Վարս Խաչատրյան – «Քեզ կարեմ ինձնից»

Քեզ գտնելու վայրկյանից որոշեցի անձնազոհ լինել քեզ ունենալու համար։ Երակներիցս կտրել եմ ու ամուր կար տալով կարել ինձնից։ Ես արյունաքամ եմ լինում քեզ ունենալու մոլուցքից։ Կարելուց երակե թելս սպառվեց, մի կտոր թել էլ հիշողությունիցս քանդեցի, մի քանի կար էլ այդտեղ պոկվեց ինձանից։ Քեզ ունենալու մոլուցքը ինձ մասնատում է։ Աչքերիցս մի կար քանդեցի, ու խամրեց քեզ տեսնելն անգամ, բայց էլի քո ներկայությունն եմ ուզում։ Մի քանի կար՝ թևերիցս. ոչինչ, որ ամուր գրկելու հնարավորություն չեմ ունենա, բայց ես քեզ կգրկեմ ու կտեսնեմ շնչելով։ հոգեկծիկս, կատվի նման խաղալով, քանդեցինք միասին։ Ես երակե թելերի կողքից հոգեթելով շատ ամուր հոգեկար տվեցի։ Քո ամրությունից ես արդեն մոռացել էի իմ քանդված, անթել մարմնի մասին։
Քո լինելը ինձ այնքան ուժ ու ամրություն եղավ, քո գալը ինձ սովորեցրեց ապրել, լռել, շնչել ի վերջո ուղղակի սիրել, բայց ես այնքան էի շտապում քեզ ունենալ, որ մոռացել էի մեր ամրակարերի մասին։ Ինձ քանդելուց չկապեցի իմ իսկ կարը, քեզ կարելուց էլ չկապեցի հենց սկիզբը։ Ավարտի ամուր գրկախառնությունը մեզ մասնատեց, արդյունքում ես քեզ կորցրի, ու ես ինձ կորցրի քեզ ունենալու մոլուցքից։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ