Օհանավան գյուղը գտվում է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Քասաղ գետի բարձրադիր ափին, հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից՝ 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից՝ 1330 մ։


Պատմություն

Օհանավանի  պատմությունը  հավանաբար  սկսվում  է  մեզանից  մոտ  2  դար  առաջ, երբ ներկայիս  Օհանավանի  տարածքը  հայտնվեց  Ցարական  ռուսաստանի  տիրակետության  տակ:

Օհանավանը նախկինում ունեցել է Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք անվանումները:

Այս  բոլոր  անվանումները  կապված  են  գյուղում  գտնվող  Հովհաննավանք  վանքի  անվան  հետ,  որը, ըստ  ավանդության,  հիմնադրել  է  Գրիգոր  Լուսավորիչը:


Օհանավան  գյուղի  բնակչությունը  ըստ  տարիների  եղել  է հետևյալը.

  1. 1831 թվական – 229 հոգի   
  2. 1898 թվական – 601 հոգի 
  3. 1927 թվական – 1018 հոգի
  4. 1959 թվական – 1160 հոգի
  5. 1970 թվական – 1373 հոգի
  6. 1979 թվական – 1525  հոգի 
  7. 1989  թվական – 1887 հոգի
  8. 2001 թվական – 1989 հոգի
  9. 2004 թվական – 2314հոգի
  10. 2019 թվական – 2565 հոգի

 

 

Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 50%, կանայք` 50%

Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 27%, աշխատունակները` 65%, հետաշխատունակները` 8%:

Բնակչությունը գրեթե  միատար է.   բնակչության  մեծ  մասը  հայեր  են:


Կլիմա

Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են:

 

 

 

 


Գյուղատնտեսություն

Գյուղի  բնակչությունը  ներկայումս  հասնում  է 2565-ի,  առկա  է  շուրջ  690  տնտեսություն:

Գյուղում,  շնորհիվ  կլիմայի  բարենպաստ  լինելուն,  լավ  է  զարգացած  գյուղատնտեսությունը:  Գյուղում  անասնապահությունը  հետընթաց  է  ապրում, սրան  հակառակ  մեծանում  է  բուսաբուծությամբ  զբաղվողների  թիվը:

Բուսաբուծության  մեջ  առավել  մեծ  տեղ  է  գրավում  պտղաբուծությունը:  Գյուղը  հայտնի  է իր  մի  շարք  համեղ  մրգերով`  գիլաս,  խնձոր,  ծիրան  և  այլն:

Գյուղը  ունի  կանոնավոր  ջրոռոգման  համակարգ,  որի  շնորհիվ  էլ  գյուղացու  համառ  աշխատանքը  արդյուքն  է  բերում:  Սակայն  կա  խնդիր.  Գյուղացին  չի  կարողանում  իրացնել  բերքը: Այդ  պատճառով  հաճախ  գյուղացու  ներդրած   ֆինասները  և  ջանքերը   օգուտ  չեն  բերում:


Հասարակական  կառույցներ

Գյուղն  ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:


Պատմամշակութային կառույցներ  և  զբոսաշրջություն

Գյուղի արևելյան մասում է գտնվում Հովհաննավանքի վանական համալիրը (4-13-րդ դդ.),  որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: «Սերկևիլի Կալեր» բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.), «Վասակամուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), Կաթողիկե (սբ. Կարապետ) (1216 թ.) և 4-րդ դարի Սուրբ Կարապետ եկեղեցիները։ Օհանավանից 1 կմ հյուսիս գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անապատը (Անապատ հրեշտակաբնակ) (10-13-րդ դդ.) և «Աղկունծ» (13-րդ դ.) եկեղեցին, 10-14-րդ դարերի «Այծանոց» քարայր-կացարանը, իսկ 2 կմ հյուսիս՝ Սերկևլի գյուղատեղին (10-15-րդ դդ.), 11-13-րդ դարերի ամրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (10-13-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (Կարմիր վանքեր) (10-13-րդ դդ.) եկեղեցիները և մ.թ.ա. 1-ին հազարամյակի «Ապարանի առու» ջրանցքը։

 

Գյուղի տարածքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ, մատուռ, որին բնակիչները անվանում են Մարտիրոսի մատուռ:


Հովհաննավանք

Վանական համալիրը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Վանքն իր անվանումը ստացել է իր առաջնորդի` Հովհաննեսի անունից, իսկ ժողովուրդը այն կոչել է Հաննավանք: Համալիրի կազմում ընդգրկված են IV դ.հիմնված  Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, 1216-1221 թթ.հիմնված  Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, XIII դ. գավիթը, տապանատունը, հուշասյուն կոթողը, թևավոր խաչքար և որմնափակ խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:

Գմբեթը և հարավային պատը քանդվել են 1918 թ. երկրաժարժից, վերականգնվել` 1990-ական թթ.: Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջել Քասաղ գետի ձորը:

Վանքը շրջապատված է եղել բուրգերով ուժեղացված պարսպով, որը XII դ. վերջին կառուցել էր Նանա թագուհին:

Հովհաննավանքը նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից է: XVI դ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրվել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Այս գրչօջախից մեզ հասած շուրջ 20 ձեռագրեր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Այս եկեղեցին պահպանվել էր կիսավեր վիճակում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։ 6-րդ դարից արդեն Հովհաննավանք հիշատակվում է իբրև դպրատունը և այլ շինություններ։ Շուրջը կան գերեզմաններ։ Հովհաննավանք տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք, ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարգավագ Քանաքեռցին, որը և գրել Է Հովհաննավանքի պատմությունը։ Հովհաննավանքը գործունեությունը դադարել է 19-րդ դարի սկզբներից:


Նյութը պատրաստեց Արտյոմ Օհանյանը։

Տեղեկություններ տրամադրեց “Գյուղից Գյուղ” նախաձեռնության կամավոր Արմեն Թադևոսյանը։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ