Ռուզաննա Դավթյան – «Եթե իմանայի, որ սա կյանքիս վերջին լուսաբացն է»

Եթե իմանայի, որ սա կյանքիս վերջին լուսաբացն է,
Իսկ երեկ վերջին մայրամուտն էի ապրում
Ամեն ինչ կթողնեի,
Ու որտեղից իմանայի,
Որ աչքերս էլ չեն ժպտալու արևին։

Երանի կարողանայի հաշվել,
Թե Մայրս մեկ րոպեում քանի անգամ է աղոթում,
Ու անընդհատ << Հայր մեր… >> կանչում։

Ես վանք կդառնայի,
Որի պատերին միայն Մորս աղոթքները կլինեին,
Ու Հորս կիսաքանդ հպարտությունը։

Հոգուս խորքում կդաջվեր
Մեր տանից մի քիչ հեռու գտնվող եկեղեցին,
Որտեղ միայն կիրակի օրերին չէին սպասելու ժամերգության։

Ես մեր եկեղեցու զանգը դարձա,
Որ ամեն առավոտ ղողանջում էր,
Ու Մորս հիշեցնում՝
Ես իր մեջ եմ։

Հայրս գլուխը ձեռքերի մեջ կառնի
Ու կանիծի են ժամանակները,
Երբ ինձ հայրենիք սիրել էր սովորեցնում։

Զգում էի,
Որ ինչ-որ մեկը ձեռքի մի հպումով ժամանակից շուտ շրջում է ավազե կյանքս,
Ես մեր տան առաջին ու վերջին ուրախությունն էի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ