Ռոզա Բաղդասարյան – «Լուսնային ուղերձ»

Խոսի՛ր դու ինձ հետ լուսնի բարբառով,
Անհավանական այդ սիրո լեզվով,
Եվ քո այդ անծիր բառերի խորքում
Թող որ խորտակվեմ խոր լուսնածովում։

Խոսի՛ր դու ինձ հետ լուսնի հեգնանքով,
Ու թող ես այրվեմ բառերիդ խորքում,
Միայն թե հասնեմ լուսնահայելուն,
Հասցնեմ նայել այդ մեծ հայելուն։

Խոսի՛ր դու ինձ հետ լուսնային լեզվով,
Ու թող սավառնեմ, քեզ գրկեմ ամուր,
Փարվեմ քո անմար լույսերին երկչոտ,
Որ վախենում են բաց թողնել հոգուս։

Եվ սովորեցրու՛ դու ինձ այդ լեզուն,
Որ քեզ հետ խոսեմ քո իսկ բարբառով,
Որ փայլենք անվերջ մութ տիեզերքում,
Ու մեր այդ փայլով արբեն դարերով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ