
Արարատյան դաշտից այն կողմ, Հայաստան աշխարհի մի փոքրիկ անկյունում ծաղկում և զարգանում է մի փոքրիկ գյուղ, որտեղ աշխատասեր մեծահասակները և խելացի երիտասարդները անում են ամեն ինչ ` գյուղի կյանքը բարելավելու համար։
Գյուղի պատմությունը սկսվել է այսպես. 1902թ-ին կառուցվեց Ալեքսանդրապոլ – Երևան երկաթուղին, և հենց այդ տարում էլ հիմնվեց Ղարաբուռուն գյուղը, որը հետագայում կոչվեց Կարմրաշեն և հետո նոր 60- ականների վերջին կոչվեց Քարակերտ։ Սկզբում այստեղ ապրել է ընդամենը ինը ընտանիք։ Նրանք չէին կարող զբաղվել հողագործությամբ, քանի որ գյուղում տիրում էր կիսանապատային կլիմա և միայն 1959թ-ին, երբ կառուցվեց Թալինի ջրանցքը , և Ախուրյան գետի կենարար ջուրը սկսեց հագեցնել դարերով պապակած անմշակ հողերի ծարավը, բնակիչները որոշեցին անմշակ հողերը դարձնել մշակելի։ Առաջին հերթին հողամասերը մաքրեցին քարերից։ Գյուղացիները ունեին այսպիսի նշանաբան. « Դե քար մաքրի, որ հող դառնա…»
Ու մաքրեցին։
Հայաստանի տարբեր մասերից հավաքված և բնակություն հաստատած անկոտրուն կամքի տեր մարդիկ, զրկված տարրական պայմաններից , արեցին ամեն ինչ, որպեսզի ուղղվեր բնության սխալը և անապատը վերածվեր այգեստանի։
1959թ-ի աշնանը քարերից մաքրված հողակտորներում հիմնվեցին խաղողի և ծիրանի առաջին այգիները, որոնց պտուղները հետագայում հասան մինչև Մոսկվա և բազմաթիվ այլ քաղաքներ։
Մարդկային անկոտրուն կամքը հողագործին դարձրեց այգեգործ, նախկին անասնապահը, քարհատն ու շինարարը դարձան հմուտ և բանիմաց այգեգործներ։ Այն մարդիկ , ովքեր հավաքում էին քարեր, սկսեցին հավաքել մրգեր։ Իսկ այդ մրգերն էլ, պահածոների գործարանում հյութի վերածված, հասան Ճապոնիա, Հոլանդիա, Բելգիա և աշխարհի շատ երկրներ։
Բացի այս ամենից կառուցվեցին բարձրահարկ շենքեր, գործարաններ, դպրոցներ, մշակույթի կենտրոն և խանութներ։ Ներկա պահին կա նաև երեք նախակրթարան և դեղատուն։
Քարակերտի առաջին դպրոցը կառուցվել է 1964թ-ին, երկրորդը` 1977թ-ին։ Այս դպրոցների հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն։
1975թ-ին կառուցվել է նաև մշակույթի տունը, որը ուներ մեծ դահլիճ և գրադարան, որից օգտվում են ավանի բոլոր բնակիչները։ Ներկա պահին կան նաև համակարգիչների սենյակներ։ Գործում են նաև արվեստի և սպորտի մի շարք խմբակներ։
Գյուղի բարելավման և զարգացման գործում մեծ է «Մանուկների բարեգործական հիմնադրամի» դերը` Գարո- Արմենի գլխավորությամբ։
Այժմ Քարակերտի վարչական տարածքը կազմում է 3606 հա, գյուղատնտեսական հողերն են կազմում 1089 հա, իսկ բնակչության թիվը ըստ 2012 թ-ի տվյալների կազմում է 4675 մարդ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0