

նկարիչ՝ Ֆրեդերիկ Էդվին Չըրչ
Բևեռափայլ, երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի՝ (80-1000 կմ) լուսարձակումը։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում:
Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։
Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր:
Բևեռափայլերն ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը։ Հենց արևաբծերի տիրույթներից են տիեզերական տարածություն արտանետվում այն մասնիկների առանձնապես հզոր հոսքերը, որոնք երկրի վրա բևեռափայլեր են առաջացնում։ Բևեռափայլերը հաճախ ուղեկցվում են երկրի մագնիսական դաշտի խանգարումներով՝ մագնիսական փոթորիկներով։ Այդ դեպքում խախտվում է հեռահար ռադիոկապը։