Փաստերի ստուգում

Մեդիագրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուրի համար, քանի որ հակառակ դեպքում կտուժես ոչ միայն ֆինանսապես, այլև սեփական առողջությամբ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում փաստերի ստուգումը և տեղեկությունների ճշգրտումը:

Փաստերի ստուգումը տեղեկատվության և դրանում ներկայացված պնդումների, տվյալների, հիմնավորումների իսկության ստուգումն է: Այն լինում է ներքին և արտաքին:

Ներքին փաստերի ստուգումը սեփական խմբագրության կողմից հրապարակվող տեղեկության ստուգումն է` մինչև այն հրապարակելը: Նպատակը հնարավոր սխալների բացառումն է և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: Փաստեր ստուգող լրագրողները ստուգում են ինչպես մյուս լրագրողների, այնպես էլ միմյանց հրապարակումները (cross-check):

Մյուսը` արտաքին փաստերի ստուգումն է, որը իրենից ենթադրում է երրորդ կողմ հանդիսացող աղբյուրի (լրատվականներ, սոցցանցերի օգտատերեր և այլն) կողմից տարածված տեղեկության ստուգումը և այդ մասին հրապարակում անելը` հաճախ արդյունքում տեղեկության  իսկության մասին դատավճռով (ճիշտ, սխալ, մանիպուլյատիվ և այլն):

Ի՞նչ սկզբունքով եք առանձնացնում այն նյութերը, որոնց փաստերը պետք է ստուգեք:

Փաստեր ստուգող լրագրողները կամ մոնիթորինգի թիմը մշտադիտարկում են լրահոսը, սոցցանցերը և լուրերը, այդ թվում նաև միջազգային` եթե դրանք վերաբերում են Հայաստանին կամ կարող են հետաքրքիր լինել ընթերցողին: Դիտարկման են ենթակա նաև քաղաքական և հասարակական գործիչների կողմից արված պնդումները:

Կասկածելի հրապարակումները և պնդումները նախ առանձնացվում են և այնուհետև ենթարկվում մանրամասն և համակողմանի ուսումնասիրության: Կարևոր է, որ կասկածելի տեղեկատվությունը ստուգելի լինի:

Այս ամենից բացի որոշ փաստեր ստուգող լրագրողներ` այդ թվում CivilnetCheck-ը չի անդրադառնում այն ապատեղեկատվություններին, որոնք մեծ տարածում չեն ստացել, էական չէն կամ լուսաբանման ոչ արժանի` հետաքրքրության և հանրային կարևորության տեսանկյունից:

Ինչպե՞ս եք կատարում աղբյուրների ուսումնասիրությունը:

Տեղեկատվության ստուգման ժամանակ անհրաժեշտ է գտնել ինչպե՛ս հրապարակումը կատարած աղբյուրի մասին տեղեկություն, այնպե՛ս էլ հրապարակման մեջ տեղ գտած ինֆորմացիայի սկզբնաղբյուրը կամ սկզբնաղբյուրները:

Եթե հրապարակողը լրատվական է, ապա նրա սեփականատերերի և ֆինանսավորման մասին պետք է առկա լինեն տվյալներ ինչպես իրենց կայքում, այնպես էլ Արդարադատության նախարության էլեկտրոնային շտեմարանում` e-register.am-ում:

Սակայն կասկածելի լուրի աղբյուր կարող են հանդիսանալ նաև հասարակական գործիչները, տելեգրամյան ալիքներն ու սունկ կայքերը,  ինչպես նաև բազմաթիվ հետևորդներ ունեցող սոցցանցների էջերը և օգտատերերը:

Այս դեպքում պետք է ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել աղբյուրը, դրա գործունեությունը նախկինում և կապերը այլ անձանց և խմբերի հետ: Սա թույլ կտա հասկանալ կասկածելի աղբյուրն ուղղվածությունը և պարզել, թե՞ արդյոք նախկինում այն այս կամ այլ թեմայով ապատեղեկատվություն տարածել է, թե ոչ:

Ինչպե՞ս է կատարվում նյութի գնահատումը, արդյո՞ք այն ճիշտ է, սխալ կամ մանիպուլյատիվ:

Ստուգվող նյութի կամ պնդման գնահատումը կատարվում է միայն թեմայի վերջնական ուսումնասիրությունից, ճշտումից և վերաստուգումից, ինչպես նաև խմբագրի հետ քննարկումից հետո: Որոշ դեպքերում ստուգումից հետո հստակ գնահատական կարող է և չլինել (առանց վճռի), քանի որ գնահատականը կամ պիտակը որպես այդպիսին պարդադիր չեն:

Հիմնականում փաստեր ստուգող կազմակերպությունները «ճիշտ», «սխալ» և «մանիպուլյատիվ» վճիռներից բացի ունեն նաև այլ պիտակներ, օրինակ` «մեծամասամբ ճիշտ կամ սխալ», «անհիմն», «ֆեյք» և այլն:

Ի՞նչ գործիքների միջոցով եք ստուգում լուսանկարները, տեսանյութերը, սոցցանցային հաշիվներ:

Այսօր լուսանկարների և տեսանյութերի ստուգման համար նախատեսված գործիքները շատ են և բազմապիսի: Գործնականում դրանցից ավելի հաճախ կիրառելի են Tineye-ն, InVID-ը, , Yandex-ի և Google-ի նկարների փնտրման համակարգերն, ինչպես նաև նկարների և տեսանյութերի մետատվյալներն` EXIF-ներն ուսումնասիրող կայքերն:

Նկարները և տեսանյութերը կարող են ստուգվել նաև տեղանքի տեղորոշմամբ, եթե դրանցում առկա են օբյեկտներ և տեսադաշտ, ինչը թույլ կտա գտնել տարածքի իրական գտնվելու վայրը: Այս գործում փաստեր ստուգող լրագրողներին առավել օգտակար են Google street view-ն և Yandex mirror համակարգերը, որոնք հաճախ փոխլրացնում են միմյանց:

Անկասկած կարևորագույն դեր ունի Google Earth ծրագիրը, որը հնարավորություն է տալիս օգտագործել տեղանքի լանդշաֆտը և հայտնաբերել պատկերում երևացող օբյեկտներն ու տեղանքը: Որպես լրացում կարող են օգտագործվել նաև արբանյակային թարմ լուսանկերներ տրամադրող կայքերը (օրինակ`Sentinel-hub), որոնք պատկերացում են տալիս տեղանքի ներկա վիճակի և կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Սոցցանցային օգտահաշիվները առավել դժվար է ստուգել` դրանք կեղծ հաշիվներից տարբերակելու համար, քանի որ մարդիկ հաճախ իրենց սեփական հաշիվները չեն լրացնում անձական տվյալներով` գաղտնիության կամ անանունության պատճառներով: Սակայն եթե սոցցանցում գործող օգտահաշիվները գործում են մեկ աղբյուրից և համախմբված` ապա ուսումնասիրության արդյունքում դրանցում հայտնաբերվում են ընդհանրություններ, կապեր և հաճախ նաև` ղեկավարող իրական անձինք: Կարևոր է ուշադիր լինել օգտահաշիվների ստեղծման, վերբեռնված նկարների և մեկնաբանությունների ամսաթվերին, ինչպես նաև օգտահաշվում հասանելի բոլոր տվյալներին` անգամ ամենափոքր մանրուքը կարող է մատնել կեղծ էջը շահագործող անձին:

Ինչպե՞ս որոնել ջնջված կամ փոփոխված տեղեկությունը:

Համանցանցային որոնողական համակարգերը հաճախ իրենցում պահպանում են կայքերի պահպանված տարբերակները` քեշերը (cache), որոնք գոյանում են որոնողական համակարգերի կողմից կայքերի հաճախակի դիտարկման արդյունքում:

Որոնողական համակարգերի քեշերի միջոցով կայքում ջնջված կամ փոփոխված տարբերակի փնտրումը կարելի է իրականացնել կամ հենց որոնման էջում (մանրամասն` այստեղ), կամ էլ այլ մասնագիտացված կայքերի միջոցով (օրինակ` cachedview.com)

Այլ տարբերակ է «վեբ-արխիվատոր» բռաուզերային հավելվածների կամ կայքերի օգտագործումը, որոնց լավ օրինակներ են web.archive.org-ը և archive.today-ը: Նման ծառայությունները թույլ են տալիս նայել կայքի տվյալ վեբ-էջի նախկին տարբերակները` ընդհուպ մինչև տասնյակ տարիներ: Բացի այդ նաև ինքնուրույն դրանք արխիվացնել:

Թվարկվածների չգործելու դեպքում ջնջված կամ փոփոխված տեղեկության նախնական տարբերակը կարելի է փորձել ստանալ ընթերցողներից, համացանցից կամ վերահրապարակում արած այլ կայքերից:

Մեր օրերում ինչո՞վ է կարևոր մեդիագրագիտությունը և տեղեկատվական անվտանգության գործիքներին տիրապետելը:

Մեր ժամանակներում, երբ առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտները միաձուլվել են թվային աշխարհի հետ, իսկ ինֆորմացիոն պատերազմը իր կարևորությամբ չի զիջում իրական պատերազմին` թերևս դժվար է պատկերացնել ու գնահատել մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության էթիկային տիրապետելու կարևորությունը:

Ներկայում հասարակ քաղաքացիների և անգամ ամբողջ հասարակությունների ու պետությունների առօրյան և աշխարհաքաղաքական դիրքորոշումներն ձևավորվում են մեդիայի և շրջանառվող տեղեկությունների հիման վրա, որոնք ինչպես արդեն հասկացանք հաճախ են հեռու իրականությունից:

Բացի հասարակական անվտանգության տեսանկյունից, մեդիագրագիտությունը և տեղեկատվական անվտանգությանը տիրապետելը անփոխարինելի է նաև յուրաքանչյուր անձի համար, քանի որ հակառակ դեպքում ապատեղեկատվության զոհի կարգավիճակում մոլորեցվելուց բացի կարող ես նաև տուժել ինչպես ֆինանսապես, այնպես էլ սեփական առողջությամբ:


Սվետլանա Դավթյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ