
Ուղղակի մի օր հասկանում ես, որ քամին էլ քո կողմից չէ… Ուղղակի մի օր անձրևն էլ քեզ չի հասկանա…ուղղակի դու մենակ ես… բայց ոչ միայնակ…ուղղակի քամին չի քշում, անձրևն էլ հետքերը չի մաքրում…հակառակը՝ քամին կտարածի ամեն բան, կսփռի շուրջդ, կդարձնի մի գորշ ամպ, մի մութ հորիզոն, ուր ոչինչ, ոչինչ, բացի այդ փոշուց չի երևա:
Իսկ ի՞նչ է դա, եթե ոչ այն, ինչից ուզում էիր ազատվել…մի՞թե այդ հորիզոնը միտքդ չէ՝ մութ, կախյալ, վախկոտ, անդունդի եզրին:
Իսկ ի՞նչ է անում անձրևը: Չի լվանում, չէ ՜…խոնավեցնում, ցեխոտում է այն, ինչը ժամանակի ընթացքում փորձել ես ի սպառ ջնջել, մաքրել, խոնավեցնելով փափկեցնում է սպիացած վերքերդ…
Գեղեցիկ է անձրևը…բայց անձրևն էլ մարդու պես ունի մի քանի երես…մեկ մաքրում է շուրջդ, մեկ ստիպում պաշտպանվել հենց իրենից… Ստիպում է… ինձ չստիպեց… Ես սիրեցի անձրևը քեզ հետ, սիրեցի քայլել ոտաբոբիկ՝ հորդառատ անձրևին ու կատաղի քամուն, քեզ հետ: Սիրում էի համբույրով մեկ առ մեկ դեմքիցդ հավաքել կաթիլներն անձրևի…
Ինձ անձրևից պաշտպանվել պետք չէր…անձրևն էր ինձ պաշտպանում… քեզնից:
Աղմկում էր, խշշում էր, մրսում էի…բայց սիրում էի…հաշվում էի ամեն կաթիլն անձրևի…հավաքում էի ափիս մեջ ու հաշվում:
Ամեն կաթիլ մի դրվագ էր մեզնից…ամենախոշորները, թերևս, միասին անցկացրած ամենաերկար պահերը..մանրերն այն ակնթարթներն են, որոնք ամուր պահում եմ ափերիս մեջ, դեմքիս…ծանր են…հոգնում եմ…բայց ապրեցնող են:
Անձրևում է…իսկ ինձ անձրևից պաշտպանվել պետք չէ… ©️