
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թ. Երևանում: Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933թ. բացվեց ազգային ակադեմիական թատրոնը: 1939թ. թատրոնը կոչվեց Սպենդիարյանի անվամբ:
Թատրոնը նախապես գործել է Երևանի բանվորական դրամատիկական թատրոնի շենքում: Իսկ 1940 թ-ից՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում: 1953թ. հիմնադրվել է Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճը, որը 1972թ.-ից կոչվել է Արամ Խաչատրյանի անվամբ: Շենքը վերանորոգվել է 1978–80, 1981–83 և 2002–03 թթ-ին. փոխվել են դահլիճների, նախասրահների, ճեմասրահների հարդարման շինանյութերը (մարմար, գրանիտ և այլն), շենքը երեսպատվել է գրանիտով: Ընդարձակվել են օպերային թատրոնի դահլիճը (1260 տեղ) և ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահը (1300 տեղ):
1992թ. բացվել է Միքայել Թավրիզյանի անվան «Հայելապատ սրահը», որտեղ ներկայացվում են օպերային բեմադրություններ, կազմակերպվում համերգներ:
Թատրոնն իր նախնական կազմով (օպերային` 20 և բալետի 20 արտիստներ, նվագախումբ՝ 40, երգչախումբ՝ 30 հոգի) առաջին թատերաշրջանում բեմադրել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերաները:


1980-ական թվականներից թատրոնի խաղացանկը հարստացել է նոր բեմադրություններով՝ Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ», Իգոր Ստրավինսկու «Օրփեոս», Ա. Խաչատրյանի «Սպարտակ», Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետները, Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս», Ջ. Վերդիի «Օթելլո», «Տրավիատա», Վինչենցո Բելլինիի «Նորմա», Անտոնիո Վիվալդիի «Տիգրան», Վոլֆգանգ Մոցարտի «Առևանգում հարեմից» (վերջին երկուսը՝ համերգային կատարումներ) օպերաները և այլն:
Օպերայի և բալետի թատրոնը հյուրախաղերով շրջագայել է ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, նաև Իսպանիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, բալետի մի խումբ արտիստներ՝ Արգենտինայում, Մեքսիկայում, Սիրիայում, Ֆրանսիայում և այլուր: