզ տալ ցանկացած մեկին, ով կհամաձայնվեր հոգ տանել նրա մասին:
2. Մենսոնի “ծառաները” հիմանականում առօրյա կյանքում դժվարություններ ունեցող երիտասարդներ էին (միևնույն “սպիտակ” ռասսայի ներկայացուցիչներ):
3. Մենսոնի մասին ասվում է, որ նա միջին տարիքում արդեն կյանքի մեծ մասը բանտում անցկացրած է եղել, ու բանտի պատերից դուրս կյանքում չի կարողացել դրսևորել իրեն ու չի կարողացել գտնել այն, ինչն ուզում է յուրաքանչյուր հումանոիդ էակ (սեր, ջերմություն, հոգատարություն, …): Այդ իսկ պատճառով նա փորձել է ստեղծել իր միջավայրը, որտեղ ինքը կլինի այն մարդը, որը որ ձգտել է՝ կլինի իշխող (դոմինանտ):
4. Նրան անձամբ ճանաչող “ընտանիքի” անդամներից մեկն ասում է, որ նա փորձում էր ամեն հարցում օգնել, նա ամեն ինչից հասկանում էր, “ներթափանցում էր” քո պրոբլեմների մեջ, ընկալում էր դրանք:
5. 1971 թվին, երբ իրեն մեղադրեցին սպանության մեջ, ու պետք է բանտ տանեին, Մենսոնը քննիչին ասում է. “Դուք ոչնչի չհասաք, ու դուք հիմա ինձ ուղարկում եք այնտեղ, որտեղից ես ծնվել եմ/սկիզբ եմ առել”:
Նախապես շեշտեմ՝ ես ենթադրում եմ մի պատմություն, որը գիտեմ այնքանով, որքանով որ տեղեկացվել եմ, ու անում եմ ենթադրություններ՝ բացառապես իմ ունեցած ինֆորմացիայի հիման վրա:
Այժմ ես կարող եմ գտնել նրա մասին նյութեր այնքան, որքան սահմանափակված չեմ “շահառու” կողմերից (տեղական կառավարություն, FBI, …): Այսինքն` Մենսոնի անունը հիմնականում շոշոփվում է որպես հետաքրքիր ինֆոյի աղբյուր, որը կբերի դիտումներ: Ընդ որում, այդ սահմանափակումը ամենևին որոշված չէ Մենսոնի կուլտի ուսումնասիրմամբ, կամ այլ կոնկրետ դեպքով: Այս հսկողությունը գոյություն ունի ամենուրեք: Բայց ամեն դեպքում, ինչ էլ որ հիմա ես ունեմ ձեռքիս տակ, իր մասին կարող եմ գալ հետևյալ եզրահանգումներին..
Մենսոնի խմբի մարդիկ իրենց որոշ չափով բավարարված էին զգում, ինչն իրենց մոտ չէր ստացվում հանրության մեջ: Այս ընդհանրական պատճառից ելնելով նրանք հավաքվել էին այդ խմբում, որտեղ իրենց նմաններն են: Իրենց անձը նման էր հասունացման տարիքում գտնվող (թեկուզև իրականում խմբում հիմնականում այդպիսիք էին) նուրբ աղջկա հեշտությամբ տրվող մտքին: Ընդ որում, այս դեպքում, ես բոլորին դիմեցի որպես մի սուբյեկտի, ասելով՝ “իրենց անձը նման էր…”, ու այս դեպքում կարևոր էլ չէ՝ խոսքն աղջկա մասին է թե տղայի: Որովհետև Մենսոնին հաջողվել էր նրանցից ստանալ մեկ ընդհանրություն, մի “ընտանիք”, իր յուրահատկություններով, նվիրվածությամբ, թուլություններով: Այս դեպքում նա կարծես ստանձնել էր մանկապարտեզի խմբակի դայակի դերը: Խմբի անդամները մեկտեղվել էին, որովհետև այնտեղ իրար հասկանում էին, ըմբռնում էին մեկը մյուսի խնդիրները: ՈՒ երևի հենց այստեղ կարելի է նշել, որ նման դեպքերում մարդիկ կասեին՝ “մի դասարանցի են”:
Մենսոնը խոցելի, անհատականություն չունեցող (կամ դեռ չգտած) մարդկանց հետ էր առնչվում, ու նաև օգտագործում էր LSD թմրանյութ (ակամայից հիշեցի այս տեսանյութը), խմբի անդամներին առավելագույնս վերահսկելի դարձնելու համար: Կարճ ասած՝ սա մի սովորական թմրամոլների խումբ էր (թերևս ինձ համար ոչ այնքան զարմանալի նորություն), որը պատրաստ էր անել ամեն հնարավորը՝ իր հովանավորի և իր հովանավորին պաշտպանելու համար:
Եթե մարդ ունի միտք, որն իր համար դժվար իրականանալի է թվում, ու միաժամանակ, եթե այդ մարդը սովորական անհատականություն դեռ չի ձևավորել, նա դառնում է խոցելի: Գտնում ես թույլ մասը, ու քաշում ես այնքան, որքան կկամենաս, ու որքան հնարավոր է:
Խմբի արդեն բավականին տարեց անդամներից մեկը պատմում էր, թե Մենսոնն իրենց ինչպես է մանիպուլացրել, որ այն ժամանակ փողոցներում “չոչ” անելով գնացել են դատարան ու ասել, որ Մենսոնը մեղավորություն չունի:
Իրենց աչքերում Մենսոնն իրոք մեղավոր չէր, քանզի իրենց համար Մենսոնը մաքուր էր: Բայց անցնում են տարիներ, մարդիկ հետո սկսում են հեռուանալ այդ հոգեբանական վիճակից, ու ասում են որ “այն ժամանակ” սթափ չեն եղել, եղել են ինչ-որ հիպնոսացված վիճակում:
Բայց եթե հնարավորություն լիներ չափելու իրենց սթափության աստիճանը (որը ինդիվիդուալ է յուրաքանչյուրի համար), այս դեպքում կարող ենք ասել, որ A ժամանակից մինչև այժմվա B ժամանակը, իրենց հոգեբանական փոփոխությունը ստացվել է որպես այդ միջանկյալ ժամանակի հետևանք: Ու քանի որ B-ն դա դեռ վերջնակետը չէ ժամանակային առումով, ուստի հետագայում տեսականորեն հնարավոր է հասնել սթափության այլ աստիճանի, օրինակ C-ի, D-ի, ու այսպես շարունակ: Այսինքն՝ ես չեմ չափում դրա մեծության սահմանը, բայց ես գիտեմ որ տվյալ պահից սկսած, հնարավոր է որոշ չափով ավելացնել սթափությունը:
Մենք հիմա ապրում ենք ինչ-որ convention-ներով, ինչ-որ միասնական “որոշված” (թեկուզև թղթի վրա ձևակերպում չստացած) օրենքներով ու բարքերով, հին ու նոր ադաթներով ու սովորույթներով օժտված հանրության մեջ, որտեղ մտածում են միանման, ու գտնվում են սթափության իրարից “չկտրված” (մաթեմատիկայում հայտնի անընդհատ ֆունկցիաների գաղափարի նմանությամբ) որոշված հաճախականության վրա: Որտեղ առօրյան նման է, ալիքները նույնն են, խանութներն ընդհանուր են, խնդիրները նման են, լուծումերը նույնպես.. (ահա և որտեղից է ծնվել “կրեատիվ”-ը):
Իսկ երբ մարդն առանձնանում է այդ հանրությունից, իր մոտ սթափության աստիճանը սկսում է փոփոխվել (“կտրվել”): Ստացվում է՝ հանրության սթափության “պատասխանատուները” փորձում են ամեն կերպ թույլ չտալ այդ հեռացումը:
Անհրաժեշտ եմ գտնում այս դեպքում տեղեկացնել, որ մաթեմատիկայում գոյություն ունի “տվյալ կետում ֆունկցիայի անընդհատության” գաղափար: Մաթեմատիկայից, կամ միգուցե կոնկրետ այս սահմանումից անտեղյակ մարդկանց համար սա կարելի է մատուցել մոտավորապես այսպես. որքան տրված կետին մոտիկ այլ կետ վերցնենք, այնքան նրանց արժեքները կլինեն մոտիկ:
Իսկ այստեղից նաև ենթադրվում է հաջորդ սահմանումը՝ “տրված միջակայքում ֆունկցիայի անընդհատության” մասին: Սա այն դեպքն է, երբ տրված միջակայքի բոլոր կետերում ֆունկցիան անընդհատ է: Հրաշալի է:
Բայց ֆունկցիայի անընդհատության գաղափարը գործում է նաև ժամանակակից հանրության համար: Իրապես, կարելի է կետում ֆունկցիայի անընդհատության սահմանումը փոխակերպել և ստանալ հետևյալը. հանրության միջի տվյալ մարդուն որքան “մոտիկ” մարդ վերցնենք, այնքան նրանց սթափության աստիճանները համընկնում են (մոտ են): Փաստորեն, ողջ հանրության համար, ունենք անընդհատ սթափության որոշված և կանխորոշված ֆունկցիա: Իրարից ոչ հեռու գտնվող անհատների “չկտրված” սթափություն:
Այս ամենը հաշվի առնելով, ֆունկցիայի գրաֆիկով (հանրության սթափությամբ) զբաղվող մարդիկ փորձում են միշտ վերահսկողության տակ պահել միջակայքի (հանրության) բոլոր կետերին (անհատներին)՝ հաշվարկելով նրանց գործողությունները (ընդունած արժեքները): Հակառակ դեպքում՝ հանրությունից առանձնացած անհատի մոտ կարող է դիտվել սթափության փոփոխություն, և տվյալ կետում կարող է առաջանալ “կտրված” հատված: Սա կարող է առաջացնել անորոշություն ոչ միայն տվյալ կետի (անհատի) հետ կապված, այլ նաև այդ անհատին շատ մոտ գտնվող մյուս կետերի (անհատների) մոտ: Սա այն խնդիրն է, որից խուսափում են հանրության պատասխանատուները:
Իդեպ, կարծում եմ՝ շատերը հանդիպած կլինեն “անձի բնութագիր” արտահայտությանը, հատկապես պետական-ուժային համակարգերի հետ առընչվելուց: Սա ոչ այլ ինչ է, քան անձի սթափության հնարավոր մինիմալ ու մաքսիմալ աստիճանների գնահատական, որը անհատապես պահվում է անվտանգության ծառայության խոշոր տվյալների բազաներում, հիմնականում՝ մարդու մասին ինֆորմացիայի հավաքագրման համապատասխան բաժիններում:
Մի առիթով Նապոլեոն I Բոնապարտը նշել է (կտամ իմաստային ձևակերպումը).
“Մարդու ցանկացած գործողության հիմնապատճառ կարող է հանդիսանալ կամ վախը, կամ անձնական հետաքրքրությունը” (անկախ այդ ամենը հասկանալուց կամ ընդունելուց):
Men are moved by two levers only: fear and self interest.
Անձամբ ես “անձնական հետաքրքրություն”-ը կփոխարինեի “երջանկության ձգտումը” ասվածով..
Օրինակ՝ երբ մարդն ուզում է “դառնալ ինչ-որ մեկը” հանրության մեջ, ունենալ հաջողություններ սպորտում, դպրոցում, համալսարանում, շրջապատում, աշխատանքի վայրում, նա դա կարող է անվանել որպես “երջանկության ձգտման շարունակական պրոցես”.. Բայց արդյո՞ք այս ամենը նա ինչ-որ տեղ չի անում հենց վախից ելնելով, որպեսզի նա չլինի “persona non grata”.. Նա փորձում է արձանագրել այն հաջողությունները, որոնք ընդունված են նույնիսկ ամենամանր դետալներում՝ տան վերանորոգման ու սենյակների պաստառի գույնից սկսած մինչև իր իսկ երեխայի hoverboard ունենալը: Քանզի դրանց բացակայությունը նրա համար “վերջն է” — “ինչու՞ երեխայիս դասարանցիների մոտ իմ երեխայի վիզը ծուռ մնա”: Միգուցե օրինակս առավելապես վառ է արտահայտվում տեղային հանրության համար, սակայն սա զուտ միայն օրինակ է, ու այն “հեռու” հանրություններում կարող է դրսևորվել այլ կերպ, սակայն բնույթը մնում է նույնը:
Փաստորեն՝ գնաց ընդհանրացում “վախի” և “երջանկության ձգտման” զգացողությունների միջև:
Մենսոնի խմբի անդամները, հենց այս ընդհանրությունն ընդունելով որպես դրդապատճառ, ամենայն հավանականությամբ այդ չհասկանալով, կամ գուցե չհավատալով որ հենց սա է գործածվում իրենց նկատմամբ, եկել էին Մենսոնի մոտ, և իրենց զգում էին չվախեցած և երջանիկ: Եվ այս կարգավիճակն իրենից ենթադրում էր փոխադարձ պայմանավորվածություն, ու ակընկալիքներ: Այդ պայմանավորվածության գոյության համար պարտադիր չէր մտածել ու որոշել նախապես՝ արդյոք կարելի է դառնալ այդ խմբի անդամ կամ ոչ: Այդ պայմանավորվածությունը կարող էր և լինել նույնիսկ մինչ Մենսոնին հանդիպելը, միգուցե ուրիշ “Մենսոն”-ի հետ, ուրիշի մոտ, կամ միգուցե այլ ուղղությամբ (ավելի բացասական կամ դրական): Այսինքն սրանք զուտ տվյալ պահին բավականին թույլ սթափության աստիճանի վրա գտնվող էակներ էին՝ թեթև քամուց ուղղությունը փոխող տերևների պես, որոնք պատահաբար ընկան Մենսոնի “թակարդը”:
Սա նման է այն երևույթին, երբ անելանելի իրավիճակում գտնվող մայրը ծանր հիվանդ որդու համար պատրաստ է ամեն ինչի: Դրսում, հիվանդանոցի շրջակա մայթին նա կարող է հանդիպել և բարեսիրտ մարդու, որը կարող է օգնել ինչ-որ հարցով, և կավատի (сутенер), որը կներքաշի անառակության մեջ՝ առաջարկելով գումար, և որևէ կրոնի քարոզ անողի, և հանցագործի, որը կառաջարկի փոխշահավետ գործարք: Մեր դեպքում այս երիտասարդները հանդիպեցին Մենսոնին, որն օգտագործեց նրանց “երջանկության ձգտման” ու “վախերի” թուլությունները՝ քաղցրավենիքի թղթի ձայնի վրա վազող երեխայի պես: Այս ամենին գումարած, նա դա արեց ամեն հնարավոր եղանակներով` նրանց դեմ օգտագործելով իրենց իսկ թուլությունները (մինչև իսկ թմրանյութի, հաճույքների, կարեկցանքի և այլ կարիքները բավարարելով):
Բացի այս, մի բան էլ կարելի է նշել այս անձանց մասին: Նրանք հենց ձգտում էին ունենալ այսպիսի կերպար (պերսոնա, գաղափար, լեգենդ, կամ այլ նմանատիպ ուղենիշ), ինչպիսին Մենսոնն էր: ***Որպեսզի ամեն օր բալիկները իջնեն դուրս՝ ավազով խաղալու, ու երբ ժամը գա՝ բալիկները բարձրանան տուն, նայեն մանուկների “բարի գիշեր” հաղորդումը, ու պառկեն քնելու: Բալիկները պետք է լսեն ծնողին ու միայն նրան: Ծնողն է որոշում՝ երբ են նրանք քաղցած ու ինչ կա պատրաստած ուտելու, երբ է դրսում ցուրտ, երբ է հարմար իջնելու բակ, երբ են քնելու և այլն***
Ամեն բան պետք է սնուցվի ղեկավարող խողովակներից, ու հանրությունը պետք է իզոլացված լինի ինդիվիդուալ ճշմարտությունից: Այն ճշմարտությունից, որը յուրաքանչյուրի համար սեփականն է: Դա պետք է լինի համընդհանուր և նախօրոք որոշված (անընդհատ, չկտրված), որպեսզի անհատականություն չձևավորվի, կամ ձևավորման դեպքում այն լինի հնարավորինս կանխատեսելի և վերահսկելի:
Բոլորովին տարօրինակ չէ, երբ մասնագետը Մենսոնի խմբի անդամներից մեկին (հետագայում, երբ ամեն ինչ արդեն անցյալի գիրկն էր այլևս) հարցնում է. “Արդյո՞ք նա ձեզ ձեր փոքրիկ միջավայրում չէր ստիպում կամ հորդորում իրեն դիմել տաբերվող անունով, խոսքը “Աստծո”, կամ նման այլ անվանման մասին է”: Արդեն տարեց կինը պատասխանում է. “Նա դա չէր ասում բառերով, նա դա արտահայտում էր այլ կերպ՝ մարմնական հաճույքներից մինչև յուրաքանչյուրի անձնական պրոբլեմների ընկալումը և կարեկցանքը: Այդ ամենից դու ակամայից սկսում էիր վերաբերվել նրան որպես վերինի, բարձրյալի.. և նա դա բառերով ասելու կարիք էլ չուներ, դա ուղղակի տեղի էր ունենում ժամանակի ընթացքում”:
Եվ այսպես, Մենսոնը ձևավորել էր “homo sapiens”-ների մի խումբ, որը հետագայում կդառնար սոցիալական էքսպերիմենտի հրաշալի լակմուս: Դա հանրության սեղմված սխեման էր՝ դրսևորված մոտ երկու տասնյակ էլեմենտների միացությամբ:
Այստեղ է երևում Մենսոնի կարողությունը… զոհի մատուցում հանուն իր Ատելության.. “մատաղ” հանուն սեփական Ինքնաբավության:
Տեղական իշխանությունը խմբի ամեն անձի համար փորձեց որոշել իրեն համապատասխան պատիժ: Ես համամիտ եմ իմաստային այդ լուծման հետ: Խմբից յուրաքանչյուրը եղել է Մենսոնի համար որպես խմբի էլեմենտ, այլ ոչ անհատականություն, քանզի նա փորձել է “սպանել” այդ անհատականությունը մարդու մեջ, և ստանալ սովորական “item under own control”: Իսկ դատարանը արել է ընդհակառակը՝ յուրաքանչյուրին վերաբերվել է որպես անհատական անձի:
Բայց նաև կա հետևյալ հարցը, որը դառնում է հիմանական պատճառ, ըստ որի չես կարող մեղադրել կամ առավել ևս վիրավորել խմբի անդամներին.
Արդյո՞ք բոլորն ապահովագրված են ծայրաստիճան ծանր ու անօգնական վիճակում լինելուց՝ “Մենսոնի” զոհը լինելուց: Կա սթափության աստիճան, որը կարող է լինել բավարար “Մենսոնին” զոհ դառնալու համար: Այս հարցը հնչեց նաև վիդեոյում: Կարծում եմ՝ սա պատասխանի կարիք չունեցող, հռետորական հարց է: Սա հարց է՝ սթափության սեփական աստիճանի վերանայմանն ուղղված: Իսկ այսքանից հետո յուրաքանչյուրն ինքը կորոշի թե որքանով է իրեն ձեռնտու իր իսկ սթափության աստիճանը, և, թե որքանով է անհրաժեշտ ուժեղացնել կամ թուլացնել այն՝ թեկուզ ժամանակավորապես:
Եվ վերջապես, կա դատողություն, ըստ որի՝ Մենսոնի “ընտանիքի” անդամները գտնվել են փակ համակարգում, ուստի եղել են ազդեցության տակ: Դե ուրեմն այս դեպքում ինչու՞ չի կարելի նման ենթադրությունն անել մարդկային հանրության փակ համակարգի մասին (թեկուզ այն ֆիզիկական չափերով մի փոքր մեծ է): Ինչու՞ է մեզ թվում, որ մենք, գտնվելով նման փակ համակարգում, ազդեցության տակ չենք…
Խոսք գնաց “սթափության աստիճանի” մասին: Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ սա ես որակում եմ որպես ընդհանուր միավոր՝ բավարարվածության, մտավոր կարողությունների, գենային տվյալների, անցած կյանքի փորձի, ստացած կրթության, դաստիարակության, ֆիզիկական առողջության, շրջակա միջավայրի ազդեցության.. համալիր խառնուրդի: Շատ հավանական է, որ ես կարող եմ թերանալ իմ իսկ կողմից տրված տերմինի սահմանման մեջ, բայց կարծում եմ՝ գոնե իմաստային առումով սա հասկանալի կլինի նաև ինձ համար, եթե նույնիսկ ես առաջին անգամ կարդայի նմանատիպ մի նյութ:
Լավ, ենթադրենք որ սթափության աստիճանը դա խառնուրդն է վերոնշյալ գործոնների: Սակայն սա միայն սկզբի համար:
Մի՞թե առողջ, կամ խելացի, կամ կյանքի որոշակի փորձ ունեցող, կամ նշված մյուս բոլոր տվյալներով օժտված մարդը չի կարող հարբել ու կատարել անսպասելին: Երևի թե մեզնից շատերը կիմանան մարդկանց, որոնց նմանատիպ իրավիճակում հանդիպելը վիզուալ պատկերացնելի չէ: Սակայն դա հնարավոր է.. Թեկուզև շատ կարճ ժամանակով, թեկուզև տանը՝ իր ամենամտերիմ մարդու/մարդկանց մոտ, թեկուզև միայնակ: Բայց սա զուտ միայն մի պարզ օրինակ է:
Կարելի է հարցը զուտ տեսականորեն ավելի խորը ուսումնասիրել ու խորհել սթափության աստիճանի առավելագույն ու բացարձակ արժեքների մասին, բայց գործնականում անսահման աստիճանի սթափ մարդ չկա, քանի որ չկա մի սահման, որից այն կողմ չլինի ավելի սթափ վիճակ: Ինչպես և չկա այն ամենամեծ թիվը, որին 1 գումարելուց արժեքը չի լինի ավելի մեծ:
Որոշ առումով կորցրած սթափությունը կարելի է համեմատել օղու տված ազդեցության հետ: Սակայն իմ նշած սթափությունը միայն դրանով չի սահմանափակվում, քանզի ոչ սթափ կարող է լինել նաև “չխմած” տնօրենը, կրթված դասախոսը, սպորտով զբաղվող մարզիկը, և ընդհանրապես մեզնից յուրաքանչյուրը… Ու նմանպես՝ սթափ կարող է լինել “մահը աչքերում” վերջին րոպեներն ապրող զինվորը, կրթություն չունեցող հունձք անող գյուղացին:
Եթե գիտակցությունը ձևավորվում է երկարժամանակյա փուլում, ու կյանքի ընթացքում այն աճ է գրանցում, ապա սթափությունը միջին վիճակագրական քաղաքացու համար սովորաբար զուգահեռ “քայլում է” նրա հետ և որոշ դեպքերում (կետերում) տալիս է տարբերություն: Եվ նույնիսկ բարձր գիտակցությամբ մարդիկ ապահովագրված չեն այս երևույթից: Սթափության անսպասելի անկումից նույնիսկ գիտակցական հզոր աստիճանն անկարող է որևէ հակազդեցության:
Հիմանակնում այս երևույթի “համը չզգացած” անհատականություն չձևավորած էակները դրսևորում են ռոմանտիզմ, ու դեմ չեն լինում կրելու այդ զգացողությունը, սակայն սա ընտրողաբար չէ: Այնինչ համամատաբար բարձր գիտակցականով անձերը (չշփոթենք սա դեմքի լուրջ արտահայտությամբ ու օձիգ-վերնաշապիկով պաշտոնյայի արտաքինով մարդու հետ, թեկուզ դա նույնպես չի բացառվում) հիմնականում խուսափում են սրանից: Սակայն, ի հեճուկս նրանց, իրենց մոտ էլ սա նույպես ընտրողաբար չէ:
Չեմ ուզում ընկալվել որպես “գիտակցական աստիճանի” տերմինը վերարտադրող և դրան նոր անվանում տվող: Իմ ասած “սթափության աստիճանը” որոշակի դեպքերում նույնիսկ բարձրանում է շատ ավելի անգամ, քան գիտակցականն է, և դա արձանագրվում է հիմնականում հանրությունից “կտրված” մարդկանց մոտ: Ինչպես օրինակ եռացող ջրի վերին մակերեսի գոլորշիացող հատվածը պարունակող մոլեկուլները: