
Գիտնականներն ահազանգում են՝ Համաշխարհային օվկիանոսը տաքացել է ռեկորդային աստիճանի
Գիտնականների միջազգային խումբն ահազանգում է՝ դիտարկումների ամբողջ պատմության մեջ Համաշխարհային օվկիանոսը տաքացել է ռեկորդային աստիճանի: Դա սպառնում է ոչ միայն ձկներին, այլև կարող է արտակարգ եղանակային երևույթների պատճառ դառնալ՝ մոլորակի համար աղետալի հետևանքներով, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է՝ կլիմայի փոփոխությունն արագանում է, զգուշացնում է աշխարհի տարբեր երկրների 11 ինստիտուտի 14 գիտնական: Ըստ Advances in Atmospheric Sciences-ում հրապարակված հետազոտման՝ օվկիանոսի միջին տաքությունը 0.075 Ցելսիուսի աստիճանով բարձր է 1981-2010թթ. միջին չափանիշներից:
Չնայած տաքացումն աննշան է թվում, դա ջերմության հսկայական քանակ է, որը տարածված է ամբողջ օվկիանոսով: Ըստ գնահատականների՝ Համաշխարհային օվկիանոսը վերջին 25 տարում այնքան էներգիա է կլանել, որը մոտավորապես հավասար է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի 3.6 մլրդ պայթյունի:
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտից Չեն Լիցինի աշխատության համաձայն՝ գիտնականները կիրառել են մինչև 2000 մ խորությամբ ջրի տաքացման մասին տվյալների ամփոփման նոր մեթոդներ: Պարզվել է, որ 2019-ին ջրի ջերմաստիճանն ամենաբարձն էր երբևէ գրանցված ցուցանիշներից:
1970-ից ի վեր մարդու գործունեության հետևանքով ավելցուկ ջերմության ավելի քան 90%-ը հայտնվել է օվկիանոսներում և միայն 4%-ը՝ ցամաքում և մթնոլորտում:
Աղբյուր՝ panarmenian.net