
Տնից դուրս եկա։ Բաճկոնս ճանապարհին հագնելով քայլում էի ու մտածում՝ ո՞վ է մեռնելուց առաջ բաճկոն հագնում։ Մի օր կարդացել էի, որ Պիեռ Կորնելը գրել էր՝ «Ով չի վախենում մահից, նրա համար կյանքի սպառնալիքները սարսափելի չեն»։
Առանձնապես չգիտեմ, թե Պիեռը ով է, բայց ամեն դեպքում Պիեռն իրավացի էր, որովհետեւ ես գնում էի դեպի մահը ու ինձ համար սարսափելի չէին ոչ կյանքի սպառնալիքները, ոչ մահը, ոչ էլ այն, որ կոշիկներս մոռացել էի հագնել։ Մոռացել էի նաեւ ֆիլմերի պես գրություն թողնել միջանցքի փոքրիկ սեղանին։ Բայց ես գիտեի, որ իմ կյանքը ֆիլմերից շատ հեռու էր ու, բացի դա, մեր միջանցքում փոքրիկ սեղան չկա։
Տնից դուրս գալուց 20 րոպե հետո ձեռքս դրեցի կամրջին ու սկսեցի պատմել, պատմել ամեն ինչ։ Ուզում էի, որ ինձ գոնե մեկ անգամ լսած լինեն։ Անձրեւոտ օր էի ընտրել. ամեն դեպքում ֆիլմերի հետ ինչ-որ ընդհանրություն ունենալ ուզում էի։
Մինչեւ վերջ պատմել չհասցրի։ Պատմությունս ընդհատեց կամրջի մյուս ծայրում կանգնած աղջիկը։ Նա թույլ էր՝ ինձանից թույլ, ու հենց այդ պատճառով էլ մահից առաջ իմ ուսերի վրա զգացի մեկ ուրիշի կյանքի պատասխանատվության ծանրությունը։
Հիշում եմ, որ երկար զրույցից հետո նրան տուն տարա ու հետո ետ եկա։ Ձեռքս նորից դրեցի կամրջին, որ պատմությունս ավարտեմ։ Իմ անբովանդակ պատմությունը ի վերջո գոնե մեկը ամբողջությամբ պիտի լսի։ Պատմեցի։
Մի քայլ առաջ եկա, բաճկոնս հանեցի (չնայած՝ ո՞վ է մեռնելուց առաջ բաճկոնը հանում)։ Դրեցի գետնին ու սպասում էի։ Սպասում էի ինձ փրկողին, որովհետեւ Պիեռը, որն առանձնապես չգիտեմ, թե ով է, ամեն դեպքում, ճիշտ չէր։