Ռապա Նուի կամ «Զատկի կղզի»

Երկրի ամենահետաքրքիր և խորհրդավոր վայրերից մեկը Զատկի կղզին է: Այն ապշեցնում է իր բնությամբ, հին քաղաքակրթությունների մնացորդներով, առասպելներով և գրերով, որոնք դեռ ոչ ոք չի կարողացել կարդալ:

Կղզին հայտնագործել է հոլանդացի ճանապարհորդ Յակոբ Ռոգգևենը` 1722 թ.-ին` Զատկի օրը, ինչի պատճառով էլ կղզին անվանել են Զատկի կղզի: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ բնիկների գեների մի մասը վերաբերում է պոլինեզյան ժողովուրդների խմբին` միախառնված նվաճողների` ինկերի, չիլիացիների, եվրոպացիների արյան հետ:

Շատ հաճախ Զատկի կղզին անվանում են Ռապա-Նուի (թարգմանությամբ «Մեծ Ռապա», սակայն այն ունի ոչ թե ռապանույական, այլ պոլինեզյան ծագում)։ Այդպիսի անվանում կղզին ստացել է թաիթացի նավաստիների շնորհիվ, ովքեր այն օգտագործել են Զատկի կղզին և Ռապա-Իտի կղզին տարբերելու համար. վերջինս գտնվում է Տահիտիից 650 կիլոմետր դեպի հարավ և ունի տեղաբանական նմանություն նրա հետ։

Զատկի կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` Չիլիի ջրային տարածքում: Աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզին է:

Կղզու մայրաքաղաքն ու նրա միակ քաղաքը Անգա Ռոան է։ Այն աշխարհում հայտնի է հատկապես մոաների՝ հրաբխային մամլված փոշուց կառուցված քարե արձանների շնորհիվ, որոնցում, ըստ տեղաբնակների, կենտրոնացած է Զատկի կղզու առաջին թագավոր Հոտու-Մատուի նախնիների գերբնական ուժը։ Նորաբնակները կղզին վերանվանել են «Te Pito O Te Henua», որը կոչվում է Երկիր մոլորակի «պորտը»։

 

Ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ գնում են Զատկի կղզի՝ տեսնելու կղզու տարածքում գտնվող արձանները։ Այդ հրաշակերտ քարե արձանները տեսնելիս՝ յուրաքանչյուրի մոտ հարց է առաջացել՝ ինչու են դրանք կառուցել։

  • Գոյություն ունի տեսություն, ըստ որի՝ քարե գլուխները կուռքեր են, որոնց երկրպագել են տեղի բնակիչները։
  • Մի քանի մասնագետներ ենթադրել են, որ արձանները սահմանազատել են կղզու տարածքը եւ վախեցրել թշնամիներին։
  • Կար տեսակետ, որ կղզու բնակիչները պարզապես ցանկացել են իրենց հավերժացնել։ Գուցե դա է պատճառը, որ արձանները կղզում այդքան շատ են՝  3-ից 12 մետր բարձրությամբ 900 արձան, որոնք կառուցվել են 1250 եւ 1500 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում։

Բինգհեմտոնի համալսարանի մասնագետները պարզել են, որ արձանները կառուցվել են այն տեղերում,որտեղից կարելի էր խմելու ջուր հանել, հայտնում է Daily Mail-ը։

Իսկ առասպելի համաձայն` բնիկների նախնիները վերացել են, քանի որ զայրացրել են աստվածներին` պարապ կյանք վարելու համար, իսկ վերջին բնակիչները վերածվել են քարերի, որոնք կանգնած են առ այսօր:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ