
Ռուզաննա Դավթյան – «Ես ապրում եմ…»
Ես ապրում եմ…
Մորս մտքերում։
Ձեռքերս միշտ դողում են, երբ մայրս կարոտում է ինձ։
Սենյակս նույնն է,
Ոչ ոք ոչինչ չի տեղաշարժում,
Զգուշությամբ հավաքում են փոշիները, ամեն ինչ դնում իր տեղը։
Մայրս լվանում է շորերս, չորացնում, արդուկում ու դնում պահարանին։
Ինձ սպասելու պատճառով մայրս չի քնում,
Տան դուռը միշտ բաց է թողնում,
Ու ամեն օր սպասում վերադարձիս։
Ինձ արթնացնում էին ուղիղ ժամը յոթին, որ չուշանամ,
Ամեն գիշեր սենյակիս կողքով գնում-գալիս ու հսկում էին քունս։
Հայրս մեկ-մեկ մտովի է սենյակ մտնում,
Որովհետև սովոր չէ, որ ինձ էնտեղ էլ չի տեսնելու։
Մեր զրույցները կիսատ մնացին,
Հայրս չսովորեցրեց, թե ինչպես են աղջիկների սիրտը շահում, երբ նեղանում են ինչ-որ մի բանից։
Նա հիմա մտքում է խոսում
Ու ավարտին հասցնում կոկորդում մնացած մի քանի նախադասությունը։
…
Ես վերջին անգամ հսկում էի ծնողներիս քունը,
Բայց ոչ մի լուսաբացի ոչ ոք ինձ էլ չարթնացրեց քնից…
Ռ. Դավթյան
24.09.2022թ