Սաբինա – «Դժվար է, շատ դժվար է քեզ մոռանալը»

Դժվար է, շատ դժվար է քեզ մոռանալը:
Դժվար է, իրոք այնքան դժվար է համակերպվել այս ամենին, երբ դու էլ չկաս: Դժվար է գիտակցել, որ այժմ էլի պետք է մենակության զգացումը կրեմ հոգնած ուսերիս վրա: Դժվար է քեզ մոռանալ, դադարել մտածել քո մասին: Դժվար է ատել քեզ այնքան շատ, ինչքան շատ սիրել եմ: Դժվար է քեզ հետ վարվել այնքան անխղճորեն ու դաժան, ինչպես դու վարվեցիր ինձ հետ: Դժվար է մոռանալ քեզ,երբ քաղաքում ամեն բան ու ամեն տեղ քեզ է հիշեցնում: Վայրեր, որտեղ եղել ենք ու չենք հասցնել լինել….
Դժվար է քեզ մոռանալ, երբ ուղեղս ծանրաբեռնում եմ ամեն ինչով, ամեն ինչ անում եմ՝ միայն թե քեզ մոռանամ, սակայն ամեն ինչ ապարդյուն է:
Երևի սիրտս ավելի ուժեղ է, քան ուղեղս․․․
Ես կցանկանայի քեզ ասել, որ քո հանդեպ ոչինչ չեմ զգում: Ես կցանկանայի ասել, թե ինչպես մոռացա քեզ, ինչպես վերջ տվեցի այս ամենին և ինչպես առաջ շարժվեցի:
Բայց դու գիտես, որ ես երբեք չեմ ստում: Ես երբեք չէի կարող թաքցնել իմ զգացմունքները, երբեք չեմ կարող ժպտալ, երբ ժպտալու ցանկություն չունեմ և երբեք չեմ կարող ձևանալ այնպիսին, ինչպիսին չեմ:
Ես դեռ հիշում եմ քո բույրը, հիշում եմ ինչպես էիր համբուրում ինձ և ինչպես էիր քո կապտականաչ աչքերով նայում ինձ․․․
Ես դեռ հիշում եմ քո տված յուրաքանչյուր խոստումը: Ես դեռ հիշում եմ քո ասած յուրաքանչյուր բառը: Ես հիշում եմ, թե ինչպես ասացիր, որ սիրում ես ինձ և ինչպես նախկինում այդպիսի զգացողություն չես ունեցել:
Իսկ որտե՞ղ ես դու հիմա: Իսկ ո՞ւմ հետ ես դու հիմա:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ