
Եղբայրս տարբերվում էր իր համեստությամբ ու բարությամբ` այսպիսինն է հիշում Հակոբին քույրը: 1998 թվականի Նոյեմբերի 17-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում է ծնվել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացած Հակոբ Հովհաննիսյանը:
Քույրը հիշում է, որ Հակոբը շատ չարաճճի էր ու սիրում էր ամենատարբեր խաղեր խաղալ, 7 տարի սովորել է Բենիամին գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև Հովհաննիսյանների ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն: Հակոբը հաստատ էր որոշել, որ պետք է վերադառնա հայրենիք և իր պարտքը կատարի իր երկրի և բանակի առջև: 2019 թվականին վերդառնում է հայրենիք և հունվարի 31-ին զորակոչվում բանակ: Հակոբը դիպուկահար էր, ծառայությունն անցնում էր Մատաղիսում իսկ ծառայության ավարտին մնացել էր 3 ամիս, սակայն սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից խախտվեց խաղաղությունը և սկսվեց Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմը:
Ընտանիքին Հակոբը միշտ հանգստացնում էր ու ասում, որ անհանգստանալու ոչ մի պատճառ չկա, վերջին անգամ Հակոբի հետ խոսել են հոկտեմբերի 5-ին` ասում էր ամեն ինչ լավ է, հիշում է քույրը: Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Հակոբ Ջոնիկի Հովհաննիսյանը անմահացել է Հոկտեմբերի 7-ին անօդաչու թռչող սարքի հարվածից: