Ռիմա Զատիկյան – «Մեկը լիներ…»

Մեկը լիներ, որ ներս մտներ առանց հրավերքի։ Գար ու էլ չգնար…

Մեկը լիներ գար նստեր կողքս, հենվեր ու մնար։ Հենվեր, ու գլուխը տաներ ուսս։ Ու լռեր ուսիս, հետո թեթև շունչ քաշեր ու նորից փորձեր հենվել։ Հետո հասկանար դրվածի ծանրությունը ու վերջին անգամ լռեր…

Մեկը լիները ականջիս մեջ բխավեր՝ 《լռություն է պետք》։ Բռներ ականջս ու քաշեր, հետո ասեր. 《ա՛յ միամիտ》Հետո բռներ ձեռքս ու նստեր։ Նստեր կողքս ու սառեր։

Մեկը լիներ հետս նայեր պատերին, մեկը լիներ հետս քարանար։ Հետո ինձ հասկանար ու հիանար։ Ներկեր պատերը ու չհեռանար։

Մեկը լիներ բռներ ձեռքս ու շոյեր ափս, հետո չհարցներ.《Իսկ ի՞ նչ է պատահել》, որովհետև պատահել էր ու վաղուց վերջացել էր պատահածը։

Մեկը լիներ չհիշեր ոչինչ ու ոչ մեկին, մեկը լիներ հիշեի ու չհիշեր ինձ։

Մեկը լիներ, բայց մարդու պես լիներ, մարդու պես ապրեր, ոչ թե լիներ ծնունդը անմիտ պատահարի։

Մեկը լիներ գրկեր, որ ասեր. 《ոչինչ կանցնի》, հետո հասկանար, որ անցել է ու ինքն է ուշացել։

Մեկը լիներ տեղս ներեր, հետո զարմանար ու փոշմաներ, փոշմաներ ու չներեր։

Մեկը լիներ սխալվեր ու ինձ հանդիպեր։ Հետո նույն սխալը հազար անգամ կրկներ։

Մեկը լիներ հետս պարտվեր, հետո մտածեր ու նորից ապրեր։
Մեկը լիներ հասկանար…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ