
Կալիֆորնիայի համալսարանի հոգեբան Դ. Պրեմակը շիմպանզե կապիկին սովորեցրել է նշանային լեզու, որի օգնությամբ նրանք կարողացել են հասկանալ իրար: Փորձը կատարվել է Սառա անունով յոթ տարեկան կապիկի հետ: Արդյունքը եղել է այն, որ կապիկն ունեցել է 120 նշանի հասնող «գործածական բառարան», որով և հաղորդակցական նորմալ կապ է հաստատել իր ուսուցչի հետ: Ընդ որում, կապիկը ոչ միայն սովորել է այդ նշանների նշանակությունը, այլ նույնիսկ տարբերել մեկը մյուսից և նրանց օգնությամբ նախադասություններ «կառուցելով» պատասխանել ուսուցչի հարցերին:
Պրեմակը կապիկին նշանները սովորեցնելու համար վերցրել է մետաղյա մի քառակուսի թիթեղ և նրա վրա ամրացրել սպիտակ կտոր: Հենց այդ «գրատախտակի» վրա էլ Սառան սկսել է «գրել» սովորել: Պրեմակը սկզբում կապիկին ցույց է տվել նշանակվող նյութը, իսկ հետո՝ նշանակող նշանը: Կարճ ժամանակամիջոցում Սառան սովորել է,որ կարմիր գույնի քառակուսի նշանը բանանի նշան է,կանաչ գույնի եռանկյունին՝ խնձորի և այլն: Սառան հատկապես շուտ է սովորել այն առարկաների և բառաերի նշանները, որոնք ավելի շատ է գործածել, ինչպես օրինակ՝ բաժակ, դույլ, տար, բեր, ափսե, այո և այլն: Նա կարողացել է վարժվել այն աստիճան, որ կարմիր գույնը հեշտությամբ տարբերել է կարմրավունից, բաց կանաչավունը՝ մուգ կանաչից և այլն:
Որպեսզի Սառան կարողանար նախադասություններ կազմել, Պրեմակը փորձել է նրան տեղյակ պահել նաև նախդիրների, կապական բառերի գոյությանը: Դրա համար նա վերցրել է Սառային արդեն ծանոթ կարմիր գույնի առարկան և դրել կանաչ գույնի առարկայի վրա և հակառակը: Այդպես կրկնել է մի քանի անգամ, արտասանելով և ցույց տալով «վրա» հասկացության իր կողմից նշանակված նշանը: Որոշ ժամանակից հետո Սառան «գաղափար» է կազմել «վրա» հասկացության և կապական մի շարք բառերի մասին: Նրա հետաքրքրությունը շրջապատի նկատմամաբ գնալով ավելի է մեծացել և,առանց ուսուցչի կարգադրության, սկսել է հաճախակի նախադասություններ «կազմել», որոնք, ըստ Պրեմակի, որոշակի միտք են արտահայտել: