Նրանք մեզ երջանիկ կյանք են նվիրել իրենց կյանքի գնով… / Ռուզաննա Ստեփանյան

Շուտով ընթերցողի դատին կհանձնվի Ռուզաննա Ստեփանյանի «Հիշողության ուժը» արձակ ստեղծագործությունների ժողովածուն: Հեղինակը կիսվել է հուշերի մասին ունեցած իր տասեակետներով: Նրա հետ զրուցել եմ սիրո և դրա արժեքների մասին: Երիտասարդ ստեղծագործողը իր գիրքը նվիրում է եղբոր` Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Հերոս Արտակ Ստեփանյանի հիշատակին: Զրույցում Ստեփանյանը նշում է.
– Գրքի վերջին հատվածում խոսվում է Հերոս եղբորս մասին, ով իր կյանքը զոհել է, որպեսզի այսօր մենք ապրենք ու նման գրքեր գրենք։ Նրանք մեզ երջանիկ կյանք են նվիրել իրենց կյանքի գնով։

«Հիշողության ուժը», այսպես եք վերնագրել ձեր աշխատությունը, ինչու՞ և ինչպիսինն է այդ ուժը:


 Հիշողությունն այնպիսի մեծ ուժ ունի, որ կարող է վայրկյանների ընթացքում քեզ տեղափոխել մանկություն, պատանեկություն և անգամ այնտեղ, որտեղից րոպե առաջ ցանկանում էիր փախչել:


Շատերն են խոսել հիշողության մասին, ոմանք նշում են, որ հուշերից ազատվել հնարավոր չէ: Իսկ Դու՞ք, ունե՞ք մի այնպիսի հուշ, որից կուզեիք վայրկյան առաջ ազատվել:


Հուշեր շատ ունեմ, բայց չկա այնպիսի հուշ, որից կցանկանայի ազատվել, քանի որ ցանկացած դեպք, իրողություն ստիպել են ավելի ամուր կանգնել ու առաջ շարժվել առանց հանձնվելու։


Իսկ Ձեր ամենավառ հուշը… ինչպիս՞ինն է այն ու ինչ անունով կկոչեք:


Բոլոր վառ հուշերս կապված են մանկության հետ․ այնտեղ բացականեր չկային, ապրում էինք անհոգ ու երջանիկ, ամենամեծ դժբախտությունը տիկնիկի կոտրված ոտքն էր կամ սիրած մուլտֆիլմի բաց թողած սերիան նույն օրը չդիտելը։ Մանկություն… այսպես կկոչեմ:


Հաճա՞խ եք թերթում անցյալի էջերը։


Գրեթե ամեն օր։ Ես ներկայում եմ ապրում, բայց անցյալով։ Ու եթե հնարավորություն լիներ անցյալ վերադառնալ, ես րոպե անգամ չէի մտածի: Անցյալի գույների մեջ կյանք ու ջերմություն կար։


Մի փոքր խոսենք Ձեր գրքի թեմատիկայից, այնուամենայնիվ այն մեծամասամբ սիրո մասին է, կոչե՞նք «Ձոն սիրո»:


Գրքի թեմատիկան սերն է, այնտեղ զետեղված են 50-ից ավելի տարբեր պատմություններ հիմնականում սիրո մասին, մի մասն էլ կյանքի ու մեր առօրյայի հետ կապված պատմություններ են։ Գրքում սիրելն ու սեր տարածելը խրախուսվում է, գրեթե բոլոր պատմությունների վերջում հեղինակի կողմից կան խորհուրդներ։ Իհարկե, կարող ենք այն անվանել «Ձոն սիրո»:


Եկեք պատկերացնենք, որ սերը մարդ է ինչպիսի՞ն կնկարագրեք նրան, «ի՞նչ արտաքին ունի» Սերը:


Սերը շատ հանդուրժող ու համբերատար է իմ պատկերացումներում, քմահաճ է երբեմն, երբեմն էլ հանգիստ, բայց մեծ եռանդով ու էներգիայով լեցուն։ Սերը տարիք ու ժամանակ չի հարցնում, թակում է դուռդ անսպասելի և իր վառ գույներով ներկում կյանքիդ ամեն մի օրը։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ