Գեղանկարչություն

Գեղանկարչություն (երփնագիր), կերպարվեստի տեսակ։ Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է և առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք։

Արտահայտամիջոցներ

Գեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ՝ օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները։

Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական (կենդանիների պատկերումը) և այլ ժանրեր։ Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը (որմնանկարչություն, առաստաղապատկեր, պաննո), հաստոցային նկար, բեմանկարչությունը, մանրանկարչությունը, սրբանկարչությունը և այլն։ Գեղանկարչության տարբերակներից են տրամապատկերը և համայնապատկերը։

Ներկանյութը կապակցող նյութերի բնույթով, հարթության վրա նրա ամրանալու տեխնոլոգիայով տարբերվում են՝ յուղաներկ գեղանկարչություն, ջրում լուծվող ներկերով գեղանկարչություն՝ թաց (ֆրեսկո) և չոր (ասեկկո) հիմնածեփի վրա, տեմպերա, սոսնձաներկով գեղանկարչություն, մոմանկարչություն, արծն, սիլիկատային խեցեգործական ներկերով գեղանկարչություն և այլն։ Անմիջականորեն գեղանկարչությանն են հարում խճանկարը և վիտրաժը։ Գեղանկարչական գործեր ստեղծելիս կիրառվում են նաև ջրաներկը, գուաշը, պաստելը, տուշը։

                                                                                               Ադրիան վան Օստադե. Նկարչի արվեստանոցը. 1663

Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է։ Կազմակերպված և իմաստավորված գույնը՝ կոլորիտը, ոչ միայն տալիս է ռեալ իրականության գունապատկերը, այլև օժտված է զգայական ներգործության մեծ ուժով։ Յուրաքանչյուր պատկերում կոլորիտն ունի իր գունաշարը (գամմա)։ Գոյություն ունի նաև մեկ գույնի երանգներով գեղանկարչություն (միագույն գեղանկարչություն)։ Գունային կոմպոզիցիան ապահովում է ստեղծագործության գունային որոշակի ամբողջականությունը։

Գեղանկարչության մյուս արտահայտչամիջոցը՝ գծանկարը (գիծ և լուսաստվեր), ռիթմով և կոմպոզիցիայով գույնի հետ կազմակերպում են պատկերը։ Պայմանականորեն տարբերվում են գեղանկարչական պատկերման երկու տիպ՝ գծա-հարթապատկերային և ծավալա-տարածական, սակայն նրանց մեջ հստակ սահման գոյություն չունի։

Գծա-հարթապատկերային գեղանկարչությանը բնորոշ են լոկալ գույնի ընդգծված եզրագծերով հարթ գունահատվածները, հստակ և ռիթմիկ գծերը։ Տոնային գեղանկարչության հնարավորությունները հարուստ են, այն բարդ ու դինամիկ մշակման միջոցով ցուցադրում է գույնի նրբագույն փոփոխությունները, ինչպես նաև այդ գույնի տոնը՝ կախված լուսավորությունից, իրար հարևանող գույների փոխհարաբերությունից (ռեֆլեքսներ)։

 

Գեղանկարչության ստեղծագործությունը բաղկացած է հիմքից ( թուղթ, սկտավ, փայտ,ստվարաթուղթ, քար, ապակի, մետաղ և այլն), որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով։ Գեղանկարչության արտահայտչական հնարավորությունները, կատարման տեխնիկայի յուրահատկությունները նաև կախված են ներկերի հատկություններից, կապակցանյութի բնույթից, վրձիններից, լուծիչներից։ Անհրաժեշտ գույնը, նրբերանգը ստանալու համար ներկերը միմյանց խառնում կամ գունաթափանցում են (լեսել)։ Հաստոցային նկարի կամ որմնանկարի ստեղծման պրոցեսը բաղկացած է մի քանի փուլերից (գծանկար, նախաթույր, լեսում)։

Պատմություն

Գեղանկարչությունը առաջացել է դեռևս ուշ քարի դարում։ Պահպանվել են ժայռապատկերներ (Ֆոն-դե-Գոմ քարայրերը Ֆրանսիայում, Ալտամիրը՝ Հյուսիսային Իսպանիայում), որոնք կատարված են հողաներկերով։ Արևելքի հնագույն երկրներում (հատկապես Հին Եգիպտոսում) և Ամերիկայում գոյություն է ունեցել մոնումենտալ գեղանկարչություն։ Հին Հունաստանում ֆրեսկոների և խճանկարների կողքին տեղ է գտել նաև հաստոցային նկարչությունը (հաճախ տախտակի, մասամբ՝ կտավի վրա)՝ հիմնականում մոմանկարչության տեխնիկայով։ Անտիկ շրջանի հաստոցային նկարչության փայլուն օրինակներ են ֆայումյան դիմանկարները։

Միջին դարերի Արևմտյան Եվրոպայում, Բյուզանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում զարգացել է հիմնականում եկեղեցական, կանոնացված գեղանկարչություն (որմնանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն, խճանկար, վիտրաժ)։ Մ.թ. 1-ին հազարամյակում Առաջավոր և Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ցեյլոնում մեծ վերելք է ապրել մոնումենտալ գեղանկարչությունը, իսկ Միջագետքում, Իրանում, Հնդկաստանում, Միջին Ասիայում՝ դեկորատիվ հարթապատկերային մանրանկարչությունը։ Բանաստեղծականությամբ են շնչում մետաքսի և թղթի վրա կատարված Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի (տուշ, ջրաներկ, գուաշ) գեղանկարչության նմուշները։

Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել Վերածննդի դարաշրջանում։ Այդ արվեստի նախակարապետներից էր XIV դարի իտալացի նկարիչ Ջոտտո դի Բոնդոնեն։ Հեռանկարի, օպտիկայի և անատոմիայի գիտական ուսումնասիրումը, Յան վան Էյքի (Նիդերլանդներ) կատարելագործած յուղաներկի տեխնիկայի կիրառումը գեղանկարչության առաջընթացի մեծ հնարավորություններ են ընձեռել (լուսաստվերային կերպավորման օգնությամբ ծավալային ձևերի համոզիչ վերարտադրություն, աշխարհի գունային հարստության յուրացում)։ Վերածննդի խոշորագույն գեղանկարիչներից են Մազաչչոն, Պիեռա Դելլա Ֆրանչեսկան, Ա. Մանտենիան, Բոտտիչելլին, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Ջորշոնեն, Տիցիանը, Պաոլո Վերոնեզեն, Յակոպո Տինտորետտոն Իտալիայում, Յան վան Էյքը, Պիտեր Բրեյգելը Նիդերլանդներում, Ալբրեխտ Դյուրերը, Հանս Հոլբայն Կրտսերը, Մ․ Նիթհարդը (Գրյունեվալդ) Գերմանիայում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ