
Պիզա քաղաքը աշխարհին հայտնի դարձավ՝ <<թեք աշտարակի>> և հանրահայտ գիտնական Գալիլեո Գալիլեյի շնորհիվ: Հետաքրքրական է, որ այս երկու իտալական <<լեգենդները>> իրար հետ առնչություն ունեն (հենց <<թեք աշտարակի>> վրա է Գ. Գալիլեյը կատարել ընկնող առարկաների փորձը):
Անցյալ դարի սկզբին Իտալիայի գիտակներից մեկը գրել էր. <<Թվում է Պիզայի հրապարակը կառուցվել է անհավատալիորեն մեկ գիշերում>>: Սակայն իրականությունն այլ է, գործը հասել է աշտարակին միայն 1173 թվականին՝ Բոնանո Պիզանոյի շնորհիվ: Ըստ նախագծի այն պետք է ուղղաձիգ վեր խոյացող շինություն լիներ: Այնուամենայնիվ իր մտահղացման ամբողջական արդյունքը Պիզանոն չհասցրեց տեսնել, ավելին շինարարությունը ավարտվեց նրա մահից դեռ երկու հարյուր տարի հետո:
Զարմանալի է, սակայն աշտարակը սկսել է թեքվել, դեռևս առաջին հարկը (11 մետր) կառուցելու ժամանակ: Աշտարակի հիմքը խրված էր հողի մեջ ընդամենը 3 մետր, իսկ փափուկ հողն էլ մյուս կողմից ի զորու չէր այդ ծանրությունը պահել, ուստի շինությունը սկսեց թեքվել: Այն ժամանակ, արդեն ակնառու էր, որ աշտարակը ուղղահայացից թեքվել էր 4 սանտիմետր: Իսկ, ահա, մտահոգված վարպետը շուտափույթ ավարտում է աշխատանքը և անհետանում քաղաքից: Հետագայում այս ամենն առիթ տվեց Գյոթեին գրելու, որ, երբ հարուստ իտալական քաղաքներում ուղղաձիգ աշտարակները դարձան հասարակ, իտալիացիները սկսեցին կառուցել թեքերը:
Իհարկե, շինարարությունը շարունակվեց այլ վարպետի կողմից, սակայն աշտարակը շարունակեց մնալ <<թեք>>: 1350 թվականին կառուցումը ավարտեց նախագծի հեղինակի՝ Բոնանոյի թոռը:
XX և XXΙ դարերի ընթացքում 11 տարի այս շինությունը փակեցին զբոսաշրջիկների համար, մտավախություն ունենալով, որ այն կարող է փլվել: Այն ամրապնդեցին և ըստ ճարտարապետերի աշտարակին ամենաքիչը հարյուր տարի ոչինչ չի սպառնում:
Աշտարակը, այսպես ասած, չունի տանիք: Ներս մտնելով, հենց առաջին հարկից կարելի է նայել վերև և տեսնել երկինքը: Իսկ ամենավերև բարձրանալու համար անհրաժեշտ է հաղթահարել 294 աստիճան:
Ռուսաստանում ևս կան 2 ընկնող աշտարակներ՝ Невьянская-ն և Сююмбике-ն: