Սաննիէ – «Կգա՞ս քայլենք»

Կգա՞ս քայլենք`
առանց հարցերի,
առանց դերերի
ու անունների,
առանց մեր քայլելուն
վերնագիր տալու։

Հետո կվերնագրենք,
հետո կբացատրենք,
հետո կվիճենք,
կամ կմոռանանք,
որ անցնի գնա։

Բայց հիմա սեր իմ,
ուղղակի քայլենք,
շատ անփույթ քայլենք,
անմտածել խոսենք,
հանկարծ լռենք
ու մեր լռությունից
սկսենք ծիծաղել։

Հա, ու մոռացա՝
հետո անպայման
մոլորվենք ես ու դու
մեզ ծանոթ, խառը,
նեղ փողոցներում
չգտնենք ճամփան
ոչ ես, ու ոչ դու։

Կգա՞ս քայլենք.
առանց պատասխանատվության,
առանց վաղը իրար հիշեցնելու,
որ նախորդ օրը մենք նորից կայինք։

Կգա՞ս ապրենք
այդ մի հատ օրը
առանց «բայց»-երի,
առանց «իսկ»-երի
ու «եթե»-ների։

Քայլենք
ու մինչեւ վերջ
օդը ներս քաշենք`
առանց ստելու
ու խոստումներով
մեզ փաթաթելու։

Գուցե սիրելիս,
Այս օրը ապրենք
որպես մի փոքրիկ
առանձին կյանք`
ամենասիրունը,
ամենաանկեղծն
ու ամենակարճը։

Կգա՞ս քայլենք,
հենց էնպես,
ուղղակի.

հետո մոռանանք։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ