Չինացի Գիտնականների Ստեղծած Քվանտային Համակարգիչն Ավելի Հզոր Է, Քան Google-Ի Sycamore-Ը

Չինացի գիտնականների թիմը մշակել է աշխարհի ամենահզոր քվանտային համակարգիչը, որը մոտ 10 միլիարդ անգամ գերազանցում է Google-ի քվանտային համակարգչին, իսկ ժամանակակից գերհամակարգիչներին՝ մոտ 100 տրիլիոն անգամ։ Համակարգիչն անվանվել է Jiuzhang։ Այդպիսով նրանք մարտահրավեր նետեցին Google-ին, որի մասնագետները դեռևս մեկ տարի առաջ, ներկայացնելով իրենց Sycamore քվանտային համակարգիչը, պաշտոնապես հայտարարեցին քվանտային գերազանցության հասնելու մասին։ Այս մասին գիտական աշխատանքը հրապարակվել է դեկտեմբերի 3-ին՝ Science ամսագրում:


Հաղորդվում է, որ Google-ի քվանտային համակարգիչն ընդամենը 200 վայրկյանում այնպիսի խնդիր է կատարում, որն ամենաարագ սուպերհամակարգիչը կկատարեր 10 հազար տարում:

Ըստ Bloomberg լրատվական գործակալության, քվանտային տեխնոլոգիաների զարգացումը ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական մրցավազքի հերթական ճակատն է դարձել: Չինաստանի կառավարությունը այս ոլորտում մեծ առաջընթաց ապահովելու համար 10 միլիարդ դոլար է հատկացրել՝ Ազգային լաբորատորիա կառուցելու համար։ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմը այս ոլորտում  ուսումնասիրությունների համար 2020 թվականի սկզբին 1 մլրդ դոլար հատկացրեց։ Եվ սա գիտության ոլորտում ներդրումների միայն շատ փոքր մասն է։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ