Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում իր գործունեությունն է սկսել ԵրազԷ հակասրճարանը։ ԵրազԷ-ն դարձել է տեղի երիտասարդության ամենասիրված վայրերից մեկը, և իր շուրջն է հավաքել ակտիվ երիտասարդությանը։ Օվսաննան Երազէ թիմի անդամ է և կիսվել է հետաքրքիր փաստերով։

ԵրազԷ… Գեղեցիկ անվանում է։ Ինչու՞ ԵրազԷ։

Հակասրճարանը հիմնադրվել է Նոր Երզնկա գյուղում, ու ինչպես գիտենք Երզնկա ունեցել ենք նաև Արևմտյան Հայաստանում, իսկ անվանումը մինչ Երզնկա լինելը եղել է Երիզա ։ Էստեղից էլ փոփոխություն կատարելով Երիզա-Երազե՝ ընտրել ենք անվանումը՝ ԵրազԷ։ 

 

Երազել սիրու՞մ եք…

Եթե ԵրազԷ թիմի անդամ եմ ու նախաձեռնող խմբում՝ չերազել չեմ կարող։ (Ժպտում է)

 

Իսկ ԵրազԷ-ն օգնու՞մ է երազել։

Երբ ԵրազԷ-ում եմ՝ այո։

 

Խոսենք հակասրճարանի մասին, մի փոքր պատմեք նախագծերից։

ԵրազԷ-ն ստեղծվել է առաջինը երեխաներին մոտիվացնելու համար։ Գյուղի երեխաների համար ունենք առանձին անվճար խմբակներ, օրինակ ունենք ինտելեկտուալ խաղերի խմբակներ։ Ամեն երկուշաբթի խաղերի խմբակի օրն է։ Երեխաները հավաքվում են ԵրազԷ-ում և անվճար խաղում իրենց նախընտրած ինտելեկտուալ խաղը։ Ունենք նաև բիզնես մտածողության զարգացման խմբակ և փորձում ենք զարգացնել երեխաների տրամաբանությունը։ Ունենք գրքերի քննարկման խմբակ՝ ամեն շաբաթ երեխաներին հանձնարաում ենք ինչ որ գիրք, իսկ մյուս շաբաթ արդեն գրքի քննարկումն է լինում։ Ունենք խոսակցական անգլերենի խմբակ, որը ես եմ վարում։ Այս ամբողջը կատարում ենք անվճար և փորձում ենք երեխաներին մոտիվացնել։ Բացի այս ամբողջը նաև արշավներ ենք կազմակերպում, հետաքրքիր սեմինարներ, որոնք մոտիվացնում և ինֆորմացնում են երեխաներին։

Ովքե՞ր կարող են դառնալ ԵրազԷ թիմի անդամ։

ԵրազԷ գալ կարող են շատերը, բայց թիմի անդամ (մտածում է) , նախ պետք է կամավոր դառնալ ու լինել սրտացավ, ԵրազԷ-ն ավելի լավը դարձնելու ձգտում ունենալ։ Կարծում եմ այսքանը բավական է թիմի անդամ դառնալու համար, իսկ առանձին չափանիշներ չկան։

 

Օվսաննա, ինչպե՞ս դարձաք ԵրազԷ թիմի անդամ։

Ուղղակի պատահականության սկզբունքով (ծիծաղում է)։ Գյուղում կար Երզնկայի երիտասարդական ակումբ։ Գիտեինք, որ այդպիսի ակումբ կա մեր գյուղում։ Ֆեյսբուքում տեսել էինք էջը, միայն գիտեինք, որ գյուղում ինչ-որ լավ բան են անում, բայց ինչ՝ չգիտեինք։ Ու չէինք էլ պատկերացնում, որ մեր գյուղում հիմնադրվելու է հակասրճարան։ Պատերազմի օրերին ինչպես բոլորը, մենք էլ որոշեցինք, որ գյուղում պետք է համախմբվենք ու օգնություն հավաքենք սահման ուղարկելու համար։ Այդ ժամանակ դիմեցինք մեր ընկերներից մեկին՝ Արմենին, ով նաև Երիտասարդական միության անդամ էր ու իրենց մի քանի անդամների հետ սկսեցինք։ Սահմանից մեզ նաև ոգեշնչում էր Երզնկայի երիտասարդական միության հիմնադիր, ԵրազԷ հակասրճարանի հիմնադիր-տնօրեն Արմանը։ 

Երբ ամեն ինչ հանդարտվեց, մեզ ասացին, որ ԵրազԷ-ն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է պատին նկարել ու պետք են մարդիկ ովքեր կօգնեն։ Քանի որ գիտեինք ինչ է կատարվում սահմանին ուզում էինք ամենքս լավ գործ անել մեր հայրենիքի համար, այդպես որոշեցինք մասնակցել։ ԵրազԷ-ի բացման օրը մեզ ևս հրավիրեցին և այսպես դարձանք թիմի անդամ։

Ինչ որ բան կավելացնե՞ք։

Կավելացնեմ այն, որ շատ կուզեի, որ ԵրազԷ-ի օրինակով մարզերում բացվեն հակասրճարաններ, որովհետև այսօր ողջ կենտրոնացումը Երևանում է ու շատերը թողնում են իրենց գյուղը, ծննդավայրը ու գնում Երևան՝ չփորձելով զարգացնել հենց իրենցը։ Խորհուրդ կտամ բոլորին պարզապես սիրել այն ինչ իրենցն է, եթե սիրեն նաև կպայքարեն դրա համար ու ամեն կերպ կփորձեն զարգացնել։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ