Պողոս Բադալյան – «Եթերային»

Իմ կյանք չգաս,
որպես հեքիաթ`
Մի հասարակ,
կամ առեղծված,
Ու ինչքան էլ
լինի բարի,
Մեկ է, մի օր
պիտ ավարտվի։
Ու դարակում
դասավորեմ,
Փոշի դնի
Քո էջերին,
Այն գրքի պես՝
Իմ սիրելի,
Որ կարդացել՝
վերջացրել եմ։
Այն կրքի պես՝
ջահելների,
Որ մարում է
ամեն նորին
հանդիպելիս։
Իմ կյանք չգաս,
որպես երազ
Հեքիաթագույն,
Ու ինչքան էլ
Սիրով գգվես,
Կրքով տրվես
Լուսաբացին
անէանաս,
Ու ինձ մնա
դատարկ ու լուռ,
Այրվող հոգի`
սառը մարմնում։
Չգաս նաև՝
հյուրի նման,
Նա ինչքան էլ
լինի բարի,
Շատ մնալուց
կձանձրացնի,
Պետք է փութով
բարին մաղթի,
ճամփա ընկնի։
Ինձ մոտ արի
հեքիաթներից,
Որ հեքիաթս
Շուտ կատարվի
Երջանկալից։
Ինձ մոտ արի,
ինչպես՝ արև,
Որ շողերով
հոգիս այրես,
Սիրո քնքուշ
մեղեդային
Համբույրներով
հոգիս գերես։
Արի՛.
խառնված գիժ
քամու երգին,
Քեզ հետ բեր
կապույտը երկնի,
Ձյունաճերմակ
մաքրությունը
Սեգ լեռների
գագաթների,
Բույրը` վարդերի,
երգը` հավքերի,
Վերցրու քեզ հետ
խինդը գետերի,
Կանաչ ծովերը`
վառ գարունների,
Դեղնած դաշտերի
հասկերը ոսկի,
Ու նոր նրբությամբ
ճամփեքս զուգի,
Ինձ մոտ արի
բախտի ընկեր՝
Հավերժ ճամփորդ
լուսե հոգուս
Արի՛.
Ամենաբաղձ
Աստղերի մեջ,
Ինձ մոտ արի
Առավոտվա
շաղերի հետ,
Արևաբույր
Բարևի հետ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ