
Ռուզաննա Դավթյան – «Որ պարտադիր պիտի գա ու շոյի հոգիդ»
Վաղուց մթության մեջ կորել են մարդկանց՝ իրար մոտ տանող բոլոր կամուրջները,
Իսկ սպասումները պիտանելության ժամկետը կորցնելու պատճառով
Էլ ոչ ոքի չեն կարոտում,
Որովհետև ամենասպասված հանդիպումները երբեք չեն իրականանում։
Նա, ով սպասում է քեզ,
Ձեռքդ կսեղմի կոտրելու աստիճան,
Ու ճակատագրի հետ կկռվի, որ էլ քեզ հեգնանքով չնայի։
Թախծոտ հիշողություններին կկարկատի նորերը,
Որ հները էլ տեղ չունենան,
Որ քեզ ամեն անգամ չհիշեցնեն իրենց անհաջող լինելու մասին։
Իսկ նա, ում պետք կլինես,
Կասի, որ ինքը էս աշխարհում ամենաիրական չգնացողն է։
Ու որտե՞ղ պիտի սիրտդ պահեն,
Որ չզգաս խաբված լինելդ։
Ականջդ կշոյեն գեղեցիկ բառերով,
Իսկ հետո էլ կասեն, որ ոչ ոք ու ոչ մի տեղ չի սպասում քեզ։
Բայց դու միշտ ինչ-որ տեղ սպասում ես ինչ-որ մեկին,
Որ պարտադիր պիտի գա ու շոյի հոգիդ…
04.05.2022թ
23։28