Սաբինա – «Ծրագրավորողը»

Միշտ ծրագրավորողներին անհետաքրքիր ու ոչ համակրելի եմ պատկերացրել, բայց այս մեկը այնքան ուրիշ էր, որ միանգամից գրավեց ինձ։ Բարձրահասակ ու շեկ, խորաթափանց հայացքով ու տարօրինակ մեկն էր։ Սիրում էր կոդեր գրել, արագություն ու դառը սուրճ։ Լիովին իմ հակապատկերն էր։ Ընդհանուր միայն մի բան ունեինք երկուսս էլ խելագարի նման արագություն էինք սիրում։ Մեր շփումը միշտ դժվար էր ստացվում ու դա գնալով ինձ ավելի էր դուր գալիս։ Չէր սիրում իրենից պատմել,ատում էր հեռախոսով խոսելը ու սոց․ ցանցերը։ Բայց մենք ժամերով հեռախոսով էինք խոսում ու նա իրենից էր պատմում, իսկ երբ հեռախոսով խոսել չէր ստացվում, խոսում էինք սոց․ ցանցերով։ Ասում էր, որ բացառություններ միշտ են լինում և ես նրա բացառությունն էի։
Ժամանակը շատ արագ անցավ․ չհասցրեցի էլ հասկանալ, թե ոնց նա սկսեց ինձ դուր գալ։ Իմ օրը առանց նրա չէր սկսում ու չէր ավարտվում։ Նա միշտ ուշ ժամի էր տուն գալիս, իսկ ես անհամբեր նրա գալուն էի սպասում։ Ես երբեք ոչ ոքի համար չէի անհանգստացել, բայց նա բացառությունս էր ։ Չէի կարողանում աչք փակել մինչև որ չզանգեր ու ասեր, որ տանն է ու հանգիստ կարող եմ քնել։ Չէի կարողանում կտրվել նրանից, կլանում էի նրա ամեն մի բառը, ժամանակի ընթացքում էլ իր բառերն ու շարժումները։ Այնքան էի տարվել նրանով, որ սկսել էի նրա նման խոսել ու ծիծաղել։
Ծրագրավորողին դեռ չէի տեսել ու հույս էլ չունեի, որ օրերից մի օր նրան կարող եմ հանդիպել։ Բայց մի օր, երբ գզգզված մազերով, տնային շորերով դուրս եմ գալիս խանութ, զանգ եմ ստանում,որ նա եկել է ինձ տեսնելու։ Կյանքումս երբեք այսպես չէի մտածել տեսքիս մասին։ Խառնվել էի իրար, բայց վերջապես հավաքեցի ինձ ու քայլեցի դեպի նա։ Ինչքան նրան մոտենում էի, այդքան սիրտս սկսում էր ավելի արագ աշխատել։ Վերջապես նրան տեսա․ ու ինձ թվաց թե գետինը փախչում է ոտքերիս տակից։ Հեռվում կանգնած էր նա՝ բարձրահասակ շիկահերը։ Փոքր ինչ շփոթված էր ու այս ու այն կողմ էր քայլում։ Տեսանք, իրար փաթաթվեցինք։ Մինչև այսօր հիշում եմ օծանելիքի հոտը։ Գրողը տանի, նա այնքան շատ էր օծանելիք ցանել, որ ինձ թվաց կխեղդվեմ։ Զգացվում էր ամեն բան արել էր, որ ինձ դուր գար։ Ամբողջովին սև էր հագնված, մազերը գեղեցիկ կողք էր սանրել։ Գրողը տանի, նա այքան գեղեցիկ էր․․․
Սկսեցինք քայլել ու խոսել դեսից ու դենից, չնայած․․․Չնայած չեմ էլ հիշում,թե ինչ էր խոսում, ես իր կապտականաչ աչքերին էին նայում, որոնց մեջ մինչ օրս խորտակված եմ։
Հասանք մեր նստարանին, ես այդ օրվանից այդ անիծյալ նստարանը մերն եմ համարում։ Նրանից շատ հեռու էի նստել, ինչը նրան դուր չէր գալիս ու անտանելի բարկացնում էր։ Հասկացա ու նրան մոտ նստեցի։ Չհասկացա թե ինչպես հայտնվեցի նրա գրկում։ Նրա ձեռքերը ուժեղ էին, իսկ նրա գրկում՝ ապահով էի։ Ժամանակը շատ արագ անցավ ու արդեն իմ տուն գնալու ժամանակն էր։ Նա ինձ տուն ճանապարհեց ու մի որոշ ժամանակ էլ կանգնեց մեր պատշգամբի մոտ, քանի որ գնալուց հետո կարոտը նրան անտանելի խեղդելու էր։
Գնալուց հետո նստեցի մահճակալիս ու հասկացա, որ սիրահարվել եմ։
Զգացմունքները այնքան բուռն էին, որ չկարողացավ դրանք սանձահարել, ոնց միշտ էր անում, ու մի օր էլ շուրթերից դուրս թռան։ Խոստովանեց․․․
Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, երբևէ չէի խոսի իմ զգացմունքերի մասին։ Երբեք չէին լինի երկար հեռախոսազանգեր, բազմաթիվ նամակներ, որոնք սկսվում ու ավարտվում էին «ես քեզ սիրում եմ » արտահայտությամբ։ Չէիր լինի բազմաթիվ տարօրինակ ու խելագար հանդիպումներ,որոնք միևնույն է ավարտվելու էին։ Նրա կողքին ես ինձ լավ էի զգում, նրա կողքին ես ինձ տանն էի զգում, նրա կողքին աշխարհը կանգ էր առնում, իսկ երբ նա ինձ համբուրում էր սիրտս դադարում էր աշխատել։
Երբ միասին էինք ես կորցնում էի ժամանակի զգացողությունը։ Երբ կողքիս էր իմ մտքերը ամբողջությամբ զբաղված էին նրանով։
Միասին որոշում էինք, թե ինչպես ենք կահավորելու մեր ապագա տունը, ինչ գույն էր լինելու մեր ննջասենյակը ու թե ով էր առավոտյան սուրճ պատրաստելու։
Բայց մի օր աշխարհը իսկապես կանգ առավ․ Որովհետև միայն այդ գրողի տարած փառատոններում հաղթող և մեծ էկրաններ բարձրացող ֆիլմերն են երջանիկ ավարտ ունենում, իսկ այդ «ծրագրավորողի ու ծրագրավորում չսիրող աղջկա» պատմությունը նույնիսկ չտպագրվեց թերթերում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ