Նունե Ավետիսյան – «Կտակ»

Կտակում եմ քեզ աստղերի շղթան,

Երկինքը մաքուր, անձրևը վարար,

Ամպրոպի բույրով բարուրապատված

Ծաղկած խնձորի ծառը կարկտահար…

Ձնծաղիկների ոգին կապտաթույր,

Ճերմակի վրա ու վարդագույնի…

Ծովեր, որ չկան և օվկիանոսներ մարդկային հոգու,

Որ կան ու չկան ու չեն լինելու,

Քանզի իրերի, ժամանակների հոլովույթներում,

Ինչ որ բան այնպես չի ծավալվելու…

 

Նվիրում եմ քեզ ուրցի բուրմունքով խանձված քարափներ,

Մանկության ոսկե հանդերի վրա արտույտների երգ,

Մեղվաբզզյունի համանվագով ամառվա տապում

Ցորենի խաղաղ ծովերով վազող մեղմիկ ալիքներ…

Կտակում եմ քեզ հորս մանկության արահետները՝

Ձիավոր քարեր, այնՏԵՂ, ուր հավերժ Լռության տախտը տխուր հովերի կացարան չէ, այլ

Մանուկ խաղերի, մանուկ աղմուկի դաշտ ոտքակոխան…

 

Թողնում եմ նաև հավատարմության, Ահռելի սիրո անլեզու լեզուն,

Որ մայր բնության զավակ շնիկը

Կարող է թողնել որպես օրինակ

Մարդակերպերի հիշողության մեջ՝

«Անձ-նը-վիրություն» անծանոթ բառի մեկնման համար…

 

Նվիրում եմ քեզ իրիկունն ամռան՝

Տաք ու սիրելի,

Գետակի ափին

Վարարակն անվամբ,

Ու վաղորդայնի սրսը-փուն արփին

Թարմության լիցքով՝ գյուղի կտուրին,

Աշունը…ոսկի տերևների հևք, կապույտի ծոցում,

Փաղաքուշ տաքի ու ակնկալվող պաղերի ծոցից

Ձմեռվա Ճերմակ անհունության մեջ փայլատակող աստղեր…

 

Փոխանցում եմ քեզ դարերի փոշին

Լույսով շաղախած մարդկային մտքի գանձերն անբավ,

Խորհուրդը խոսքի, քարի ու գույնի, նաև մեղեդու,

Եվ մարդկայնության հատիկը անգին,

Որ հավերժության հենքն է դառնում ու

Պահ է տրվում գալիք օրերի, դարերի վազքին:

Ուզում եմ լսես

Բարի Լոռեցու

Ուրախ անցնելու խորհուրդը խորին,

Զանգերի ղողանջ հեմինգուեյյան,

Ու ժամանակի շավղից դուրս գայթած

«Փոքրիկ» իշխանի դեպի քեզ ուղղված

Մեծ սերն ըզգաս,

Եվ Առյուծ կոմսի շաղախը մաքուր,

Եվ ֆորսայթների խաղաղությունը՝ գնալուց առաջ…

Կուզեի նաև, որ հավատայիր և այն պատումին՝

Ալ առագաստով ճերմակ նավակի գալստյան մասին,

Որ գուցե թե կա քեզ համար պահված.

Ու այդ պատճառով թողնում եմ սերը՝

Խանդոտ ու ջերմիկ,

Օտար-հարազատ աչքերի խորքից

Դեպի քեզ ձգվող

Հույս, հավատ ու սեր…

Հույս, հավատ ու սեր…

 

Այս ամենի հետ իմ սիրտն եմ թողնում որպես թույլ վահան՝

Ընդդեմ վախերի, ընդդեմ ցավերի ու կորուստների,

Ընդդեմ աղտոտված երկիր-երկնքի, ու

Աղտեղոտված մարդկային մտքի,

Մարդկային հոգու, մարդկային սրտի…

 

Կտակում եմ քեզ օտար հողմերից,

Օտար վախերից, հոգնություն բերող ծանր հոգսերից

Մի ապաստարան, փոքրիկ մի անկյուն ու մի կացարան,

Որ հայրենի տուն անունը ունի…

Ուզում եմ տեսնես, որ մարդը միշտ էլ

Մարդ է երազել,

Սեր ու կարեկցանք,

Ուզում եմ մաղթել պարզ ու հասարակ մի երջանկություն.

Օջախ՝ տաքությամբ, տանիք առանց անցք,

Սեր, երեխաներ, սիրած աշխատանք,

Ապրելու բերկրանք…

 

Ու հավաքվելով, հետս տանելով բազում

Անկատար, բազում սին հույսեր,

Թողնում եմ կրկին, թողնում եմ նորից,

Թողնում եմ դարձյալ

Հույս, հավատ ու սեր…

Հույս, հավատ ու սեր…

Հույս, հավատ ու սեր…

Հույս, հավատ ու սեր…

Հույս, հավատ ու սեր…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ